Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կարող է ընդդիմություն դառնալ

Դեկտեմբեր 01,2006 00:00

\"\"Երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի երեկ հնչեցրած առաջին ուշագրավ հայտարարությունն էր, թե Լեռնային Ղարաբաղն էլ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից, որն օկուպացրել է ԼՂՀ տարածքների 20 տոկոսը՝ Շահումյանն ու Մարտակերտը: «Խոսքը ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձեւավորված երկու իրավահավասար պետությունների մասին է. Լեռնային Ղարաբաղը պետք է այնքան իրավունք ունենա խոսել տարածքային ամբողջականության մասին, որքան Ադրբեջանը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Երկրորդ ուշագրավ հայտարարությունը հնչեց, երբ լրագրողները փորձում էին տարբեր հարցերով պարզել, թե արդյոք ՀՅԴ-ն համաձա՞յն է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի վարած քաղաքականության հետ: Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե Դաշնակցությունը խնդիրը դիտարկում է փաթեթի շրջանակում, եւ քանի դեռ չկա ամբողջական փաթեթ՝ չի կարող ասել՝ համաձա՞յն են իշխանության վարած քաղաքականությանը, թե՞ ոչ. «Որպեսզի կարողանաք ասել՝ այս հարցն ի վերջո հայանպաստ կամ արդար լուծում ունեցավ, թե ոչ՝ այդ ամբողջական փաթեթը պետք է տեսնեք: Այդ փաթեթը մենք այսօր չենք տեսել. հենց դա՛ է ամբողջ հարցը: Կհրապարակվի այդ փաթեթը՝ ամեն մեկն արդեն կսկսի դետալների մեջ խորանալ ու գնահատել, թե գումարային առումով սա ընդունելի՞ է, թե՞ ոչ»: Սակայն նշեց, որ եթե իրավիճակն ամբողջությամբ պարզվելուց հետո անհամաձայնություններ առաջանան, ապա ՀՅԴ-ն գիտի՝ ինչ է անելու: «Ի՞նչ էինք անում Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ. նույն բանն ենք անելու՝ ընդդիմություն ենք դառնալու, որովհետեւ մենք խնդիր ունեինք ուղեգծի փոփոխության: Մենք ասում ենք՝ 1998 թվականին ուղեգիծ է փոխվել: Մեր ազգային այդ ուղեգծի փոփոխությունը շատ հստակ է՝ պետք է ուղղված լինի ինչ-որ նպատակների իրականացման՝ վեկտորը պետք է երեւա»:

Եվ երրորդ ուշագրավ հայտարարությունը. Արմեն Ռուստամյանը հայ լրագրողներին խորհուրդ տվեց չվստահել ադրբեջանական աղբյուրներին, իսկ ԼՂ բանակցային գործընթացին «անդրադառնալ այնքանով, որքանով իսկապես պաշտոնական լրատվության հետ է առնչվում, պաշտոնական լուրերն են, որոնք տեղեկատվության իմաստով իսկապես արժանահավատ են»: Որպես այդպիսին, մատնանշեց նաեւ միջազգային հանրության արձագանքները, համանախագահների ելույթները: Իսկ թե ինչ անեն լրագրողները, երբ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի մատնանշած բոլոր արժանահավատ աղբյուրները լռում են, ինչպես օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի Մինսկից վերադառնալու պարագայում, այդպես էլ հայտնի չդարձավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել