Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում լինել նախարար»

Դեկտեմբեր 04,2006 00:00

«Եթե ադրբեջանական կողմը համարում է, որ ղարաբաղյան բանակցությունները վերջին փուլում են, ապա դրանց արդեն պետք է մասնակցի նաեւ ինքը՝ Լեռնային Ղարաբաղը»,- մեկնաբանելով Իլհամ Ալիեւի՝ Մինսկի հանդիպման արդյունքներով արած հայտնի դիտարկումը, երեկ կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ այդպիսով, փաստորեն, չհամաձայնելով Ալիեւի հետ: Եվ ընդհանրապես, ըստ նախարարի, նման գնահատականները պայմանական են:

Ըստ այդմ՝ «նախկինում էլի են եղել պահեր, երբ ասել ենք՝ մոտ ենք կարգավորմանը, բայց արդյունք, ի վերջո, չի եղել»: Ինչ վերաբերում է կոնկրետ վերջին՝ Մինսկում կայացած հանդիպումներին, ապա «տարաձայնությունները, որոնք վերաբերում են ինչպես խաղաղ համաձայնագրի սկզբունքներին, այնպես էլ դրա առանձին տարրերին, մնում են, թեեւ կարող ենք վստահությամբ նշել, որ գործընթացը փակուղում չի գտնվում»:

Անդրադառնալով Բաքվի կողմից շարունակաբար հնչեցվող այն պնդումներին, թե կարգավորման հիմնարար սկզբունքը եղել եւ մնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը, Օսկանյանը նշեց, որ «այդ խնդրի միակ լուծումը հանրաքվեի մեջ է, որի անցկացման մասին առաջարկն առկա է քննարկվող փաստաթղթում»: Իսկ քանի որ դրա անցկացման հարցում վերջնական փոխհամաձայնություն չկա, ապա դեռ շուտ է խոսել բուն միջոցառման մանրամասների, այդ թվում՝ ժամկետների եւ մասնակիցների մասին: Կարեւոր է նաեւ, որ կարգավորման սկզբունքների շուրջ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները «լուրջ տարաձայնություններ չունեն»: Դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ ՀՀ արտգործնախարարը կարծիք հայտնեց, որ այդ միջոցառման նկատմամբ միջազգային կազմակերպությունների կողմից հնչող արձագանքը «չպետք է լինի այնպիսին, որ հիասթափություն սերմանի այնտեղ ապրող մարդկանց շրջանում»:

Ասուլիսի երկրորդ կարեւոր թեման մի քանի օրից ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում քննարկվելիք՝ ՎՈՒԱՄ-ի ներկայացրած հայտնի նախագիծն էր: Հիշեցնենք, որ այն վերաբերում է նախկին ԽՍՀՄ տարածքի սառեցված հակամարտություններին: Այս կապակցությամբ Օսկանյանն ասաց, որ հայկական կողմը, ինչպես եւ նախկինում, դեմ է այդ հարցը ՄԱԿ տեղափոխելուն: Ըստ նրա, այնտեղ որեւէ բանաձեւի ընդունումը օգուտ չի տա եւ ավելին՝ լուրջ վնաս կհասցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, որը, ի դեպ, «վերջին շրջանում ընթանում է կառուցողական հունով»: Բացի այդ, անընդունելի է հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները «մեկ զամբյուղի մեջ դնելը»: «Միջնորդներն իրենք բազմիցս ասել են, որ ԼՂ հակամարտությունն էականորեն տարբերվում է մնացածներից»,- հիշեցրեց Օսկանյանը:

Եվ, վերջապես, մի փոքրիկ սենսացիա: Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ կհրաժարվի դարձյալ զբաղեցնել արտգործնախարարի պաշտոնը, եթե 2008-ին ընտրված նախագահն իրեն այդպիսի առաջարկ անի: Ըստ նրա, «10 տարին առավելագույն ընդունելի ժամկետն է նախարարի պաշտոնում գտնվելու համար: Գալիս է ժամանակ, երբ անհրաժեշտ են թարմ ուժեր»: Բանախոսը, սակայն, չճշտեց, թե ինչ է մտադիր անել պաշտոնաթողությունից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել