Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այո, եղել է ողբերգություն»

Նոյեմբեր 30,2006 00:00

\"\"Առանց «ցեղասպանություն» բառն ասելու՝ երեկ այսպես արտահայտվեց թուրք լրագրող Նուրսուն Էրելը:

Երեկ «Երեւան» հյուրանոցում «Այլընտրանքային մեկնարկ» քաղաքացիական նախաձեռնությունը եւ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը կազմակերպել էին հանդիպում The New Anatolian թերթի (Անկարա) քաղաքական բաժնի խմբագիր, TRT Radio1 ռադիոընկերության մեկնաբան Նուրսուն էրելի, ադրբեջանցիներ՝ գրող, հրապարակախոս Ալեքպեր Ալիեւի եւ կոմպոզիտոր Էլմիր Միրզոեւի հետ: Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի նախ մտավորականների մակարդակով Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա երկխոսություն սկսել, թե չէ՝ «խոսում ենք միմյանց մասին, բայց չենք խոսում միմյանց հետ»:

Երեկ հյուրերը պետք է հանդիպեին նաեւ ԵՊՀ ուսանողության հետ, սակայն, ըստ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանի, անհայտ պատճառներով, հանդիպումը հանվել էր: Փորձեցինք համալսարանից ճշտել պատճառը: ԵՊՀ-ից հավաստիացրին, թե իբր թուրք եւ ադրբեջանցի մտավորականների՝ ուսանողության հետ հանդիպման չկայանալու պատճառը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի 15-ամյակին նվիրված միջոցառումն էր:

Ադրբեջանցի եւ թուրք հյուրերը մեր երկրում կմնան մինչեւ դեկտեմբերի 7-ը՝ հայաստանցի լրագրողների ու բուհերի լրագրության բաժնի ուսանողների հետ շփվելու համար: Ադրբեջանցիները ափսոսանքով նկատեցին, որ միայն Հայաստանում են նման հանդիպումները հնարավոր, քանի որ իրենց երկրում «դեռ ապրում է թշնամու կերպարը»: Նրանք ծիծաղելով պատմում էին, թե Հայաստան մտնելիս ինչպես են վրացի սահմանապահները իրենց 10 անգամ զարմանքով հարցրել. «Հաստատ գիտե՞ք, թե ուր եք գնում, լա՞վ եք մտածել»:

Ինչ վերաբերում է թուրք լրագրողին, նա ներկայացրեց մամուլի վիճակը Թուրքիայում, փորձելով հիմնավորել, որ այնտեղ խոսքի ազատության սահմանափակում ու թեմաների առումով տաբուներ չկան: «Թուրքական մամուլը հակասական է, երբեմն ապակողմնորոշված, բայց ոչ երբեք դոգմատիկ ու մոլագար»,- նշեց Նուրսուն Էրելը: 1915թ. Հայոց եղեռնի մասին էլ ասաց. «Անձամբ ես կարծում եմ, որ ողբերգություն եղել է, բայց ժողովուրդների պատմական ողբերգությունները չպետք է մոլագարության հասնեն»: «Առավոտի» հարցին՝ թուրք լրագրողն այցելե՞լ է Ցեղասպանության թանգարան, եթե այո, ինչպիսի՞ զգացողություն է ունեցել, Ն. Էրելը պատասխանեց. «Ես առաջին անգամ չեմ Հայաստանում, 2001-ին էլ եմ եղել ձեր երկրում: Դեռ այն ժամանակ այցելել եմ Ցեղասպանության թանգարան, հանդիպել տնօրեն Լավրենտի Բարսեղյանի հետ: Հնարավորության դեպքում նորից կայցելեմ: Ուզում եմ նշել մի բան, որ ես պատմաբան չեմ: Ու նույնիսկ աշխարհի պատմաբանները համաձայնության չեն եկել այդ հարցի (նկատի ունի ցեղասպանությունը- Գ. Հ.) վերաբերյալ: Հակասական փաստաթղթեր կան, որոնցից տարբեր եզրակացություններ կարելի է անել»:

Միջոցառմանը ներկա էին նաեւ հայ փախստականներ Ադրբեջանից: Նրանցից մեկն ասաց, որ ողջ կյանքն ապրել է Գյանջայում, սակայն այժմ չի կարողանում իր հայրենիք գնալ. «Թուրքիայի հետ էլ խնդիր ունենք, բայց ես հանգիստ գնում- գալիս եմ Ստամբուլ: Մինչդեռ իմ ծննդավայր գնալը վտանգավոր է»: Ա. Ալիեւն այս առիթով ասաց. «Ես շատ հաճախ եմ այն հարցի հետ առնչվում, որ հայերն ավելի հեշտ են Թուրքիա մեկնում, չնայած ցեղասպանությունն ընդունված չէ, մինչդեռ նույնը հնարավոր չէ Ադրբեջանում: Ախր Թուրքիան հսկայական կայսրություն է, որի կազմում բազմաթիվ ժողովուրդներ են ապրել: Թուրքերը թերարժեքության բարդույթ չունեն, ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը՝ գաճաճ, աննշան, անլուրջ երկրները»:

Էլմիր Միրզոեւն էլ առաջարկեց, որ գոնե սկզբի համար մշակույթի ոլորտում հանդուրժողականություն ցուցաբերվի, որովհետեւ «բոլոր կողմերն էլ դեռ շատ ջանք պիտի թափեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել