«Քլիը Սիթիի» «ոչ քլիը» գործերը
Արաբկիր համայնքի 11 աղբահանող համատիրությունների դեմ դատեր են սկսվել: Դրանք այս օրերին ընթանում են ՀՀ տնտեսական դատարանում: «Քլիը Սիթի» ՍՊԸ-ն, որի հետ համայնքի 11 համատիրություն աղբը մաքրելու համար պայմանագիր էր կնքել, 908,0 հազար դրամի բռնագանձման հայցով դիմել է տնտեսական դատարան եւ նրա հայցն արդեն իսկ բավարարվել է: Համատիրությունները դիմել են վճռաբեկ դատարան, իսկ մինչ այդ նրանց սպառնում է ԴԱՀԿ-ն: Շատերի գույքի վրա չի բացառվում արգելանք դրվի:
Անցյալ շաբաթ Արաբկիր համայնքի թաղապետ Հովիկ Շահինյանը «Առավոտից» իմացավ իր համատիրությունների գլխին կուտակված սեւ ամպերի մասին, եւ եթե համատիրությունների գործունեության վրա արգելանք դրվի, ինչպես պահանջում է «Քլիը Սիթին», դա թաղապետարանին մեծ դժվարությունների առաջ կկանգնեցնի:
Ինչո՞ւ Արաբկիր համայնքը ձմռան նախաշեմին հայտնվեց փաստի առաջ: Համայնքի համատիրությունները՝ «Արեգ», «Տանիք», «Արաբկիր-5», «Ռշտունիք», «Շեն Օջախ», «Ազատություն», «Կամուրջ», «Իռա», տարածքի աղբահանության համար պայմանագիր են կնքել «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի հետ: Բնականաբար, համատիրությունները՝ բնակիչներից հավաքած գումարներով, չէին կարող ամբողջությամբ փոխհատուցել ՍՊԸ-ին՝ իր կատարած աշխատանքների համար եւ ՍՊԸ-ն ելք առաջակեց. «2005 թվականին Արաբկիր թաղապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Հրայր Անտոնյանը հայտարարեց, որ թաղապետարանը խոստացել է իր հոր հիմնարկին՝ «Քլիը Սիթիին» ֆինանսական աջակցություն ցույց տալ»,- «Առավոտին» տեղեկացրեց «Ազատություն» համատիրության պատասխանատու Ժորա Մարտիրոսյանը: Համատիրությունների հետ պայմանագրերում նշվեց, թե թաղապետարանի կողմից որքան գումար կփոխանցվի: Սակայն այդ գումարը չի փոխանցվել, եւ ստացվել է, որ համատիրությունները ՍՊԸ-ին պարտք են մնացել:
Արաբկիրի թաղապետարանից «Առավոտին» տեղեկացրին, որ 2005-ի սեպտեմբերի 1-ից Հրայր Անտոնյանն ազատվել է թաղապետարանում իր աշխատանքից: Սակայն նա որեւէ պատասխանատվության չի ենթարկվել համատիրությունների վրա հսկայական գումարներ թողնելու համար:
Համատիրությունների տնօրենների կարծիքով, «Քլիը Սիթին» էլ իր հերթին գնացել է «դիտավորյալ լուծարման»: Նրանք դիմել էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն: Սակայն քրգործ չի հարուցվել, քանի որ, ըստ վարչության պետ Զելիմ Թադեւոսյանի՝ բացակայում էին «կեղծ, կանխամտածված սնանկության հատկանիշները»: