«ՀՀ օրհներգի մասին» 1-ին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն այսպես է գնահատում օրհներգի ընտրության մրցութային հանձնաժողովի նախկին անդամ, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը:
– Ինչպե՞ս եք գնահատում այս օրինագծով գտնված լուծումը, որ «Մեր Հայրենիքն» ուժի մեջ է մնալու անժամկետ՝ մինչեւ օրհներգի տեքստն ու երաժշտությունն օրենքով սահմանելը:
– Գնահատում եմ որպես «ոչ ձուկ, ոչ միս» տարբերակ: Եկանք ու փաստորեն նույն կոտրած տաշտակի առջեւ կանգնեցինք: Ունեցանք այն, ինչ ունեինք, եւ էլի՝ օրենքի կողմից չորոշակիացված «հիմքերով»: Մի բան, որ կանխագուշակում էի ամռանը, երբ այդ տխրահռչակ «հանձնաժողով» կոչվածը սկսել էր աշխատել բավական անհաջող:
Այս խառնիճաղանջ մթնոլորտում, ժողովրդի կողմից բացարձակ անտարբերության պայմաններում (հասարակության կողմից ակտիվություն չեմ համարում այն առաջարկները, որ դրսեւորվում էին հիմնի իրենց տարբերակներն առաջարկելով) ինչ-որ տեղ արդարացված եմ համարում այն կարծիքը, որ պահանջ չի հասունացել հիմնի փոփոխման: Երրորդ կողմը՝ մտավորականությունը նույնպես բացարձակ անպատրաստ էր նման գործառույթի՝ հիմնի նոր տարբերակ ընտրել կամ հաստատել հինը: Եվ այն խառնիխուռն, մակերեսային, հաճախ ծիծաղելի մտքերը, որոնք հաճախ հնչում էին, այսպես կոչված, մտավորականության ճամբարից՝ նույնպես վկայում էին, որ այս հարցը մարդկանց արյան մեջ նստած չէ:
Չպահանջվածության այս հանգամանքն էլ արտահայտվեց Ազգային ժողովում: Ամենախառն մթնոլորտ էր՝ մարդիկ հիմնի հարցին հաճախ մոտենում էին իրենց անձնական տեսանկյուններից՝ անտեսելով հարցի խորը կարեւորությունը:
Համենայնդեպս, օրենքի այս տարբերակն այսօր չարյաց փոքրագույնն է: Թող այսպես մնա, մինչեւ հիմնի հետ կապված հարցերի բնականոն հասունացումը՝ հի՞նը կլինի, թե՞ նոր տարբերակ: Այդ իմաստով՝ ես դժգոհ չեմ ԱԺ-ում 1-ին ընթերցմամբ ընդունված այս օրենսդրական նախաձեռնությունից, որն իրերը փաստորեն թողնում է նույն տեղում: Սա այն դեպքն է, որ լավ է՝ «նավակը չճոճեցին», քանի որ կարող էր խորտակվել՝ ավելի վատ լինել:
– Դուք հերթական անգամ քննադատեցիք մրցութային հանձնաժողովին: Մինչդեռ հանձնաժողովի նախագահ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ԱԺ-ում պնդեց, թե այդ հանձնաժողովն իրականացրել է շատ առողջ ու անաչառ գործընթաց: Ու նաեւ նշեց, թե հանձնաժողովի հասցեին քննադատությունը «սուբյեկտիվ, մերկանտիլ հետաքրքրությունների շրջանակում անառողջ ելույթներ» էին:
– Հասմիկ Պողոսյանն այդ հանձնաժողովում ոչինչ չվճռող մի անձնավորություն էր: Նա իր նախորդից ժառանգություն էր ստացել այդ հանձնաժողովը՝ իր կազմով, աշխատանքների ընթացակարգով ու կանոնակարգով: Եվ Հասմիկ Պողոսյանն ընդամենը կատարում էր այն, ինչ իրեն հուշում էր իրադրությունը: Իրավիճակային լուծումներ՝ թելադրված հանձնաժողովում ու դրսում առկա տրամադրություններով ու սեփական կարծիքը որեւէ կերպ չարտահայտելու ցանկությամբ: Նա գնում էր հոսանքին հանձնված: Այդ իմաստով՝ եթե Հասմիկ Պողոսյանը կարող է բավարար ու նույնիսկ լավ գնահատել հանձնաժողովի աշխատանքը՝ բան չունեմ ասելու. գուցե ինքն իր տեսանկյունից ճիշտ է: Բայց իրականում այդ հանձնաժողովը բավական հաճախ ոչ կոմպետենտ, եւ շատ հաճախ՝ անձնավորված, չխորացած, քաղաքական տարբեր տրամադրություններին ենթարկվող, ըստ էության՝ «ջուրծեծոցի» աշխատանք կատարեց: Այդ «ջուրծեծոցիի» արդյունքը, այսինքն՝ հանձնաժողովի արդյունք չունենալը հենց դա էլ ցույց է տալիս: Արդյունք չտվեց, քանի որ կառավարությունը չընդունեց այդ հանձնաժողովի աշխատանքը, որից, հիշեցնեմ, դուրս եկա աշխատանքների գրեթե կեսից՝ տեսնելով, որ սա բացարձակորեն ոչինչ չվճռող, ընդամենը՝ հավաքվելու, «չանա թուլացնելու», անձնավորված, հասարակական ու պետական ոչ մի մտահոգություն չունեցող, հիմնավորված դիրքորոշում չունեցող մարմին է:
Եվ այն, ինչ կատարվեց խորհրդարանում՝ ապացուցեց, որ հանձնաժողովը դատարկ գործ է արել: Հանձնաժողովի աշխատանքներից գոհ Հասմիկ Պողոսյանը կարծեմ լավ գիտի կառավարության ու վարչապետի, ԱԺ մի շարք ելույթներում հնչած կարծիքները, որ հանձնաժողովը լավ չի աշխատել եւ չի ներկայացրել այնպիսի առաջարկ, որ ընդունելի լիներ: Կառավարությունը մերժեց հանձնաժողովի «աշխատանքի» արդյունքը եւ որոշեց անժամկետ նույնը թողնել հիմնը: Սրանով հանձնաժողովի աշխատանքը համարվեց բացարձակորեն անհաջող. սրանից ավելի ճիշտ գնահատականն էլ ո՞րն է լինում: Այդ իմաստով՝ նախարարի ինքնագնահատականը ոչինչ չի որոշում: Դա ընդամենը դեմքը փրկելու փորձ է՝ վատ խաղի ժամանակ:
Հ. Գ. Դավիթ Հովհաննեսը նաեւ նկատեց, որ թեեւ ԱԺ քննարկումների ընթացքում Հասմիկ Պողոսյանը խոսում էր հանձնաժողովի 20 անդամների մասին՝ «Նիստերին երբե՛ք 20 հոգի ներկա չի եղել, առավելագույնը՝ 16-17»: