Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆ Է

Նոյեմբեր 30,2006 00:00

\"\"Օրերս Հայաստանում գործող կուսակցություններից մեկի ղեկավարը Հայաստանի հեռուստաալիքներից մեկի եթերում խիստ բացասական կարծիք հայտնեց Հայկական համաշխարհային կոնգրեսի (ՀՀԿ) գործունեության վերաբերյալ:

Այդ հայտարարությունը քննարկելու եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանին պաշտպանելու մտքից հեռու լինելով, ուզում ենք ընդամենը փաստել, որ հենց միայն աշխարհի բոլոր հայերին միավորելու գաղափարն արժանի է հարգանքի:

Ցանկացած կազմակերպության, դա լինի քաղաքական, թե հասարակական, իրական գործունեության մասին դատել կարելի է անգամ դրա՝ թեկուզ մեկ մասնաճյուղի կատարած աշխատանքով:

ՀՀԿ-ն, առավել եւս դրա ղեկավար Արա Աբրահամյանը, արված այդ հայտարարության առիթով որեւէ քննարկում կազմակերպելու կամ պաշտպանվելու խնդիր չունի: Բայց որ հատկապես մեր ժամանակներում աշխարհի հայությանը միավորելու անհրաժեշտությունն ընտրյալների խնդիր է՝ միանշանակ է: ՀՀԿ կառուցվածքում արդեն ութ ամիս գործում է սպորտի դեպարտամենտը, որի խնդիրն աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական համայնքներում մարզական ակումբներն ու կազմակերպությունները համախմբելն է: Իհարկե, ցանկացած կուսակցություն իրավասու է արտահայտել իր մտքերն ու տեսակետը: Մենք դեմ չենք օբյեկտիվ, լուրջ հիմնավորմամբ քննադատությանը: Բայց կարծում ենք, որ արտահայտվելու բարոյական իրավունք ունի այն կազմակերպությունը կամ անհատը, ով դրա իրավունքն իսկապես ունի: Տվյալ պարագայում ես նկատի ունեմ Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ընդհանուր իրավիճակը, որին ՀՀԿ նախագահը մշտապես անչափ մեծ կարեւորություն է տալիս: Մենք՝ մարզիկներս, քաղաքականության հետ առնչություն չունենք: Մեր գործը մեր երկրի համար մեդալներ նվաճելն ու աշխարհի տարբեր ծագերում Հայաստանի պետական դրոշը բարձրացնելն ու օրհներգը հնչեցնելն է: Իսկ թե դրա համար նախնական ի՞նչ չարչարանք է պետք կրել եւ դա ի՞նչ գնով է ձեռք բերվում, գիտենք մենք՝ մարզիկներս: Այ, հենց այդ պատճառով է, որ ցանկանում եմ անպայման պատասխանել տվյալ կուսակցության հայտարարությանը, որը հաստատ իր առջեւ դրված ծրագրի ոչ բոլոր դրույթներին է հետամուտ լինում: Ես խոսում եմ ոչ միայն իմ, այլեւ շատ ու շատ մարզիկների, այդ թվում՝ օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոնների անունից, ովքեր ժամանակին հարկադրաբար թողել են հայրենիքը եւ մի կտոր հանապազօրյա հաց վաստակելու համար հեռացել են երկրից, ու այսօր, ի նշան նրանց հաղթանակների, բարձրացվում են այլ երկրների պետական դրոշները, հնչում մեզ համար օտար օրհներգեր: Իսկ Հայաստանում մնացած անվանի մարզիկների մի զգալի հատվածն իր օրվա հացը վաստակում է այս կամ այն մեծահարուստի մոտ նվաստացուցիչ թիկնապահ աշխատելով: Փողատերի համար հաճախ նշանակություն չունի, թե իր մեքենայի դուռն ով է բացում՝ օլիմպիակա՞ն, թե՞ աշխարհի չեմպիոնը: Կյանքից կամ իրենց կարգավիճակից դժգոհ, բայց նաեւ Հայաստանում գործող ու Հայաստանի դարդերից տառապող կուսակցությունները չգիտե՞ն, թե ինչ վիճակում են երկրում, ասենք, ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը: Տեղյակ չե՞ն, որ սպորտը Հայաստանում գրեթե ճգնաժամային վիճակում է, որ դրամը այսօր չի բավարարում նույնիսկ օլիմպիական մարզաձեւերին: Ոչ օլիմպիական մարզաձեւերի մասին նրանց այս պահին հիշեցնելն անգամ գուցե ավելորդ է: ՀՀԿ-ն, տեղյակ լինելով այս վիճակին, բավականին լուրջ ներդրումներ է կատարում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Գաղտնիք չէ, որ որոշ մարզաձեւերում Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերի են մեկնում ու մեդալներով են տուն վերադառնում հովանավորների, այդ թվում նաեւ ՀՀԿ-ի շնորհիվ: Իսկ քանի՞ անվանի մարզիկ է ՀՀԿ-ի հովանավորությամբ միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներում հանդես գալիս ու հայոց եռագույնը պարզում հենց ՀՀԿ-ի անմիջական ֆինանսավորման շնորհիվ: Այս մասին պե՞տք է, արդյոք, բարձրաձայնել: Ավելին, ՀՀԿ-ի կառուցվածքում գործող մարզական դեպարտամենտն արդեն 56 երկրներից 14-ում տեղի հայկական համայնքների հետ համատեղ հիմնել է հայկական մարզական ակումբներ: Եվ այդ աշխատանքն ավելի լայն թափ է ստանալու 2007 թվականի համար հաստատված Կոնգրեսի բյուջեով:

ՀՀԿ-ն եւ Արա Աբրահամյանը չեն ձգտում փոխարինել պետությանը: Դրա անհրաժեշտությունը չկա: Բայց իրենց հնարավորությունների սահմաններում միշտ էլ պատրաստակամ են անշահախնդիր աջակցել Հայաստանին, այդ թվում նաեւ սպորտի բնագավառում, նպաստել լավագույն ավանդույթների վերածնմանը: Եվ դրան խանգարելը բարոյական չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել