Լրահոս
Օրվա լրահոսը

Կոզեռնը՝ Մանուկ Վարդանյանի դեմ

Դեկտեմբեր 04,2006 00:00

\"\"Քաղաքապետարանի հետ հաշիվները մաքրելուց հետո Կոզեռնի բնակիչները կադաստրի դռներն են ընկել

Երեկ առավոտյան ժամը 11-ից Կոզեռն թաղամասի բնակիչները նախագահի նստավայրի առջեւ նորից բողոքի ցույց էին կազմակերպել, այս անգամ՝ ոչ թե նախագահի, քաղաքապետի կամ վարչապետի, այլ՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի դեմ: Կոզեռնցիները կադաստրի շենքի փոխարեն նախագահականի առջեւ էին հավաքվել, որովհետեւ, նրանց տեղեկություններով՝ պարոն Վարդանյանը նախագահի նստավայրում հրավիրված էր խորհրդակցության:

Ցուցարարները Մանուկ Վարդանյանից պահանջում էին իրենց բնակարանների սեփականության վկայականները: Բողոքի մասնակիցներից մեկի՝ Անահիտ Հովհաննիսյանի ներկայացմամբ, արդեն երկու ամիս է՝ Երեւանի քաղաքապետարանը բնակիչների սեփականության իրավունքը ճանաչել է, բայց կադաստրը սեփականության վկայականները չի տալիս. «Անընդհատ ձգձգում են, կադաստրում դիմումները վաղուց գրել ենք, դրանց հինգ օրվա ընթացքում պետք է պատասխանեին՝ կա՛մ մերժեին, որ մենք մեր անելիքն իմանայինք, կա՛մ դրական պատասխան տային, բայց արդեն երկու ամիս մեզ խաբում են, չեն տալիս»:

Իրացման գոտու մեկ այլ բն ակիչ՝ Ծովինար Ներսիսյանի պատմելով՝ «երբ նույն թաղամասի բնակիչները կադաստրից հետաքրքրվում են, թե ինչու չեն տալիս իրենց վկայականները, բոլորին տարբեր ու հակասական պատասխաններ են տալիս. մեկին ասել էին՝ դուք վտարված եք ու ոչ մի վկայականի հույս կարող եք չունենալ, մյուսին հավատացրել էին, որ շուտով կտան, ինչքա՞ն կարելի է խաբելով ապրել»:

«Համայնք եւ իրավունք» հ/կ նախագահ Սամվել Մկրտչյանը, որը միացել էր ցուցարարներին եւ աջակցում էր նրանց, նույնպես համոզված էր, որ վկայական չտալու մեղավորը հենց կադաստրն է: Ըստ նրա, «ինն ամսվա մեր պայքարից հետո մի կերպ կարողացանք հասնել նրան, որ քաղաքապետարանը ճանաչի կոզեռնցիների իրավունքները, բայց հիմա անհիմն կերպով կադաստրի մարմինները խուսափում են կատարել որոշումը: Մի ամիս համբերատար սպասել ենք, մինչեւ իրավական ձեւակերպումներն ավարտեն, հաջորդ ամսվա ընթացքում պատասխանեցին, որ իրենց մոտ քննարկվում է այն հարցը, թե բնակիչներին ինչ վկայականներ են տրվելու, քանի որ կան բնակիչներ, որոնք թաղամասում ունեն մի քանի սեփականություն, բայց այդպես էլ մինչ օրս վկայականները բնակիչներին չեն տվել»:

Կոզեռն թաղամասի բնակիչ Արարատ Հարությունյանն արդեն հոգնել ու հուսահատվել էր ցույցերի մասնակցելուց: Այս անգամ նա, իր խոսքերով՝ ձեւի համար էր եկել նախագահական, քանի որ իշխանություններից այլեւս որեւէ հույս չուներ. «75 տարեկան մարդ եմ, իզուր չարչիի պես ընկել եմ դռնեդուռ, մեկ է, իրենց ուզածն անելու են»:

Ցուցարարներին այս անգամ էլ, բացի անվտանգության աշխատողներից, ոչ ոք ուշադրություն չդարձրեց:

Բողոքի առնչությամբ Կադաստրի կոմիտեից «Առավոտին» պարզաբանեցին, որ հարցը քննարկման փուլում է, բացի այդ, տեխնիկական պրոբլեմներ կան եւ երկուշաբթի կամ երեքշաբթի խնդրին ընթացք կտրվի:

Բայց կոզեռնցիների համբերության բաժակը երեկ արդեն լցվել էր, նրանք նոր քայլերի էին պատրաստվում դիմել, թե կոնկրետ ինչ պիտի անեին՝ չմանրամասնեցին, դա համարելով ռազմավարական գաղտնիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել