Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Դեկտեմբեր 01,2006 00:00

\"\"Այդ հարցը ներառված է Հայաստանի ու Ադրբեջանի համար հաստատված «Գործողությունների ծրագրում»

Նոյեմբերի 14-ին Բրյուսելում «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում Եվրամիությունը հաստատեց Հայաստանի եւ Ադրբեջանի «Գործողությունների ծրագիրը»: Այդ ընդգրկուն փաստաթղթում մատնանշված են գործողությունների առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացնեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները: Ու թեեւ ԵՄ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ անհատական մոտեցումներ է ցուցաբերել, այդուհանդերձ, «Գործողությունների ծրագրում» մատնանշված առաջնահերթությունները տեղ-տեղ նաեւ ընդհանրություններ ունեն: Դրանք վերաբերում են մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու այլ ոլորտներին: Սակայն փաստաթղթում երկու երկրների համար էլ կարեւոր առաջնահերթություն է համարվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, որի ուղղությամբ մատնանշված են իրականացվելիք կոնկրետ միջոցառումները: Ադրբեջանի համար հաստատված «Գործողությունների ծրագրում» այս խնդրին առնչվող մի քանի կետ կա. «Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով դիվանագիտական ջանքերի ավելացում եւ աջակցություն ԼՂ-ում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, ԵԱՀԿ որոշումների ու ընդունած փաստաթղթերի, նաեւ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւերի հիման վրա քաղաքական աջակցության ավելացում ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, մարդկանց միջեւ կապերի զարգացման խրախուսում, ԼՂ հարցի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի արագացման մեջ շահագրգիռ պետությունների եւ ԵՄ-ի հետ երկխոսության ինտենսիվացում, տարածքների ականազերծման ուղղությամբ նախաձեռնությունների առաջադրում, ներքին տեղահանվածներին ու փախստականներին աջակցության ցուցաբերում, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանն ուղղված քարոզչություն» եւ այլն: Հայաստանի համար հաստատված ծրագրում ԼՂ-ին վերաբերող հատվածը թեեւ հիմնականում նույնն է, այդուհանդերձ, մի շատ կարեւոր տարբերություն կա: Մեր դեպքում փաստաթղթում այսպիսի տողեր կան, որոնք վերաբերում են ինքնորոշման իրավունքի սկզբունքին՝ «ավելացնել քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին միջազգային նորմերի եւ սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, հիման վրա հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերում»: Ադրբեջանական աղբյուրները, որոնք հրապարակել են այդ երկրի համար հաստատված ծրագիրը, ոչ մի տեղ չեն մատնանշում, թե այդ փաստաթղթում շեշտված է խնդրի կարգավորումը տարածքային ամբողջականության հիման վրա: Ադրբեջանական մամուլի հրապարակումներն, անշուշտ, դոգմաներ չեն, բայց պետք է ենթադրել, որ նման դրույթի առկայության դեպքում նրանք դժվար թե դա շրջանցեին:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի՝ Հայաստանին ու Ադրբեջանին առաջադրած մյուս առաջնահերթություններին, ապա մեր հարեւան երկրի համար այդպիսիք են համարվել «ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի առջեւ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան ժողովրդավարության ամրապնդումը, այդ թվում՝ արդար ու ժողովրդավարական ընտրությունների, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների, օրենքի գերակայության պաշտպանության ջանքերի գործադրման միջոցով»:

Դրանք նույնն են, իհարկե, նաեւ Հայաստանի դեպքում: Կարեւորելով «ժողովրդավարական կառույցների, օրենքի իշխանության ամրապնդումը՝ ներառյալ դատաիրավական համակարգի բարեփոխումներն ու խաբեությունների, կոռուպցիայի դեմ պայքարը», ԵՄ-ն մատնանշել է այդ ուղղությամբ հատուկ գործողությունների ցանկը, որոնցից են՝ «ապահովել ընտրական համակարգի գործունեությունը ԵԱՀԿ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման այլ միջազգային չափանիշներին լրիվ համապատասխանությամբ՝ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համահունչ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների եւ ընտրական վարչակարգի բարելավման միջոցով»։ Առաջարկվել է «ապահովել մամուլի անկախությունը, հավաքներ կազմակերպելու ազատությունը՝ միջազգային պարտավորությունների եւ ԵԽ ու ԵԱՀԿ առաջարկությունների համաձայն, շարունակելով կատարելագործել «Հանրահավաքների եւ ցույցերի մասին» օրենքը՝ ապահովել անձնական սեփականության իրավունքի պաշտպանությունը, բանտային համակարգի հետագա բարեփոխումը»:

ԵՄ կողմից հաստատված «Գործողությունների ծրագրում» մատնանշված առաջնահերթությունները թեեւ իմպերատիվ բնույթ չեն կրում, բայցեւ նախատեսում են դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն: ԵՄ-ն երկու տարի հետո կհրապարակի ՀՀ-ում ծրագրի իրականացման մոնիտորինգի հիման վրա կազմած իր առաջին զեկույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել