ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկվա նիստում դրական եզրակացություն տվեց «ՀՀ օրհներգի մասին» թե՛ կառավարության, թե՛ ՀՅԴ խմբակցության հեղինակած օրինագծերն օրակարգում ընդգրկելուն:
«ՀՀ օրհներգի մասին» կառավարության հեղինակած նախաձեռնությունը 1-ին ընթերցմամբ քննարկելիս ոչ մի տարբերություն չուներ «Ռուսաստանի Դաշնության պետական հիմնի մասին» օրենքից, որը Պետդուման ընդունել է 2000-ի դեկտեմբերի 25-ին: Հենց այս օրենքից է մեր օրինագիծ թարգմանաբար անցել ե՛ւ պատգամավորներին զարմացրած այն որակումը, թե «օրհներգը երաժշտաբանաստեղծական ստեղծագործություն է» (թեեւ երեկ հանձնաժողովում քննարկման ժամանակ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը պնդում էր, թե այս ձեւակերպումը համապատասխանում է հանրագիտարանային բնորոշմանը), ե՛ւ վեճերի տեղիք տված այն արտահայտությունը, թե օրհներգի կատարման ժամանակ տղամարդիկ պիտի լինեն առանց գլխարկի: Վիկտոր Դալլաքյանը պահանջում էր, որ կանայք էլ հանեն գլխարկները՝ թերեւս տեղյակ չլինելով, որ ՌԴ օրենքում նման բան չկա, ուստի մերոնց երեւակայությունն էլ չի բավարարի դա գրելու համար:
Սակայն մինչեւ երկրորդ ընթերցում առաջարկներ ներկայացրած ընդամենը 3 պատգամավորների շնորհիվ՝ կառավարության օրինագիծը գոնե փոքր-ինչ տարբերվել է ռուսական օրենքից: Այսպես, ընդունվել է Հրանուշ Հակոբյանի առաջարկը եւ ավելացվել է հետեւյալ դրույթը. «Օրհներգի պղծումը, ոտքի չկանգնելը, չսահմանված վայրում եւ ոչ ճիշտ օգտագործումը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Երեկ հանձնաժողովի նիստին ներկա էր «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը, որը «ՀՀ օրհներգի մասին» օրենքի նախագծի 1-ին ընթերցմամբ քննարկման ժամանակ ելույթում խոստովանել էր, թե «Մեր Հայրենիքը» միշտ երգում է սեփական իմպրովիզացիայով՝ «մեր թշնամյաց ոտնակոխ»-ի փոխարեն օգտագործելով «մեր հայրենյաց» արտահայտությունը: Ըստ այդմ՝ նա ապագայում կարող է պատասխանատվության կանչվել օրհներգը պղծելու համար: Իսկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հայտնեց, որ այս հանցանքի համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն, իսկ գլխարկը չհանելու համար՝ վարչական:
Օրհներգը պղծելու համար մոտ ապագայի «քրեական հանցագործ» Աղասի Արշակյանին, սակայն, երեկ ոչ այնքան այս հեռանկարն էր նյարդայնացնում, որքան Արշակ Սադոյանը: Թերեւս վերջինս սեփական տանը միշտ ըմբոշխնում է մեր պետական օրհներգը, ուստի երեկ խիստ բորբոքվել էր «չսահմանված վայրում եւ ոչ ճիշտ օգտագործումը» արտահայտությունից: Իսկ քանի որ չկա ավելի սարսափելի էակ, քան բորբոքված Սադոյանն է՝ Աղասի Արշակյանը երեկ ի վերջո պահանջեց իրենց կաթ ու մածուն տալ նրա գոռգոռոցը լսելու համար:
«Մեր տանն օրհներգի կատարումն այս օրենքով չի՛ թույլատրվում,- անընդհատ գոռում էր պրն Սադոյանը:- Որեւէ մեկի ծննդյան արարողության ժամանակ չի՛ կարելի կատարել օրհներգը»: Եվ Աղասի Արշակյանը բացականչեց. «Արա՛, գնա, կատարի՝ ինչքան ուզում ես»: Սակայն պրն Սադոյանը չէր հանդարտվում. «Հարեւանը կլսի՝ կգնա, կմատնի»: Նրան օգնության հասավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը. «Իմ բակում դրոշ ունեմ, բարձրացնելուց երեխաներս չեն կարող երգել «Մեր Հայրենիքը»՝ ըստ այս օրինագծի»:
Նման թեժ վեճեր էին ընթանում օրհներգը կատարելու իրավունքի շուրջ: Մինչդեռ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն օրերս հայտարարել էր, թե ինքը դեմ է Հանրային հեռուստաընկերության հաղորդումները պետական օրհներգով սկսելուն ու ավարտելուն, ինչպես պահանջում է «ՀՀ օրհներգի մասին» օրենքի նախագիծը: ՀՀՌԸԽ նախագահը կարծիք էր հայտնել, որ ազգային արժեքների հանդեպ սերը չպետք է պարտադրվի, այլապես վաղն էլ կարող են պարտադրվել այլ արժեքներ եւ այլ տեղերում: Ալեքսան Հարությունյանը հայտարարել էր, որ եթե ընդունվի այդ դրույթը՝ Հանրային հեռուստաընկերության հաղորդումները պետական օրհներգով սկսելու եւ ավարտելու վերաբերյալ, ապա ինքը կվիճարկի այն: Սույն հեռանկարը չի վախեցրել կառավարությանը, եւ օրենքում մնացել է այդ դրույթը: Ավելի՛ն. Հրանուշ Հակոբյանի առաջարկով՝ օրհներգը պարտադիր պիտի հնչի ոչ միայն Հ1-ի եւ Հանրային ռադիոյի եթերով, այլեւ բոլոր՝ նաեւ մասնավոր հեռուստառադիոընկերություններով:
Կառավարությունը չի ընդունել Վիկտոր Դալլաքյանի առաջարկը, որով «Մեր Հայրենիքը» այլեւս չպիտի հանգրվաներ միայն անցումային դրույթում: Եվ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը երեկ նկատեց, որ օրենքի այս նախագիծը չի իրականացնում Սահմանադրության պահանջը՝ մինչեւ դեկտեմբերի 5-ն օրհներգն օրենքով սահմանելու վերաբերյալ: «Չի սահմանում»,- համաձայնեց մշակույթի փոխնախարարը: «Կառավարության ներկայացրած նախագիծը ոտնահարում է Սահմանադրությունը, որովհետեւ անցումային դրույթն ամբողջությամբ հիմնված է բառախաղի վրա»,- ասաց Գեղամ Մանուկյանը: «Մեր Հայրենիքն» իբրեւ օրհներգ սահմանվում է ՀՅԴ խմբակցության նախագծում, որը կքննարկվի առաջիկա քառօրյայում: