Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

Դեկտեմբեր 01,2006 00:00

\"\"Եկեղեցին կազդի՞ արական սեռի հայ մանուկների սեքսուալ կողմնորոշման վրա

Հայաստանում մանկական կերերի բիզնեսը կենտրոնացած է մի քանի օլիգարխների ձեռքին: Այդ է պատճառը, որ մեր երկրում գործող առողջապահական կազմակերպություններին չի հաջողվում ինչպես կարգն է վերահսկել այդ շուկան:

Մանկական կերերի բիզնեսը խիստ եկամտաբեր է, այն գերշահույթներ է ապահովում արտադրողների ու ներկրողների համար, ուստի նրանք, հաշվի չառնելով ՀՀ եւ միջազգային օրենքի պահանջները, ամեն գնով իրացնում եւ խթանում են մայրական կաթի փոխարինիչների վաճառքը: Առողջապահական կազմակերպությունների հաշվարկներով՝ ծնողները ամենաէժանագին մանկական կերերի համար տարեկան ծախսում են առնվազն 1000 դոլար: Ավելի թանկարժեք եւ որակյալ կերեր գնելու դեպքում ծախսը կրկնակի է լինում: Սա նույնպես խոսում է բիզնեսի շահույթի չափերի մասին: Արհեստական կերերը Հայաստան են ներկրվում հիմնականում Շվեյցարիայից, Գերմանիայից եւ Ռուսաստանից, իսկ առավել խոշոր ներկրողներն են «Nestle» եւ «Hipp» ընկերությունները. առաջինը, մեր տեղեկություններով, պատկանում է Հայր եւ որդի Երիցյաններին, իսկ երկրորդը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Մինչեւ 6 ամսական երեխաների համար արհեստական կաթնախառնուրդները պետք է տրվեն միայն դեղատոմսերով, սակայն այսօր ոչ մի դեղատուն արհեստական կաթնախառնուրդ գնողներից դեղատոմս չի պահանջում եւ չի էլ փորձում պարզել՝ երեխան, ում համար տանում են կերը, քանի՞ տարեկան է, բժի՞շկն է խորհուրդ տվել, թե՞ ծնողները սեփական նախաձեռնությամբ են որոշել մայրական կաթի փոխարեն նրան արհեստական կերով սնուցել: Ավելին՝ Հայաստանում մանկական կերերն ազատ վաճառվում են ոչ միայն դեղատներում, այլեւ մթերային խանութներում, որտեղ ընդհանրապես հսկողություն չկա:

Բացի վաճառքի հետ կապված խախտումներից, Հայաստան ներկրված կաթնախառնուրդների բաղադրությունն էլ խիստ մտահոգության տեղիք է տալիս: Մեր երկրում դրանց որակն ու բաղադրությունը ստուգելու որեւէ լաբորատորիա չկա: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրին նաեւ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը եւ «Վստահություն» առողջապահական հ/կ նախագահ Սուսաննա Հարությունյանը: Ըստ տիկին Հարությունյանի, ավելի շատ վտանգավոր են սոյայի հիմքով եւ արհեստական սպիտակուցներով կաթնախառնուրդները. «Այն երեխան, որ օգտագործում է սոյայի հիմքով կաթնախառնուրդ, օրվա ընթացքում մի քանի անգամ ավելի շատ կանացի հորմոններ է ստանում, քան կինը, երբ ընդունում է հակաբեղմնավորիչ պրեպարատներ»: Այսինքն, սոյայի հիմքով մանկական կերերը, որոնք մեծ խմբաքանակներով ներկրվում են Հայաստան, հատկապես տղա երեխաների վրա այնպիսի բացասական ազդեցություն են թողնում, որ նրանց մեջ կանացի հորմոններ առաջացնելով՝ նպաստում են հոմոսեքսուալության զարգացմանը: Տիկին Հարությունյանի տեղեկացմամբ, արդեն մի քանի տարի է՝ չիմանալով դրանց վտանգի մասին, սոյայի հիմքով կաթնախառնուրդներ մեր երկիր, որպես օգնություն, ներմուծում է նաեւ Հայ Ավետարանչական եկեղեցին, որը նման ծրագիր ունի ԱՄՆ-ի հետ: Թե եկեղեցին որքանով է նպաստել հայ մանուկների հոմոսեքսուալ դառնալուն, կերեւա հետագայում, երբ նրանք մեծանան ու կողմնորոշումները ճշտեն:

Եկեղեցին կերերը բաժանել է անապահով ընտանիքներին եւ արհեստական կերերով սնվող երեխաներին:

Մասնագետները վստահեցնում են, որ որոշ փոշի կաթնախառնուրդների մեջ կան 40 տոկոս մահաբերություն առաջացնող միկրոբներ: Ընդ որում, մինչեւ մեկ ամսական երեխաների համար դրանք խստիվ արգելվում են, մինչդեռ տուփերի վրա նշված է, որ 0-6 ամսական երեխաների համար է:

Հիշեցնենք, որ վերջերս «Նեսթլե» ընկերության մանկական կերերի մեջ հայտնաբերվել էր տուփի վրայի ներկանյութը, որը վնասակար էր առողջության համար: Սա մեծ աղմուկ բարձրացրեց մանկական կերերի շուկայում, եւ ընկերությունը աշխարհի բոլոր երկրներից կերերի այդ խմբաքանակը հետ հավաքեց: Ս. Հարությունյանի հավաստմամբ՝ «համաշխարհային շուկայի բոլոր խանութներից հավաքեցին, բացի՝ Հայաստանից, մեր երեխաները կերան այդ ներկով կերերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել