Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՆԱ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ

Դեկտեմբեր 04,2006 00:00

Երեկ ԱԺ-ում Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի ներկայացման ժամանակ պատգամավոր Շավարշ Քոչարյանի հարցադրումներին պատասխանելիս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նրան 2 անգամ դիմեց «Կարապետյան» ազգանունով: Պատգամավորի նյարդերն ի վերջո տեղի տվեցին, եւ նա բավական խիստ ձայնով տեղից բացականչեց. «Պարոն Սարգսյան, ինչո՞ւ չեք սիրում իմ ազգանունը»: «Վա՜յ, Շավարշ ջան, կներե՛ս,- ձեռքը դնելով կրծքին՝ ասաց պաշտպանության նախարարը:- Ես կարող եմ ասել, թե ինչու չեմ սիրում այդ ազգանունը: Բայց կասեմ առանձին, որովհետեւ հրապարակավ ասելու դեպքում դա կդառնա սակարկումների առարկա»: Այս անգամ էլ շփոթեց «սակարկումն» ու «շահարկումը»:Սա երեկ արձանագրված միակ զավեշտը չէր: Ասուլիսներից մեկի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն իրեն դրել է Մարշալ Ժուկովի տեղը եւ կամուֆլյաժով է մեկնում Իրաք: Դրան ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ներին ասել էր, թե ամեն մարդու բախտ չի վիճակվում հագնել նման պատվաբեր համազգեստ: Վիկտոր Դալլաքյանը երեկ ռազմավարության նախագծի վերաբերյալ իր ելույթն ավարտեց այսպես. «Այն, ինչ ասվել է կամուֆլյաժի կամ ջրագծերի հետ կապված՝ հումորով է ասվել եւ պետք չէ դրանից սրտնեղել եւ դրան համարժեք ինչ-որ պատասխաններ տալ»: Սերժ Սարգսյանն ի պատասխան ասաց. «Ես համարժեք պատասխան չեմ տվել: Բայց ուզում եմ մի եղելություն պատմել: Պըլը Պուղին դուրս է գալիս գյուղամեջ եւ ինչպես նրան է սազում, լինում է կարկատած շորերով: Բայց Մելիք Շահնազարը, որպեսզի իր սրամտությունը ցույց տա, ասում է՝ Պըլը Պուղի, շորերդ տեղ-տեղ շնորհավոր: Պըլը Պուղին ասում է՝ Մելիք Շահնազար, ապրես օրումեջ: Եթե չասեր Մելիք Շահնազարը՝ Պըլը Պուղին նրան այդպիսի բան չէր ցանկանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել