Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մերժումն ավելի շատ վնա՞ս տվեց, թե՞ օգուտ

Նոյեմբեր 30,2006 00:00

ԱԺ-ն երեկ մերժեց «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» կառավարության հեղինակած նախագիծը:

Օրինագծի քվեարկությանը չմասնակցեցին անհրաժեշտ թվով՝ 66 պատգամավորներ: «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» նախագիծը նաեւ 2 տարի առաջ էր մերժվել խորհրդարանի կողմից:

Իհարկե, այս օրինագծում կան մտահոգիչ դրույթներ, որոնք հիմք տվեցին ընդդիմադիր պատգամավորներին երեկ նշել, թե փորձ է արվում օրենքով օրինականացնել ապօրինությունները: Ասվածը մասնավորապես վերաբերում է նախագծի 16 հոդվածին, որը կանոնակարգում է հեռախոսային խոսակցությունների լսումը: Պատգամավորներին մտահոգել էր հետեւյալ դրույթը. «Այն դեպքերում, եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանը սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների»՝ ապահովվում է այդ միջոցառումների իրականացումն առանց դատարանի որոշման: Սակայն դրանից հետո պարտավոր են 48 ժամվա ընթացքում թույլտվություն ստանալ դատարանից՝ հեռախոսային խոսակցությունների լսումը իրականացնելու վերաբերյալ: ՄԱԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը հայտարարեց, թե այս դրույթը հակասում է Սահմանադրության 23-րդ հոդվածին, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»: Սակայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ ըստ Սահմանադրության 43-րդ հոդվածի՝ 23-րդ հոդվածով սահմանված այս իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով, եթե դա անհրաժեշտ է «պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման» համար:

Գաղտնիք չէ, որ գաղտնալսումներ մեր իրավապահներն իրականացնում են առանց օրենսդրական որեւէ սահմանափակման: Իսկ երեկ հերթական անգամ մերժված այս օրինագիծը իր 6-րդ հոդվածով սահմանափակումներ է նախատեսում օպերատիվ-հետախուզական գործունեության համար. Մեջբերենք դրանք. «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին արգելվում է՝

1) անցկացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ի շահ կամ ի վնաս որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի:

2) Գաղտնի կերպով մասնակցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կուսակցությունների եւ այլ կազմակերպությունների գործունեությանը՝ այդ գործունեության վրա ազդեցություն գործելու նպատակով։

3) Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման ընթացքում պետք է պահպանվեն մարդու եւ քաղաքացու անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքները, որոնք կարող են սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված կարգով»:

Արգելվում է նամակագրության վերահսկում, ներքին դիտում եւ հեռախոսային խոսակցությունների լսում իրականացնել, երբ մարդը հաղորդակցվում է իր փաստաբանի հետ։ Սահմանափակումների շարքը կարելի էր շարունակել:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մինչ օրինագծի մերժումն էր նշել. «Չընդունենք այս օրենքը՝ կշարունակվի այս դաշտը գոյություն ունենալ այնպես, ինչպես կա՝ առանց որեւէ սահմանափակումների»: Իսկ Տիգրան Թորոսյանը նշել էր. «Հենց օրենքների բացակայությունն է, որ բազմաթիվ վտանգներ է առաջացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել