Այս պատասխանատվությունը երեկ ստանձնեց Սերժ Սարգսյանը՝ ԱԺ-ում Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ:
Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի 8-րդ կետում որպես ներքին սպառնալիքներ նշված են աղքատությունը, կոռուպցիան, կաշառակերությունը, արտագաղթը, իշխանության հանդեպ հանրության զանգվածային անվստահությունը եւ այլն: Վիկտոր Դալլաքյանը երեկ սա անվանեց «գործող իշխանությունների ինքնախոստովանություն» եւ հարց ուղղեց ռազմավարության նախագիծը ներկայացնող Սերժ Սարգսյանին. «Համարյա 10 տարի կառավարության անդամ եք. արդյոք այս արատավոր երեւույթների համար Դուք անձնական պատասխանատվություն կրո՞ւմ եք, թե՞ ոչ»: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, թե փաստաթղթում թվարկված մարտահրավերները դեռեւս չեն նշանակում, որ այսօրվա իրավիճակն է այդպիսին, թեեւ կան այդ բացասական գործընթացները. «Փոքր-ինչ սխալվում եք՝ ես Հայաստանի կառավարության անդամ եմ 13 տարուց ավելի, եւ իհարկե՝ ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում այն բոլոր հոռի երեւույթների համար… մասնակի՛ պատասխանատվություն եմ վերցնում բոլոր այն հոռի երեւույթների համար, որոնք կան մեր հասարակությունում: Բայց ամբողջական պատասխանատվություն եմ կրում Հայաստանի անվտանգության համակարգի համար, հայկական բանակի համար, որի մարտունակությունը բարձր է, որը վայելում է օտարների հարգանքը եւ որը վայելում է մեր ժողովրդի 82%-ի վստահությունը: Ցույց տվեք մի կառույց, որը վայելում է բանակի կեսի չափով վստահություն: Երբ որ ցույց տաք՝ այն ժամանակ մենք կկիսենք ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ հաջողությունները»:
Պատգամավորներն ուշադրություն հրավիրեցին, որ նախագծի մի ենթաբաժին վերնագրված է. «Հարաբերություններն Ադրբեջանի Հանրապետության հետ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»: Հմայակ Հովհաննիսյանի հարցին, թե արդյոք ճիշտ չէ՞ր լինի ԼՂՀ հետ հարաբերությունները ներկայացնել առանձին բաժնով՝ պաշտպանության նախարարը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նպատակահարմար է»: Հիմնավորումն այս էր՝ որ «լինենք ավելի ճկուն»:
Վերոհիշյալ ենթաբաժնում նաեւ ներկայացված է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ խնդրի վերաբերյալ: Մասնավորապես նշված է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղղաձիգ հարաբերությունների անհնարինության մասին: Շավարշ Քոչարյանը սա անվանեց հնացած դրույթ: Եվ առաջարկեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի ոչ թե ինքնորոշման իրավունքը, այլ հենց անկախությունը, եւ մտածել միջազգային կառույցներին Ղարաբաղի ինտեգրման մասին: Շավարշ Քոչարյանը նաեւ նշեց, թե ճիշտ կլիներ, որ փաստաթղթում ներառվեր Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու նպատակի մասին դրույթ: Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե դա սխալ կլինի, քանի որ բացի Եվրամիությունից՝ Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է այլ կառույցների եւ երկրների հետ:
Կարինե Դանիելյանն առաջարկեց ավելի մեծ տեղ հատկացնել էկոլոգիական անվտանգության հիմնախնդրին: Նկատեց, որ սպառնալիքների մեջ ներառված չէ բնական ռեսուրսների սպառման վտանգը, որը հրատապ է Հայաստանի համար:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւս նշեց մի քանի թերություններ: Ըստ նրա՝ ազգային անվտանգության սկզբունքների մասին խոսելիս պետք է արձանագրվի իրավունքի գերակայության եւ բազմակարծության գաղափարը: Փաստաթղթի «իրավասոցիալական պետություն» ձեւակերպումն անընդունելի է, քանի որ իրավական պետությունը չի կարող սոցիալական չլինել, քաղաքացիական հասարակության պաշտպանության մասին խոսք լինել չի կարող, քանի որ քաղաքացիական հասարակությունը կամ լինում է, կամ՝ ոչ:
Իսկ Վիկտոր Դալլաքյանին կարելի է անվանել այս նախագծի գլխավոր ընդդիմախոս: Երեկ նա անգամ ԱԺ կանոնակարգին չհամապատասխանող գնահատեց այս քննարկումները՝ նշելով, թե դրանք պիտի անցկացվեին լսումների ձեւաչափով: Ինչ վերաբերում է փաստաթղթին՝ մասնավորապես նշեց, թե նախագծում տեղ են գտել «տրիվիալ ճշմարտություններ», ինչպես օրինակ, «հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ դրանց հետագա զարգացման հիմքում ԼՂ հիմնախնդիրն է» կամ «Հայոց Սփյուռքն իր թվաքանակով գերազանցում է Հայաստանի բնակչությանը եւ ցրված է աշխարհով մեկ»: Սերժ Սարգսյանն ի պատասխան բավական համեստորեն նշեց, «Կարծում եմ, որ տաղանդավոր մարդկանց մտքերի 70 տոկոսը տրիվիալ ճշմարտություններ են»: