ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում նոյեմբերի 30-ին ավարտվեց փաստաթղթեր կեղծելու միջոցով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող, «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեմ գործով դատաքննությունը:
Մինչ այդ փուլի ավարտը, դատարանը լսեց դատաքննությունը լրացնելու նպատակով կողմերի արած միջնորդությունները: Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գործին կցել զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով 1 մլն դրամ (մոտ 2,6 հազ. ԱՄՆ դոլար) վճարման մասին անդորրագիրը:
Ըստ պաշտպանական կողմի, օրենքով նախատեսված կարգով Ա. Բաբաջանյանին քրեական հետապնդումից ազատելու համար հոկտեմբերի 16-ին դիմում է ներկայացվել համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին: Օրենքով նախատեսված է, որ դիմումի վերաբերյալ որոշում պետք է ընդունվի մեկամսյա ժամկետում, երկամսյա ժամկետ նախատեսվում է դիմումի քննության համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու պարագայում, սակայն այդ դեպքում դիմումատուն պետք է ծանուցվի, ինչը չի արվել: Ուստի, ըստ պաշտպանական կողմի, դիմումը համարվում է բավարարված:
Սակայն մեղադրող կողմը գտնում էր, որ գումարի մուծումը պետք է արվեր միայն հանձնաժողովի պաշտոնական դրական որոշման առկայության դեպքում: Նույն տեսակետին էր նաեւ դատարանը:
Այնուհետեւ սկսվեց դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրող Ժաննա Կոտիկյանը պնդեց, որպեսզի առաջին ատյանի դատարանի` փաստաթղթեր հափշտակելու մեղադրանքով արդարացման դատավճիռը բեկանվի: Պաշտպանական կողմը դատարանից խնդրեց ժամանակ տրամադրել ճառերին պատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 11-ը: