Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԻՄԻՆԱԼԻՆ ԾՆՈՂՆ ՈՒ ՍՆՈՂԸ

Դեկտեմբեր 04,2006 00:00

«Հակակրիմինալ» շարժման մասնակիցների դիտարկմամբ, կրիմինալին ծնում, սնում եւ իր «տանիքի» տակ է առել հենց իրավապահ համակարգը:

Երեկ «Հակակրիմինալ» շարժման քննարկման թեման՝ «Ուժային կառույցների ապօրինի միջամտությունը քաղաքական գործընթացներում», դեռ անցյալ շաբաթ հուշել էր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ ստանձնելով դրա վերաբերյալ անհրաժեշտ նյութերի ու փաստերի ներկայացման պատասխանատվությունը: Այս թեմային առնչվող կոնկրետ փաստերը, որոնք հրապարակեց Ա. Կարապետյանը, պարզվում է՝ ձեռք են բերվել «դետեկտիվ» ժանրից մեզ ծանոթ եղանակով: «ՆԺ» նախագահի մատուցմամբ, իրեն զանգահարել են, ըստ ամենայնի, իրավապահ մարմիններում աշխատող մարդիկ ու խնդրել մատնանշված տեղից վերցնել որոշակի փաստաթղթեր՝ ասելով, որ դրանք «քաղաքական ռումբ» են: «Ես կարծում եմ, որ ոստիկանության համակարգում գտնվել է շատ լուրջ խումբ, որը հասկանում է, որ այսպես շարունակելն անհնար է, եւ համարում է, որ հակակրիմինալ շարժումը բավականաչափ լուրջ տեղ է այդ փաստաթղթերը ներկայացնելու համար»,- հայտարարեց Ա. Կարապետյանը՝ հավելելով, որ այն, ինչ հրապարակելու է, ստացված փաստաթղթերի միայն չնչին մասն է:

Այսպես, փոխանցված փաստաթղթերը պարունակել են ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մի քանի հրամաններ, որոնցից մեկը հաջորդել է 2004թ. մարտի վերջերին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իշխանությունների՝ հաջողությամբ կազմակերպած սադրանքներին, որոնց ժամանակ ընդդիմադիրների վրա ձվեր էին նետվել, հետո քաշքշուկ էր եղել, «Հանրապետություն» կուսակցության մի քանի անդամներ ու հանրահավաքի մասնակիցներ էին ձերբակալվել, ոստիկանությունում ծեծի էին ենթարկվել, հետո էլ ազատազրկվել էին: Հե՛նց այս «օպերացիայի» իրականացման համար Գյումրիի ոստիկանության բաժնի մեծ ու փոքր տրամաչափի աշխատակիցներ արժանացել էին ՀՀ ոստիկանապետի խրախուսանքին: 2004-ի ապրիլի 8-ին վերջինիս թիվ 604-Ա հրամանով նույն թվականի «առաջին եռամսյակի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու, հասարակական կարգի պահպանման գործում բարձր ցուցանիշներ ապահովելու, ինչպես նաեւ հանցավորության դեմ տարվող պայքարի գործում անձնական ներդրում ունենալու համար» ՀՀ զենքով՝ մարտական ատրճանակով պարգեւատրվել էր ՀՀ ոստիկանության փոխգնդապետ, Գյումրիի միլպետ Շիրակ Շահնազարյանը: Նրա՝ օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գրիշա Եպիսկոպոսյանին ՀՀ ոստիկանության պատվոգիր էր բաժին հասել: Նույն բաժնի մի քանի աշխատակիցներ «ոստիկանության գերազանց ծառայության համար կրծքանշանով» էին պարգեւատրվել, մոտ տասը այլ ոստիկանների խրախուսել էին 30 հազարական դրամով:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանը ստորագրվել էր 2004 թ.-ի ապրիլի 5-ին՝ հանրահավաքի մասնակիցների ու լրագրողների հետ սափրագլուխների աջակցությամբ տեսած հաշվեհարդարից հետո, որին ոստիկանները մասնակցել էին դիտողի դերում: Այսպես, Հ. Հարությունյանի թիվ 17-ԱԳ հրամանով նյութական փոխհատուցման էին արժանացել ՀՀ ոստիկանության գլխավոր, ավագ եւ կրտսեր խմբերի մի խումբ ծառայողներ: Ընդ որում, հրամանի պաշտոնական ձեւակերպումն այս էր եղել՝ «… ապրիլ ամսին հասարակական կարգը եւ անվտանգությունը ապահովելու, մասսայական անկարգությունները կանխելու ընթացքում լարված, արտաժամյա եւ վտանգավոր ծառայություն իրականացնելու համար»: Շուրջ 1000 ոստիկան մատուցած ծառայության դիմաց պարգեւատրվել էր ընդամենը 20 հազարական դրամով, որը կազմել էր ընդհանուր առմամբ՝ ավելի քան 3 մլն դրամ՝ ՀՀ ոստիկանության արտաբյուջետային գումարների հաշվին:

ՀՀ ոստիկանության պետի նույն թվականի ապրիլի 22-ի թիվ 14-ԱԳ հրամանով ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքների եւ երթերի մասնակիցների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնարարքների կիրառումից ու ընդդիմադիր կուսակցությունների ասպատակությունից հետո «ապրիլի 12-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած չարտոնված երթի ժամանակ թույլ տրված հասարակական կարգի շարունակական բնույթ կրող խախտումներին պատշաճորեն դիմակայելու, հնարավոր զանգվածային անկարգությունները պատասխանատվության մեծ զգացումով նախականխելու, այդ ընթացքում արիություն եւ անձնական խիզախություն դրսեւորելու համար» ոստիկանները խրախուսանքի էին արժանացել: Օրինակ՝ «Սխրագործության համար մեդալով» պարգեւատրվել էին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊՎ պետ, գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սաշա Աֆյանը: Արտահերթ կոչում էր շնորհվել ոստիկանության փոխգնդապետ, Էրեբունու բաժնի պետ Նվեր Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ ոստիկանության հենց այս բաժին էին տարվել «Հանրապետություն» կուսակցության գրասենյակի «գրոհի» ժամանակ եղած 12 կանայք, որոնց ծեծի էին ենթարկել, իսկ նրանցից մեկին՝ 22-ամյա Անիին, ծեծելու հարցում «անձնական խիզախություն» էր դրսեւորել հե՛նց Ն. Հովհաննիսյանը:

«Ապրիլի 12-ի» համար «Ոստիկանության գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգեւատրվել էր նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ՀՀ ոստիկանության գնդապետ Ներսես Նազարյանը: «Էդ ի՞նչ սխրագործություն են արել, որ դրա համար էլ իրար դոշի մեդալներ կախելով, կոչումներ բաշխելով ման են գալիս: Ստացվում է, որ եթե մենք ուզում ենք, որ ոստիկանները լավ ապրեն, ուրեմն պիտի շուտ-շուտ միտինգ անենք, որ ժողովրդին ծեծեն ու իրենք փող, կոչում, հրազեն ստանան»,- հեգնեց «ՆԺ» նախագահը:

«Հակակրիմինալն» այս փաստերը որակեց որպես խայտառակ ու կրիմինալ: Որպես այդպիսին համարվեց նաեւ ուժայինների միջամտությունը ընտրությունների ժամանակ: «ՆԺ» նախագահի ասելով՝ «Հայաստանում կրիմինալ խմբերը 60-ից ավելի են ու գտնվում են ուժային կառույցների «տանիքի» ներքո, օգտագործվում են տարբեր մարզերում ընտրությունների ժամանակ»: Նա երեկ ասաց, թե իր ներկայացրած փաստերը միայն չնչին հատվածն են այն փաստաթղթերի, որն ինքն ունի ձեռքի տակ, ու խոստացավ հրապարակել նաեւ ավելի լուրջ բնույթի փաստաթղթեր, այդ թվում՝ ԱԱԾ-ի կողմից կատարվող անօրինականությունների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել