Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վեց ամիս հետո քաշվելու ենք

Նոյեմբեր 30,2006 00:00

\"\"Գազի սակագինն առայժմ կիջնի, բայց այդ ուրախությունն ընդամենը վեց ամիս կտեւի

2007-ի հունվարի 1-ից բնակիչները 1 խմ սպառած գազի դիմաց 90-ի փոխարեն կվճարեն 84 դրամ, այսինքն՝ 6 դրամով էժան: Երեկ այսպիսի որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Լուրջ տրամաբանություն կա մտածելու, որ հանձնաժողովի այս «ազգանպաստ» որոշումն անմիջական կապ ունի խորհրդարանական ընտրությունների հետ, որովհետեւ բնակիչների համար գազի գինն էժանանում է ընտրություններից ընդամենը 6 ամիս առաջ, իսկ 6 ամիս հետո արդեն, երբ ընտրություններն ավարտված կլինեն, ինչպես հաստատեց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, նորից հանձնաժողովին դիմելու են՝ բնականաբար, գազի գները բարձրացնելու հայտով: Այսինքն, կոպիտ ասած, հիմա ազգաբնակչությանը «կուտ են տալիս», որ ընտրությունները մի կերպ անցկացնեն, իսկ հետո թե ովքեր կբողոքեն, Եվրոդատարան կդիմեն, քաղաքական ապաստան կուզեն՝ իրենց խնդիրն է: Երեկ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը փորձում էր համոզել, որ իրենց որոշումը քաղաքականության հետ որեւէ կապ չունի եւ որ հարցն ունի տնտեսագիտական հիմնավորումներ, սակայն թե ինչ կլինի 6 ամիս անց, հանձնաժողովը որեւէ խոստում կամ երաշխիք չի տալիս՝ ասելով, թե «կյանքը ցույց կտա»:

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդը» հանձնաժողովին առաջարկել էր բարձրացնել 10 հազար խմ-ից ավելի գազ սպառողների համար գործող 146.5 դոլար սակագինը՝ դարձնելով այն 178 դոլար, իսկ բնակիչների համար սակագինը թողնել անփոփոխ: Հանձնաժողովը չնայած որոշեց բնակիչների համար գազի սակագինն իջեցնել, բայց մոտ 7 դոլարով գինը բարձրացրեց արդյունաբերողների համար՝ դարձնելով այն 153.26 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Սակայն մեծ հաշվով արդյունաբերողների համար էլ գազն էժանանում է՝ կապված դոլարի փոխարժեքի անկման հետ: Այս տարվա ապրիլին, երբ հաստատվեց 146.5 դոլար սակագինը, դոլարի կուրսը 420 դրամ էր, հիմա այն մոտ 370 դրամ է եւ սակագինը դրամային արտահայտությամբ 1000 խմ-ի հաշվարկով մոտ 5000 դրամով իջել է: Եթե արդյունաբերողների համար գազի սակագինը բարձրանար, բնականաբար այն հարվածելու էր նաեւ բնակչի գրպանին, որովհետեւ գազով արտադրվող բոլոր ապրանքների գները կթանկանային:

«ՀայՌուսգազարդը» սակագների բարձրացումը հիմնավորում էր ընկերության մեծ ծախսերով՝ աշխատողների թվի ավելացմամբ, աշխատավարձերի բարձրացմամբ, գազապահեստարանի ծավալների մեծացմամբ եւ այլն, որոնք, ըստ հանձնաժողովի, իսկապես տրամաբանական են: Բայց քանի որ ընկերության հայտն ամբողջությամբ չբավարարվեց, Կ. Կարապետյանը, հայտնելով հանձնաժողովի որոշման մասին իր դժգոհությունը, հավաստիացրեց, որ դա բաժանորդային ցանցի վրա վատ կանդրադառնա, եւ իրենք գազիֆիկացման տեմպերը կդանդաղեցնեն:

Նկատենք, որ նոյեմբերի 7-ին սակագների վերանայման մասին «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտը պարզապես խորամանկ քաղաքականություն էր. դոլարի կուրսն իջել էր, եւ, այսպես թե այնպես, հանձնաժողովը պետք է սակագներն իջեցներ, ուստի ընկերությունը հանձնաժողովից առաջ ընկնելով, ճիշտ հակառակ՝ գների բարձրացման հայտ էր ներկայացրել: Սա մոտավորապես նույնն է, երբ խանութները զեղչային սեզոնից մեկ-երկու շաբաթ առաջ ապրանքների գները զգալիորեն բարձրացնում են, հետո հայտարարում 20-30 տոկոս զեղչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել