«Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքից առավելագույնս կօգտվեն «անտեր մեռելները»:
Սա 3-րդ գյուղի պարապ հողերից է: Ամենայն հավանականությամբ, այստեղ կկառուցվի Հայաստանի առաջին դիահերձարանը:
Դիահերձարանի կառուցումն առաջին հերթին հարվածելու է դագաղագործների բիզնեսին: Չնայած օրենքով ապրիլից արգելվում է դագաղների, սգո ծաղկեպսակների եւ սգո այլ պարագաների բացեիբաց վաճառքը, բայց մինչ օրս այդ արգելքը չի գործում:
Սա համալիրի հարեւանությամբ գործող ծաղկի խանութներից մեկն է: Սգո ծաղկեպսակները ցուցադրելով՝ խանութը խախտում է օրենքը, քանի որ այն պահանջում է, որ պատուհանները լինեն վարագուրապատված՝ սգո պարագաները փողոցից չերեւալու համար:
Այսուհետեւ մարդիկ նման շքեղ գերեզմաններ չեն կարող կառուցել, որովհետեւ կառավարության հատկացրած հողատարածքը հազիվ կբավականացնի դին ամփոփելու համար, իսկ եղեւնիների կամ «բեսեդկաների» տեղ չի մնա:
Կառավարությունն օրերս կայացած նիստում հաստատեց թաղման եւ դիակիզման, գերեզմանատեղերի հաշվառման, շահագործման կարգը, գերեզմանի վկայականի ձեւը եւ ընդհանրապես թաղման հետ կապված մի շարք կարեւոր հարցեր:
Մայր աթոռը դիակիզարանների կառուցման մասին իր դժգոհությունը հայտնել էր դեռեւս այս տարվա ապրիլին, երբ ուժի մեջ մտավ պատգամավոր Վլադիմիր Բադալյանի հեղինակած «Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը: Բայց հոգեւորականները հույս ունեին, որ, այնուամենայնիվ, գործադիրը հաշվի կառնի թաղմանը սովոր հայերի հարյուրամյակների ավանդույթները եւ դիակիզարանն այդպես էլ չի կառուցվի: Մինչդեռ մի քանի օր առաջ գործադիրը ոչ միայն հաստատեց դիակիզման կարգը, այլեւ որոշեց առաջին դիակիզարանի տեղը, որը լինելու է Աջափնյակ համայնքում: Սա հարուցել է Հայ առաքելական եկեղեցու լուրջ դժգոհությունը: Մեզ հետ զրույցում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը փոխանցեց, որ եկեղեցին մնում է իր դիրքորոշմանը եւ շարունակում է պնդել, որ դիակիզարանի կառուցումն անհարիր է քրիստոնյա ժողովրդին. «Դա պարզապես ոտնահարում է քրիստոնեությունը, եկեղեցու զավակները պետք է հարգեն մեր դարավոր ավանդույթները եւ դիակիզարան կառուցելու մասին որոշմանը չաջակցեն»: Այսինքն, նրանք, ովքեր այնուամենայնիվ կաջակցեն դիակիզարանի ստեղծմանը, ոչ միայն եկեղեցու զավակ չեն համարվի, այլեւ կհայտնվեն հոգեւորականների հարվածի կենտրոնում: Դա առաջին հերթին կլինի քաղաքաշինության նախարարությունը, որին կառավարությունը կարգել է՝ որպես մեր երկրում գերեզմանների ու դիակիզարանների հարցերով զբաղվող մարմին:
«Առավոտի» հետ զրույցում քաղաքաշինության փոխնախարար Կարլեն Գեւորգյանը թաղման կողմնակիցներին մխիթարեց՝ ասելով, որ դիակիզումն ըստ ցանկության է եւ ոչ ոք չի պարտադրում մարդկանց՝ թաղվելու փոխարեն դիակիզվել. «Մեր երկրում դիակիզարանի խիստ անհրաժեշտություն կա՝ սանիտարահիգիենիկ եւ էկոլոգիական խնդիրների առումով: Ես ինքս էլ դեմ եմ դիակիզարաններին, բայց դա պարտադիր չէ, ես էլ չէի ուզենա դիակիզվել, մենք պետք է գիտակցենք, որ քաղաքի մաքրության համար դիակիզարանի առկայությունն անհրաժեշտ է»:
2007-ի պետբյուջեով առաջին դիակիզարանի կառուցման համար որոշակի գումար է նախատեսվելու: Փոխնախարարի խոսքերով՝ դիակիզարանի կառուցումը թեեւ բավականին թանկ հաճույք է, բայց նպատակն արժե այդ գումարը: Տարբեր հաշվարկներով՝ այն բյուջեից կխլի մոտ 300 մլն դրամ, որը մեր երկրի աղքատ միջոցների համեմատ, ինչ խոսք, ծանրակշիռ գումար է:
Երբ Աջափնյակի թաղապետարանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է կառավարությունը հենց իրենց համայնքն ընտրել՝ դիակիզարան կառուցելու համար եւ կոնկրետ որտե՞ղ է նախատեսվում այն կառուցել՝ փոխթաղապետ Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. «Մեզ ոչ ոք չի հարցրել ու մեր համաձայնությունը չի ստացել՝ կոնկրետ տարածքում դիակիզարան կառուցելու համար, բայց, ամենայն հավանականությամբ, այն կլինի 3-րդ գյուղի տարածքում: Այնտեղ գերեզմանոցների կողքին ազատ տարածություններ կան, համ էլ գերեզմանն էլ մոտ կլինի դիակիզարանին: Մեր համայնքում դրանից բացի էլ չեմ պատկերացնում մի տեղ՝ դիակիզարանին ավելի հարմար»: Կարլեն Գեւորգյանի ներկայացմամբ՝ «Աջափնյակի համայնքի ղեկավարին ոչ ոք չի էլ հարցնում, որ նա իր համաձայնությունը տա կամ ոչ, Երեւան քաղաքի տարածքները տնօրինում է Երեւանի քաղաքապետը, որի որոշմամբ էլ Աջափնյակում տեղ է հատկացվելու»:
Ըստ փոխնախարարի, առաջին դիակիզարանը կունենանք ոչ շուտ, քան 2008-ին. «Հապճեպության խնդիր չկա, միայն շենքը կառուցելով՝ դիակիզարան չի դառնա, դեռ առողջապահության, բնապահպանության նախարարությունները պետք է իրենց եզրակացությունը տան, փորձաքննություն անցկացնեն, իսկ դա շատ բարդ ու ժամանակատար գործ է»: Այնպես որ, առաջիկա մի քանի տարիներին էլ, ուզենք թե չուզենք, մահացածներին պետք է հանձնենք հողին:
«Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը, բացի դիակիզման հարցերից, մանրամասն սահմանում է նաեւ թաղվել ցանկացողների իրավունքներն ու գերեզմանատեղերի հատկացումը: Ըստ այդմ, կդիակիզվեն միայն նրանք, ովքեր կամ անձամբ այդ մասին գրավոր համաձայնություն թողած կլինեն մահանալուց առաջ, կամ նրանց հարազատները գրավոր համաձայնություն կտան: Յուրաքանչյուր դիակի համար օրենքով նախատեսվում է տրամադրել 2.5 քմ մակերեսով գերեզմանատեղ: Իսկ յուրաքանչյուր 4 հոգանոց ընտանիքի համար կառավարությունն անվճար կտրամադրի 12 քմ տարածքով ընտանեկան գերեզմանատուն: Նկատենք, որ գերեզմանների հատկացման նման կարգը բիզնեսի նոր տարբերակ է ստեղծում: Հաշվի առնելով, որ օրենքը չի կարգավորում գերեզմանների վաճառքի հետ կապված խնդիրները եւ չի արգելում այդ առեւտուրը, հնարավոր է մարդիկ իրար հետ գերեզմանների լայն առուծախ սկսեն ու բանավոր միմյանց հետ համաձայնության գալով՝ նոր ստվերային շուկա ստեղծեն:
Եթե նույնիսկ իրարից գերեզմանատարածք գնելու հնարավորություն չլինի, բայց մահացածները չափսերով մեծ լինեն եւ չտեղավորվեն նախատեսված գերեզմանատանը, գերեզմանի տարածքի խնայողության ձեւեր էլ կան: Խոսքը, օրինակ, վրահուղարկավորության մասին է, երբ մեկի դիակի վրա հարազատների գրավոր կամքով նոր դիակ են դնում՝ ավելորդ տարածք չխլելու համար: Միայն այս դեպքում օրենքը պարտադրում է, որ առաջին թաղվածը պետք է 15 տարվա վաղեմություն ունենա, որ նրա վրա թույլատրվի դնել այլ դիակ՝ նույն փոսում:
Գերեզմանատների համար տրամադրված հողատարածքների օգտագործման միայն երկու սահմանափակում կա՝ կառուցապատողները չեն կարող գերեզմանների համար պետության հատկացրած տարածքում որեւէ օբյեկտ կառուցել եւ չի կարելի այդ հողատարածքներում գյուղատնտեսական գործունեություն ծավալել, այսինքն՝ կարտոֆիլ, կաղամբ աճեցնել:
Ի դեպ, օրենքը սահմանում է, որ «անտեր մեռելների» դագաղի, դիահերձման եւ հուղարկավորության մյուս ծախսերը պետք է հոգա մահացածի վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը: Եթե նույնիսկ դիակը հարազատներ ունենա, բայց նրանք հրաժարվեն մահացածի թաղման համար ծախս անել, նախատեսվում է, որ բոլոր ծախսերը պետք է իր վրա վերցնի համայնքապետը: Այս դեպքում գերեզմանը կարող է ունենալ շատ համեստ ձեւավորում՝ առանց ճոխությունների, իսկ քարի փոխարեն նախատեսվում է տեղադրել միայն մետաղե ցուցատախտակ: Բայց համայնքապետը չի կարող թաղումը «գլխառադ» անել ու սգո արարողությունից որեւէ դետալ պակաս թողնել: Ճիշտ է, օրենքը չի պարտադրում, որ համայնքապետը ճոխ հոգեհաց տա, բայց մանրամասն սահմանում է, որ անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպումից բացի, պետք է դագաղ գնի, դիահերձել տա եւ ինչպես հարկն է հուղարկավորությունը կազմակերպի:
Օրենքի այս դրույթը հնարավոր է լուրջ խնդիրներ ստեղծի համայնքի բյուջեի համար, որովհետեւ չի բացառվում, որ համայնքի շատ բնակիչներ ձեւականորեն կհրաժարվեն իրենց հարազատի թաղումից՝ ծախսերը թողնելով համայնքապետի վրա:
Սոցիալապես անապահովների թաղման ծախսերը պետք է հոգա արդեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Հաշվի առնելով մեր երկրում անապահովների թիվը՝ նախարարության ողջ բյուջեն կարող է ծախսվել միայն քաղաքացիների թաղման արարողությունը կազմակերպելու վրա: