Ըստ փաստաբան Սիմոն Ծատուրյանի, չկա հիմք ասելու, որ սպանությունները հատուկ հայերի դեմ են արվում, քանի որ ազգայնամոլներն առաջնորդվում են մաշկի գույնով:
Երեկ Ռուսաստանի պատվավոր փաստաբան, «Լեքս» փաստաբանական միության նախագահ Սիմոն Ծատուրյանը, որը վերջին շրջանում Ռուսաստանում ազգայնամոլների կողմից դաժանաբար սպանված Վիգեն Աբրահամյանցի, Արթուր Սարդարյանի եւ Նարեկ Քոչարյանի շահերի պաշտպանն է, Ժուռնալիստների տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանում հայերի նկատմամբ տեղի ունեցող ոտնձգություններն ու վերջիններիս անվտանգությունը բավականին լուրջ խնդիր է դարձել: Ըստ նրա, ստեղծված իրավիճակից ելնելու դեղատոմս առայժմ չկա, սակայն ախտորոշումը հայտնի է՝ երիտասարդ հայերը սպանվում են ազգայնամոլության հողի վրա: Պրն Ծատուրյանի մեկնաբանմամբ՝ ռուսական իշխանությունները՝ ի դեմս իրավապահ մարմինների, փորձում են այս ամենին այլ երանգ տալ՝ քողարկելով սովորական, կենցաղային հողի վրա կատարված սպանություններով եւ համոզել մարդկանց, որ այդ սպանությունները ազգամիջյան հողի վրա չեն կատարվել: Վերջինս Նարեկ Քոչարյանի սպանության առնչությամբ ասաց. «Հարուցված քրգործով 105 հոդվածի 2-րդ մասում ասվում է, որ ծանր վնասվածք հասցնելը անզգուշաբար առաջացրել է մահ, որն ուղղակի ծիծաղելի է: Մենք դրա հետ չենք կարող համաձայնվել, քանի որ Ն. Քոչարյանը դաժանաբար խոշտանգվել է, նրա մարմնի վրա կային դանակի հետքեր, հարված թիկունքից՝ սրտի շրջանում: Սպանությունը կատարվել է խմբակային եղանակով, մենակ մարդը դա չէր կարող անել»,- ասաց նա: Ս. Ծատուրյանը բերեց փաստեր, որով հիմնավորեց ռուսական իշխանությունների վարած դիրքորոշման սխալը՝ «Վիգեն Աբրահամյանցի սպանությունը եւս ռուսական իրավապահ մարմինները համարում են ոչ ազգայնամոլությունից դրդված, բայց նրան սպանողները, մնալով ազատության մեջ, մեկ այլ ազգամիջյան ոճիր կատարեցին՝ իրականացրին հայտնի Չիրկիզյան շուկայի պայթյունը»: Սակայն բանախոսը լավատեսորեն նկատեց, որ իրենք կարողացել են հասնել նրան, որ Վ. Աբրահամյանցի եւ Ա. Սարդարյանի ոճրագործություններն իրագործողները ստանան արժանի հատուցում, բացառությամբ Ն. Քոչարյանին սպանողներից: Իսկ թե ինչպե՞ս պետք է Ռուսաստանում հայերի նկատմամբ տեղի ունեցող վայրագությունների դեմն առնել կամ ինչո՞ւ չի առնվում, ըստ Ս. Ծատուրյանի, երեւույթի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում, «չի կանխվում այն դպրոցը, որով անցնում ու պատրաստվում են ազգայնամոլները»:
Ուշագրավ է այն, որ փաստաբանը Ռուսաստանում հայերի նկատմամբ տեղի ունեցող սադրիչ գործընթացներում հարաբերությունների որեւէ լարում չտեսավ երկու երկրների միջեւ՝ հայտնելով, որ սպանվում են ոչ միայն հայեր, այլեւ տաջիկներ ու աֆրիկացիներ. «Ոչ մի իշխանություն չի կարող ասել, որ նման ազգամիջյան միջադեպերը ձեռնտու են իրենց շահերին, որովհետեւ դա հարվածում է այդ երկրի հեղինակությանը, պատվին: Ուղղակի ռուսական իշխանությունները լրիվ կերպով չեն կարողանում վերահսկել իրավիճակը»,- ավարտելով խոսքն ասաց պրն Ծատուրյանը: Այն հարցին, թե «այս ամենը չի՞ վկայում, որ Ռուսաստանը հայերի համար անբարենպաստ երկիր է», փաստաբանը պատասխանեց. «Ռուսաստանում մենք ծառի ճյուղի վրա ենք նստած, ի՞նչ եք առաջարկում, սղոցե՞նք այդ ճյուղը: Մենք ուզում ենք, որ իրենք իրենց ձեռքով այդ հարցերը հարթեն»:
Ի դեպ, Ռուսաստանի քրեական օրենսգրքի համաձայն, ազգամիջյան հողի վրա կատարված սպանությունների համար նախատեսվում է մինչեւ 25 տարի ազատազրկում: