ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն անձամբ է զբաղվել Եվրոպական ակադեմիայով
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց ԿԳՆ հայցերը՝ ընդդեմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի 2 նիստերի որոշումները անվավեր ճանաչելու մասին: Առաջինը վերաբերում է հոգաբարձուների խորհրդի 4 արտասահմանցի անդամների լինել-չլինելու հարցին, իսկ երկրորդը՝ որ առանց քվորում ապահովելու Եվրոպական ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Վիկտոր Մարտիրոսյանը: Առաջին հայցով ԿԳՆ-ն ասում է, որ նիստում որոշում է կայացվել խորհրդի կազմի 4 անդամներին փոխարինել ուրիշ անձանցով՝ այն դեպքում, երբ այդ 4 հոգին հոգաբարձուների խորհրդի անդամ չեն էլ եղել, ինչը վերջիններս հաստատում են իրենց նամակներով: Այսպիսով՝ Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի համապատասխան կազմակերպությունների այդ 4 ներկայացուցիչները նամակներ են հղել, որոնցով հերքում են, թե իրենք երբեւէ կապ են ունեցել այս բուհի հետ: Ընդ որում, նրանք այս մասին հայտնում են նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ Աղասի Ավետիսյանին՝ ի պատասխան նրա խնդրանքի՝ գրավոր հրաժարվել անդամությունից: Անհասկանալի է, եթե այդ մարդիկ բուհի հետ կապ չեն ունեցել, ինչպե՞ս է Ա. Ավետիսյանը նրանց դիմել հրաժարվելու խնդրանքով: Սա՝ մի կողմ: Նշյալ պետությունների ներկայացուցիչների հետ համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրերը պատասխանող կողմը երեկ ներկայացրեց դատարանին՝ ավելացնելով, որ իսկապես նրանք նիստերին չեն եղել տարբեր պատճառաբանություններով՝ միջոցների բացակայություն եւ այլն, ու դա հաստատող էլեկտրոնային նամակներ կան, ինչը դատարանին չներկայացվեց: Քվորումի հետ կապված՝ պատասխանողը նշեց, որ արտասահմանցիներից մեկը ժամանակավոր անդամ է եղել, իսկ տվյալ նիստում նա այլեւս անդամ չէր: Եվ ստացվում է, որ մնացած 7 հոգուց միայն 3-ն են բացակայել, իսկ 4 տեղացի անդամներն ապահովել են քվորումը:
Բայց ամենահետաքրքիրն առջեւում է: Սույն արտասահմանցի գործընկերներից 2-ը՝ Ավստրիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները, իրենց հերքող նամակները հղել են, ոչ ավել ոչ պակաս, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին, իսկ մյուս երկուսը՝ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանին: Մի խոսքով՝ գործով զբաղվել են ամենաբարձր մակարդակով: Եվրոպական ակադեմիայի ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյանը մեր հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ արտասահմանցի նշյալ անձինք պարզապես «ծախված» լինեն Հայաստանի իշխանություններին, պատասխանեց. «Ես այդպես չէի ասի, բայց կասեի, որ այս մարդիկ ունենալով մեծ փորձ տարբեր երկրներում աշխատելու, միանշանակորեն չեն ուզում խառնվել երկրի ներսում առաջացած ինչ-որ խնդրի»: Կարելի՞ է ասել, որ չեն ուզում խառնվել մի հարցի, որ տեղափոխվել է քաղաքական դաշտ: Մեր այս հարցին պրն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէի ուզենա հարցը քաղաքականացնել, բայց այն, որ երկիրը շատ է քաղաքականացված եւ ամեն ինչ կարող է դառնալ քաղաքականության օբյեկտ՝ դա հստակ է, տեսանելի է: Կուզենայի, որ սա այն դեպքը լիներ, որ ես սխալվեի»: Ավելին՝ ըստ պրն Մարտիրոսյանի, նախարարության կողմից սրտացավություն չի նկատվում ակադեմիայի նկատմամբ, այլ պարզապես ձեռնոց է նետվել, եւ նախարարի նետած ձեռնոցը, ըստ Վիկտոր Մարտիրոսյանի, նաեւ իրեն է ուղղված. «Նախարարը 2-րդ որոշումը վիճարկում է, որպեսզի պետռեգիստրը չգրանցի ակադեմիայի ռեկտորին»,- ասաց ռեկտոր Վ. Մարտիրոսյանը: Նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանն իր հերթին նախարարի անունից հայտարարեց, որ Վիկտոր Մարտիրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի (հոգաբարձուների խորհրդի նախագահի) հետ անձնական խնդիր չկա, ինչին ակնհայտորեն չէր հավատում Վ. Մարտիրոսյանը: Նա վիրավորված էր, որ Արմեն Գեւորգյանի հանձնարարականով կառավարության վերահսկողական ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովը, բուհում 20-25 օր շարունակ տարբեր տիպի ստուգումներ իրականացնելուց հետո, ակադեմիային որեւէ կարծիք չի ներկայացրել. «Վարչական վարման մշակույթ կա, չի կարելի մտնել հաստատություն, կատարել ցանկացած բնույթի ուսումնասիրություններ եւ հետո այդ ամբողջը տանել-դնել ինչ-որ մեկի տակ»:
Ի դեպ, վերջերս ԿԳՆ-ի կողմից իբրեւ նախարարության ներկայացուցիչ առաջադրված փոխնախարար Արա Ավետիսյանի թեկնածությունը բուհի կողմից մերժվել է, եւ պատճառները Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է նախարարին ուղղված նամակում: Այստեղ ասվում է, որ Ա. Ավետիսյանը խիստ սուբյեկտիվ եւ բուհը վարկաբեկող հայտարարություններ է անում ԶԼՄ-ներով, եւ իր ներկայությունը անառողջ մթնոլորտ կարող է առաջացնել եւ բացասաբար անդրադառնալ բուհի գործունեության վրա:
Ի վերջո, դատարանի որոշումը ենթադրում է, որ պետք է փոխվի հոգաբարձուների խորհրդի կազմը, որը դեռեւս գլխավորում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, եւ ՕԵԿ անդամ Վիկտոր Մարտիրոսյանը պետռեգիստրում չպետք է հաստատվի ռեկտորի պաշտոնում:
Պատասխանող կողմը պատրաստվում է բողոքարկել վճիռը: