Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՇԱՐԺԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ»

Դեկտեմբեր 01,2006 00:00

\"\"Հարցազրույց անվանի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հետ

Եվրոպայի եւ Ամերիկայի հեղինակավոր օպերային թատրոնների ու բեմերի ցանկալի հյուրը երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսից հետո առանձնազրույց ունեցավ «Առավոտի» հետ:

– Ճանաչված օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի՝ օրերս մեր թերթին տված հարցազրույցից ստացանք տպավորություն, թե օպերային արվեստը աշխարհում նահանջում է: Դուք է՞լ եք այդ կարծիքին:

– Օրինակ, ավանդական իտալական օպերան 50 տարի առաջ եւ մեր ժամանակներում նույնը լինել չի կարող: Ի սկզբանե օպերային ներկայացումները «զգեստավորված համերգներ» էին. երգիչները կանգնում էին, հետեւելով դիրիժորին՝ երգում իրենց պարտիաները: Հանդիսատեսն էլ գալիս էր երեկոյան հագուստով, շատ ժամանակ ցուցադրելով նաեւ իր արդուզարդը: Մեր ժամանակներում ոչ միայն պետք է ներգրավել երիտասարդներին, այլեւ մտածել օպերային շոուների մասին: Գիտե՞ք, որ այսօր կան օպերային արվեստի երկրպագուներ, որոնք երկրից երկիր են մեկնում ընդամենը մեկ օպերային ներկայացում դիտելու համար: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում չեմ հիշում աշխարհի մի օպերային թատրոն կամ 25 հազարանոց ստադիոն, որտեղ ներկայացումներն ու օպերային շոուները չանցեն առանց անշլագի: Որոշ վերապահումներով եմ համակարծիք Բարսեղի հետ, որովհետեւ չեմ կարծում, թե օպերային արվեստը մեռնում է: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանան Երեւանի օպերային թատրոնի ղեկավարները: Ոչ մեկին վիրավորել չեմ ուզում: Օպերային ընդամենը ֆանատներ են հարկավոր: Ինձ ներեք, բայց ես պետք է բերեմ ամուսնուս օրինակը: Նա (ամուսինը՝ Քոնդրաթ Քուհնը դրամատուրգ է- Ս. Դ.) օրական 16 ժամ անցկացնում է Վիեննայի օպերային թատրոնում, բացի այն, որ սցենարներ է գրում օպերային ներկայացումների համար, չի կարողանում անտարբեր մնալ ներկայացման հետ առնչվող ոչնչի նկատմամբ: Նրան հուզում են եւ զգեստները, եւ դեկորները…

– Մենք գիտենք, որ Հասմիկ Պապյանի աշխատանքային գրաֆիկը կազմվում է 1-1,5 տարի առաջ: Ձեզ ե՞րբ կտեսնենք Երեւանի օպերային թատրոնում:

– Փոքրիկ ճշտում՝ իմ գրաֆիկը կազմվում է 3 եւ ավելի տարի առաջ, բայց առիթի դեպքում կարողանում եմ այն փոքր-ինչ «դեֆորմացնել»: Այս անգամ հրավիրված էի Հանրային հեռուստատեսության 50 եւ ռադիոյի 80-ամյա հոբելյաններին: Իհարկե, անընդհատ Էդուարդ Թոփչյանից եւ Արամ Ղարաբեկյանից ստանում եմ հրավերներ, բայց ուզում եմ հանդես գալ ոչ թե նորովի, այլ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում: Ձեր թերթի ինտերնետային էջում կարդացի Բարսեղ Թումանյանի հետ հարցազրույցը: Համամիտ եմ երգչի հետ, որ ամեն անգամ պետք է դուրս գալ քո ցանկացած, ոչ թե ուրիշի թելադրած ասելիքով: Ամեն դեպքում, եթե Երեւանում վերաբեմադրվի Պուչինիի «Տոսկան», Վերդիի «Աիդան», անկախ իմ աշխատանքային գրաֆիկից, ես ժամանակ կգտնեմ գալու: Ինչ վերաբերում է հայաստանյան հանդիսատեսին, ես 2004-ին ունեցել եմ մեծ համերգ ու ներկայացրել համաշխարհային օպերային գրականության 12 հատընտիր գործերից արիաներ: Ի դեպ, այսօր արտերկրում ունենք հիանալի ձայներ՝ Մարտիրոսյան երբայրներ, Կարինե Բաբաջանյան եւ այլք: Կուզեի, որ նման անուններին անդրադառնար Երեւանի օպերային թատրոնը եւ շեշտը չդներ արտերկրից հրավիրվածների վրա: Մանավանդ, մերոնք նույն հոնորարով չեն երգի, ինչպես իրենց վճարում են արտերկրում: Մեր արվեստում պետք է ամբիցիաներից վեր կանգնել: Իսկ աշխարհով մեկ սփռված երգիչներս պետք է ամեն ինչ անենք Երեւանի օպերային թատրոնի համար: Ժամանակն է «օպերային» մեխանիզմը շարժելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել