Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԱԳԾԵՐԻ ԹԱԼԱՆ՝ ՖԱՆՏԱՆՈՒՄ

Նոյեմբեր 30,2006 00:00

Կոտայքի մարզի ամենաաղքատ գյուղի միակ հարստությունը գողացել են

Օրերս Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչներն ահազանգ են հնչեցրել, որ իրենց գյուղում ջրագծերի զանգվածային թալան է տեղի ունենում: Ըստ գյուղացիների, թալանի հետ կապ ունեն ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):

Ֆանտանն առանց այն էլ մարզի ամենաաղքատ գյուղերից է, բացի այդ, տարիներ շարունակ ջրի լուրջ խնդիր ունի: Նկատենք, որ վերջին տարիներին հանրապետությունում ջրագծերի թալանը տարածված բնույթ է կրում: Ջրի խողովակների բիզնեսը բավականին եկամտաբեր է, որովհետեւ դրանք շուկայում շատ թանկ են գնահատվում: Այդ պատճառով էլ ջրագծերի առեւտուրը կենտրոնացած է մի քանի պաշտոնյաների ձեռքում:

Այժմ ֆանտանցիները խուճապի մեջ են հայտնվել, քանի որ ապամոնտաժվել են գյուղի սեփականություն համարվող եւ իրենց համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման ցանցի խողովակները: Ջրային ցանցը կառուցվել է դեռեւս խորհրդային տարիներին: Այն պետք է սպասարկեր Ֆանտանի 300 հեկտար անջրդի դաշտերը, սակայն անավարտ լինելու պատճառով այդպես էլ չի հանձնվել շահագործման: Գյուղացիների ներկայացմամբ՝ ջրագծերի թալանը սկսել է դեռեւս անցյալ տարվանից: Աչքի չընկնելու համար թալանչիները խողովակները տարել են մաս-մաս:

Գյուղապետ Նորայր Կարապետյանը հանցագործությունը կանխելու համար դիմել է դատարան, բայց իրավապահ մարմիններն ի զորու չեն եղել թալանչիների դեմն առնելու: Գյուղի բնակիչների ներկայացմամբ, առանց այն էլ այս սուղ պայմաններում՝ խողովակների թալանը մեծ հարված է ֆանտանցիների համար: Գյուղի բնակիչ Հարություն Սարգսյանի խոսքերով՝ «Մեզ մնում է միայն թողնել ու հեռանալ այս գյուղից: Փոխանակ գյուղի վիճակը բարելավեն, մի բան էլ գողանում-տանում են: Ֆանտանը ոչ խմելու ջուր ունի, ոչ էլ ոռոգման: Մեր հույսը այս ջրային ցանցն էր, որի կիսատ մնացած շինարարությունը ավարտին հասցնելուց հետո կկարողանայինք գոնե դաշտերը ոռոգել, որպեսզի ամեն տարվա նման անջրդիությունից գյուղացին չտուժի»: Յուրա Գեւորգյանն էլ մարզային իշխանություններին հորդորում էր միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխեն ջրագծերի մնացած հատվածի ապամոնտաժումը. «Այս ամենը շատ վատ է անդրադառնում մեզ վրա, մենք ապրելու միջոց չունենք, վարուցանք ենք անում, հազիվ յոլա ենք գնում»:

Ֆանտանցիներին զայրացրել է նաեւ այն, որ խողովակների՝ հողի տակից քանդման արդյունքում ավերվել են գյուղացիների ցանքատարածությունները. «Մեր հողերը մի քանի անգամ տակնուվրա են արել՝ մեծ վնասներ հասցնելով բերքի ծլարձակությանը: Վաղը կգան մեր տներն էլ կքանդեն ու կտանեն»:

Ֆանտանի գյուղապետ Նորայր Կարապետյանը, ով գյուղացիների ներկայացմամբ ջրագծերի համար ժամանակին ակտիվ պայքարել է, «Առավոտի» հետ զրույցում, հավանաբար սպառնալիքի ճնշման տակ, միանգամայն այլ տեսակետ հայտնեց, ասելով, որ թալանված ջրագծերը երբեք էլ իրենց գյուղի հաշվեկշռում չեն եղել, եւ որ Կոտայքի մարզպետարանի թույլտվությամբ դրանք վաճառվել են: Նա նույնիսկ դատարանի վճիռ ցույց տվեց, ըստ որի՝ ջրագծերի 10,5 կմ խողովակները պատկանել են «Զվարթնոց 1» ՓԲԸ-ին, որից էլ գնել է մեկ այլ անձ:

Ըստ գյուղապետի՝ «Պայքար ել ենք, որ ջրագծերը մեզ մնա, բայց գնորդը դատարանի վճիռ եւ մարզպետի թույլտվությունը բերեց, այդ դեպքում ես ի՞նչ կարող էի անել, ես ո՞վ եմ: Մենք չենք դրանք վաճառել: Եթե ջրագծերը մեր համայնքի բալանսում լինեին, երբեք թույլ չէինք տա տանեին»:

Հ. Գ. Երբ լուսանկարում էինք Ֆանտանի դաշտերը, գյուղապետ Ն. Կարապետյանը վրա հասավ եւ հոխորտաց՝ «Առանց իմ թույլտվության չհամարձակվեք նկարել գյուղի տարածքները»: Սա խոսում էր այն մասին, որ գյուղապետը նույնպես կողմնակից է, որպեսզի ջրագծերի հարցը հնչեղություն չստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել