Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռապատումը»՝ 88 տարի անց

Դեկտեմբեր 04,2006 00:00

\"\"ԱՊՀ երկրներից առաջինը Հայաստանն է, որտեղ բեմադրվեց Պուչինիի այս օպերան

Այն իրականացրել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան՝ հայ-իտալական միջպետական համաձայնագրերի շրջանակում: Պրեմիերան կկայանա դեկտեմբերի 16-ին:

«Եռապատումը» բաղկացած է երեք՝ մեկ գործողությամբ օպերաներից, որոնցից երկուսը՝ «Քույր Անժելիկան» եւ «Ջանի Սկիկին», ժամանակին բեմադրվել է օպերային ստուդիայում: Արդեն ավարտվել են երրորդի՝ «Թիկնոցի» բեմադրական աշխատանքները: Նշենք, որ ժամանակին «Եռապատում» խորագրով օպերաների պրեմիերան կայացել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում (1918թ. դեկտեմբերի 14-ին):

«Առավոտը» հանդիպեց Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Միրզոյանին եւ գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանին: Նրանք տեղեկացրին, որ «Եռապատումը» Հայաստանում ներկայացնելու գաղափարը միաժամանակ ծնվել է ե՛ւ իրենց մեջ, ե՛ւ Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեի: «Ընդգրկված են օպերային ստուդիայի նվագախումբը, երգչախումբը եւ միանգամից 37 մեներգիչ: Իհարկե, դժվար է, նրանցից ոմանք երկու դերերգով են հանդես գալու: Կարծում եմ՝ պատկերացնում եք բարդության աստիճանը: Մեկ երեկոյի ընթացքում մեներգիչը, օրինակ՝ կոմիկական դերերգից հետո պետք է կերպարանափոխվի ու ներկայացնի տրագիկ կերպար եւ այլն»,- նշեց Հ. Հովհաննիսյանը: Մեր զրուցակիցները նշեցին, որ բեմադրությանն աջակցել է անձամբ պարոն Կլեմենտեն եւ նրա միջնորդությամբ՝ Իտալիայի կառավարությունը:

Մեզ հասած տեղեկությունն այն մասին, որ ներկայացման պրեմիերայի առիթով Երեւանի կոնսերվատորիան արդեն շնորհակալական հեռագիր է ստացել Պուչինիի թոռնուհուց՝ Սիմոնետա Պուչինիից, պարոն Միրզոյանը հաստատեց, ավելացնելով, որ նամակում տիկին Պուչինին հայտնել է իր ուրախությունը պապի՝ Պուչինիի երաժշտության հանդեպ հայերի ունեցած սիրո համար:

Ըստ մեր տեղեկությունների, եվրոպական հայտնի մենեջերական մի կենտրոն իր աշխատանքային պլաններում նախատեսել է նաեւ Օպերային ստուդիայի ներկայացումների իրականացումն արտերկրում: Այս առիթով էլ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այդ կազմակերպությունը ֆրանս-շվեյցարական SARA մենեջերական կենտրոնն է. «Նրանք ստուդիայի աշխատանքներին (Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ», «Ամուսնական մուրհակ», Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի», Հայդնի «Դեղագործը», Չիմառոզոյի «Դիրիժորը», Մասկանիի «Գեղջկական պատիվ») ծանոթացել են մեր ինտերնետային կայքի միջոցով՝ www.conservatory.am/operastudio եւ, այո, 2007-08թթ. նախատեսվում է Օպերային ստուդիայի հյուրախաղերը Եվրոպայում»:

Օպերային ստուդիայի ղեկավարների հետ զրույցի ընթացքում մեզ միացավ ճանաչված կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը: Մեր խնդրանքին՝ իր կարծիքն ասել ստուդիայի հասցեին, կոմպոզիտորը արտահայտվեց հակիրճ. «Կեցցե հայկական վոկալ դպրոցը, այսքանը բավակա՞ն է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել