Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՃՅՈՒՆԸ՝ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏՈՒՄ

Դեկտեմբեր 04,2006 00:00

\"\"Կոզեռն թաղամասի հնամյա մատուռը, որն ամփոփում է Հովհաննես Կոզեռնի եւ այլ հոգեւորականների աճյունները, հնարավոր է փոխարինվի էլիտար շենքով:

Ներկայիս Կոզեռն թաղամասում՝ իրացման գոտում, գտնվում է 11-րդ դարի մի մատուռ, որի ներսում ամփոփված է Հովհաննես Կոզեռն վարդապետի աճյունը: Հովհաննես Կոզոռնի գերեզմանի վրա կառուցված մատուռը կիսախարխուլ վիճակում պահպանվել է մինչեւ 20-րդ դարի սկիզբը: Ժամանակին, երբ եղեռնից մազապուրծ հայերը հաստատվել են Կոզեռն կոչված բլրում, իրենց բնակարանները կառուցել են տեղի հինավուրց գերեզմանների վրա: Հովհաննես Կոզեռն վարդապետի աճյունն ամփոփող մատուռի հաշվին իր բնակարաններն էր կառուցել Հայրենական պատերազմի՝ այսօր արդեն 86- ամյա վետերան Ազիզ Մկրտչյանը, իսկ մատուռի բակում՝ Ջանազյանները: Վերջիններս իրենց տան հյուրասենյակում դեռ պահում են Հովհաննես Կոզեռն վարդապետի տապանաքարը: «Այն սուրբ մասունք է, որ հիմա լուրջ վտանգի մեջ է: Գոնե մատուռը մեր բնակարանների օտարման դեպքում վերանորոգեն, այլ ոչ թե տեղը «էլիտար շենք» կառուցեն»,- մտահոգված է Դուստրիկ Ջանազյանը: Պատմական Սասունից եկած Ազիզ Մկրտչյանն էլ պատմում է, որ իրենք մատուռը գտել են կիսաքանդ վիճակում, հետո վերանորոգել են այն՝ չդիպչելով կոթողի նախնական վիճակին ու լուծումներին: Իսկ իրենց տունը պարզապես կառուցված է մատուռին կից: «Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում պահպանել եմ մատուռը: Տանիք եմ սարքել, որ վերջնական փլուզման չենթարկվի: Եթե վաղը մի մեծահարուստ գա ու տարածքը գնի, նրան պե՞տք են հազարամյա մշակութային կոթողները, իհարկե քանդելու է»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Ա. Մկրտչյանը:

Բնակիչների ունեցած փաստաթղթեր ը, որ տրվել են քաղաքապետարանից, հավաստում են, որ «Պռոշյան առաջին նրբանցք 62/3 հասցեում գոյություն ունի նորահայտ պատմական հուշարձան, որի պահպանությունը պետք է իրականացվի տարածքի սեփականատիրոջ միջոցով»: Ու քանի որ մատուռը, բախտի բերմամբ, հայտնվել է իրացման գոտում, քանդվող տների մաս կազմող հուշարձանի ճակատագիրն այժմ անհայտ է: Մկրտչյան եւ Ջանազյան ընտանիքները այս հարցով դիմել են նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Հարցի առնչությամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «Առավոտի» հետ զրույցում եւս հաստատեց, որ քաղաքի այդ տարածքում գտնվում են մշակութային կոթողներ ու դամբարաններ, որոնց պահպանության խնդրով 2003թ. ապրիլի 1-ին իրենք հատուկ դիմել են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Ըստ Նավասարդ սրբազանի, այդտեղ ամփոփված են ոչ միայն Հովհաննես Կոզեռն վարդապետի, այլեւ գիտնական Մելքիսեդեք Վժանեցու եւ սուրբ Մովսես Տաթեւացի կաթողիկոսի մասունքները: «Մատուռի տարածքը կարող է դառնալ համազգային սրբատեղի: Այդ մասունքները եւ մատուռը պատկանում են հայ եկեղեցուն: Եթե բնակիչների բնակարանային հարցերը լուծվեն, տարածքը՝ պահպանման գոտիով, կարծում եմ, պետք է հանձնվի հայ եկեղեցուն»,- ասաց արքեպիսկոպոսը: Ըստ սրբազանի՝ այդ մատուռն իր պահպանման գոտիով անձեռնմխելի է, եւ այդ դամբարանների վրա շինություն կառուցելն ուղղակի ազգային սրբապղծություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել