Դեկտեմբերի 14-ին եւ 15-ին տեղի կունենան ԳԱԱ թղթակից անդամների ընտրությունները: Տարբեր մասնագիտություններով 38 տեղի համար կպայքարի
129 հոգի:
Նոյեմբերի 10-28-ը ԳԱԱ բաժանմունքների փորձագիտական հանձնաժողովներում տեղի են ունեցել լսումներ եւ քննարկումներ՝ առաջադրված թեկնածուների վերաբերյալ: Ըստ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, 129 թեկնածուների 70-80 տոկոսը արժանի գիտնականներ են: Իսկ թեկնածուների ցանկը բավական հարուստ է պաշտոնյաներով (Պետական գույքի կառավարման վարչության պետի ներկա եւ նախկին տեղակալներ Աշոտ Մարկոսյան եւ Միքայել Մելքումյան, վերջինը՝ «Բարգավաճ Հայաստանից», ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյան՝ ՀՀԿ-ից), բուհերի ռեկտորներով (ԵՊՀ- Արամ Սիմոնյան՝ ՀՀԿ, Լեզվաբանական- Սուրեն Զոլյան, Տնտեսագիտական-Յուրի Սուվարյան, Ռուս-սլավոնական-Արմեն Դարբինյան, Մանկավարժական-Արտյուշա Ղուկասյան, որ Արա Ավետիսյանի բարեկամն է, «Անանիա Շիրակացի»-Վաղարշակ Մադոյան), բուհերի դեկաններով ու պարզապես ծանոթ-բարեկամներով: Մի խոսքով՝ մարդիկ, ովքեր մեր հասարակությանը ծանոթ են ամենեւին ոչ իբրեւ գիտնականներ: Իսկ ԳԱԱ կանոնադրությամբ, թղթակից անդամ կարող է լինել այն գիտնականը, «ով գիտությունը հարստացրել է առաջնակարգ գիտական հետազոտություններով, ով մեծ վաստակ ունի գիտության մեջ, ակտիվ աշխատող գիտնական է, դպրոց ունի, մասնագետներ է պատրաստում»՝ սա հենց Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերով: Եթե մեզնից յուրաքանչյուրն էլ փորձի ինտերնետում փնտրել ներկայացված թեկնածուների անունները՝ իբրեւ գիտության մեջ հայտնի մարդկանց, շատ քչերին կգտնի: Արդյո՞ք ցանկում ներկայացված բոլոր մարդիկ են համապատասխանում վերոնշյալ պահանջին. «Ճտերն աշնանն են հաշվում, կտեսնենք, հո բոլորը չե՞ն ընտրվի»,- ասում է ԳԱԱ նախագահը:
Մամուլում վերջերս հրապարակված տեղեկատվությունը, թե Ռ. Մարտիրոսյանը եւս այս ցանկում նախընտրելի բարեկամներ ունի, դուր չի եկել ԳԱԱ նախագահին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ բոլորն էլ իր բարեկամներն են, եթե լավն են: Իսկ ինչ վերաբերում է ակադեմիայի քաղաքականացմանը, որ թղթակից անդամների տեղերի համար արդեն միջկուսակցական կռիվներ են գնում, սրան եւս պրն Մարտիրոսյանը համաձայն չէ. «Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ոչ մի կուսակցական կառույց ոչ միջամտել է այս հարցին, ոչ էլ կարող է միջամտել, հակառակ դեպքում կստանա համապատասխան մերժում»: Այս կապակցությամբ հետաքրքիր էին ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի մեկնաբանությունները. «Մենք ոչ մի կուսակցության մեջ չենք եղել ու չենք: Դեռ անորոշ է՝ ով կանցնի, ով չի անցնի»: Պրն Բարխուդարյանը նաեւ համաձայնեց մեր դիտարկմանը, որ շատ արժանի գիտնականներ չեն ներկայացրել իրենց թեկնածությունը՝ մտածելով, որ ներկայացված կոնտինգենտի հետ մրցելով՝ կարող են եւ ոչ արդարացի կերպով «պարտվել»: Բայց, միեւնույն ժամանակ, ակադեմիկոսն ավելացրեց. «Ակադեմիայի ընտրությունները միշտ արդար են եղել, ոչ մի միջամտություն չի լինելու, նախկինում էլ էր այդպես՝ կենտկոմի առաջին քարտուղարները չէին կարողանում իրենց ուզած մարդկանց անցկացնել»:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ով նույնպես թղթակից անդամի թեկնածու է, կարծում է, որ իսկապես մտավախություն կա, որ թեկնածուներից շատերի համար սա պարզապես լրացուցիչ թուղթ ունենալու պես մի բան է, հեղինակության հարց: Պրն Ղազինյանը նաեւ կասկածում է, որ արդար ընտրություններ կանցկացվեն, ինչպես մյուս ոլորտներում. «Մենք ընտրության համար դեռ չենք հասունացել, մեզ մոտ ամեն ինչ պետք է նշանակովի լինի: Այս ընտրություններում ոչ այնքան գիտնականի վաստակը կարող է դեր խաղալ, քան ուրիշ հանգամանքներ:
Իհարկե, բոլոր թեկնածուներին ծանոթ չեմ, բայց ակնհայտ է անառողջ ձգտումը դեպի գիտություն, ինչը մեր գիտությունը մի տեսակ նվաստացնում է: Պաշտոնյաների համար դա կարծես թե դարձել է այսպես՝ ամեն ինչի հետ թող սա էլ լինի, ինչպես հաճախ թեկնածուական, դոկտորական կոչումներ են հանկարծ ձեռք բերում: Այդ միտումը մի պահ էլ Ռուսաստանում նկատվեց, բայց այնտեղ թույլ չտվեցին, որ ակադեմիան «աղտոտվի» չինովնիկներով»: Պրն Ղազինյանը հիշեց, որ խորհրդային շրջանում պաշտոնյաներն իրավունք չունեին հավակնելու գիտական կոչումների. դա կնշանակեր, որ նրանք այնքան պարապ են, որ ժամանակը բավարարում է գիտությամբ զբաղվելու: Եվ նույնիսկ ՆԳ ամենամեծ վարչության՝ պետավտոտեսչության պետը իր դոկտորականը պաշտպանելուց անմիջապես հետո աշխատանքից ազատվեց:
Ի դեպ, մեկ օր առաջ էլ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ատենախոսություն պաշտպանեց՝ քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի համար՝ «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» մասնագիտությամբ: