Թուրքիայի հետ բանակցությունները մասնակիորեն դադարեցնելու մասին Եվրահանձնաժողովի կայացրած որոշումը հետաքրքիր խորհրդածությունների տեղիք է տալիս:
Հետաքրքիրն այստեղ ոչ թե բուն որոշումն է, այլ դրա նկատմամբ պաշտոնական Անկարայի արձագանքը: Այն շատ պարզորոշ ցույց է տալիս, թե հայկական գիտակցության մեջ առավելապես թշնամու կերպարով հանդես եկող թուրքերը, իսկ ավելի որոշակի՝ թուրք քաղաքական գործիչները որքան նման են իրենց հայաստանյան համարժեքներին:
Ինչպես հայտնի է, ԵՀ-ի հիշյալ որոշման հիմնական պատճառը Թուրքիայի հրաժարումն է Հարավային Կիպրոսի առջեւ իր նավահանգիստներն ու օդակայանները բացելուց: Թուրք իշխանավորները միամիտ չեն: Նրանք ԵՄ-ի հետ բանակցությունների մեկնարկի առաջին իսկ ակնթարթից հրաշալի գիտեին, որ Բրյուսելը, իբրեւ բանակցությունների շարունակման պարտադիր պայման, իրենց առաջարկելու է բացել այդ նավահանգիստները: ԵՄ-ի պահանջն առավել քան բնական է: Որ Անկարան հրաժարվում է բացել Հայաստանի հետ իր սահմանը՝ դեռ կարելի է հասկանալ: Բայց համառորեն չբացել օդակայաններն ու նավահանգիստները ԵՄ-ի անդամ երկրի առջեւ ու, միեւնույն ժամանակ, ձգտել մաս կազմել այդ նույն միությանը, առավել քան տարօրինակ է: Ավելի տարօրինակ է Անկարայի զայրալից արձագանքը: Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի հաղորդմամբ, վարչապետ Էրդողանը Ռիգայից վերադառնալուց առաջ լրագրողներին հայտնել է, թե ԵՄ-ում նախագահող Ֆինլանդիայի վարչապետն առաջիկա օրերին ժամանելու է Թուրքիա, եւ հանձին վերջինի, ինքը մտադիր է պարզաբանումներ պահանջել Եվրամիությունից: Փաստորեն, իր այս տարօրինակ վարքագծով ի սկզբանե կանխորոշելով Եվրահանձնաժողովի արձագանքը, թուրքերը դեռ լրացուցիչ պարզաբանումներ են պահանջում: Նրանք, իհարկե, Կիպրոսին չընդառաջելու իրենց պատճառներն ունեն, ինչը քննության առնելու նպատակ մենք հիմա բնավ չունենք: Բայց չէ՞ որ այդ դեպքում կարելի էր ուղղակի չսկսել ԵՄ-ին անդամակցման բանակցությունները՝ դրանք հետաձգելով մի ավելի հարմար պահի:
Ահա հենց այս համառությունն է, որ նրանց նմանեցնում է հայաստանյան գործիչներին: Ինչպես հայտնի է, հայերի ցեղասպանության մասին խոսելիս թուրք պետական այրերը, պատմական հանրահայտ փաստերը համառորեն անտեսելով, ասում են. «Այո, եղել են սպանություններ, եղել է ողբերգություն, բայց ցեղասպանություն չի եղել»: Տառացիորեն նույն կերպ են վարվում, այսինքն՝ բացահայտորեն ստում են ՀՀ իշխանության ներկայացուցիչները, երբ մեկնաբանում են, ասենք, 2005թ. Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն: «Այո,- մեծահոգաբար անկեղծանում են նրանք,- ոչ ոք չի ժխտում, որ դրա ընթացքում եղել են խախտումներ, բայց ոչ մի դեպքում չի կարելի խոսել համապարփակ կեղծման մասին»: Ընդ որում, եթե թուրք պաշտոնյաները համառում են 90-ամյա եղելությունը խոստովանելու հարցում, ապա նրանց հայ պաշտոնակիցները ժխտում են մի բան, որը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ, ողջ հասարակության աչքի առջեւ: Ինչ կա որ՝ ստեք որքան ուզում եք: Բայց այդ դեպքում պետք չէ ստելու մեջ մեղադրել ուրիշներին: