Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՆՊԱՏԱԿԸ ՉԻ՛ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԸ»

Նոյեմբեր 30,2006 00:00

«Եթե ընդդիմադիր լիդերները շարունակեն իմիջիայլոց վերաբերվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական հանդես գալու գաղափարին, ապա հետո մենք հավասարապես մեղավոր կլինենք կեղծված ընտրությունների համար»,- կարծում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Մեր զրուցակիցը համոզված է, որ ընդդիմության թիկունքում ժողովրդական մեծ զանգվածներ կան, ուստի՝ «եւս մեկ անգամ ի չիք դարձնել նրանց հույսերը՝ կնշանակի վերջնականապես կորցնել ամեն ինչ»,- համոզված է նա: Ելնելով ասվածից՝ տիկին Սարգսյանն առաջարկում է պարոնայք Վազգեն Մանուկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Արամ Սարգսյանին, Ստեփան Դեմիրճյանին, Արամ Կարապետյանին, ինչպես նաեւ իշխանական առողջ ուժերին՝ մի կողմ դնել սեփական ամբիցիաներն ու նկրտումները եւ վերջապես պայմանավորվել ու համախմբվել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ»: «Հասկանալի է, բոլորն էլ ցանկանում են խորհրդարանում ներկայացված լինել, բայց սա այն դեպքը չէ, երբ նպատակն արդարացնում է միջոցները: Եթե մենք այսօր հնարավորություն ենք տալիս այս իշխանություններին կատարել իրենց հերթական սխալները, բացի այն, որ վտանգում ենք մեր պետության միջազգային հեղինակությունը, վերջնականապես կորցնում ենք ժողովրդին՝ դարձնելով նրան կամակատար»,- ասում է ՍԴՀԿ ատենապետը: Իր կողմից տիկին Սարգսյանը պատրաստ է ներդնել սեփական եւ կուսակցական ուժերը՝ հանուն միավորման, միայն թե գտնվի այն տղամարդը, որը համարձակություն կունենա գործնականում հանրայինը վեր դասել անձնականից։ Եթե միավորումը չկայանա՝ Լ. Սարգսյանն անիմաստ է համարում ընդդիմության մասնակցությունն ընտրություններին։

Վերջերս ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը մի հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր արտահայտվում առ այն, որ լիբանանյան հայ քաղաքական որոշ ուժեր անդամակցում են խորհրդարանի «Հըզբոլլահ» խմբակցությանը։ Փորձեցինք տիկին Սարգսյանից ճշտել, թե ո՞ր ուժի մասին է խոսքը։ «Հայտարարությունում միտումնավոր նշված չէ այդ ուժի անունը։ Մեր նպատակը հակամարտության մեջ մտնելը չէ, այլ մտահոգված ենք, թե դա ինչ ընթացք կարող է ստանալ եւ ինչ վտանգներ կարող են լինել»,- եղավ պատասխանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել