Ադրբեջանում էլ պնակալեզների պակաս չկա
2002 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի ՀՌԱՀ-ը Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ եթերազրկեց Հայաստանում միակ այլընտրանքային տեսակետներ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ներկայացնող անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը, դա պատճառաբանելով վերջինիս՝ հաճախությունների համար հայտարարված մրցույթում ներկայացրած «թույլիկ» ծրագրով: Ու թեեւ հստակ էր, որ «Ա1+»-ի փակումը 2003թ. ընտրություններից առաջ քաղաքական նպատակներ էր հետապնդում, այդուհանդերձ, իշխանությունները հայտարարեցին, թե իրենք «Ա1+»-ին շատ են սիրում, որ նրա պակասն իրենք զգում են, իսկ «Ա1+»-ը փակելու հրահանգ տված Ռոբերտ Քոչարյանն անգամ հայտարարեց, որ եթե «Ա1+»-ը չլիներ, ինքը ստիպված էր լինելու հորինել այդպիսի մի հեռուստաընկերություն: Մի խոսքով, ՀՀ իշխանությունները հորդորում էին հայ հասարակությանն ու ընդդիմությանը, նաեւ լրագրողական համքարությանը «Ա1+»-ի հարցը չշահարկել, չքաղաքականացնել, որովհետեւ, ըստ նրանց, հեռուստաընկերության եթերազրկումն օրինական է եղել: Այսպես նրանք ասում էին նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանում դադարեցվեց ռուսական NTV հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը:
Նույնն այսօր պնդում են նաեւ ադրբեջանական իշխանությունները՝ հայտարարելով, թե «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի ու նրա շենքի տարածքում գործող մի քանի այլ լրատվամիջոցների խմբագրությունների հավանական վտարումը շենքից, ինչպես նաեւ ANS հեռուստաընկերության ու ANS CM ռադիոկայանի, Զակատալի քաղաքում հեռարձակվող «Այգուն Տի ՎԻ» հեռուստաընկերության եթերազրկումն ու հեռարձակման արտոնագիրը չերկարաձգելը միանգամայն օրինական են: Այսպես, Ադրբեջանի նախագահը Եվրամիության, ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի, ԵԱՀԿ-ի՝ անկախ մամուլի դեմ իրականացվող քայլերի առնչությամբ հայտնած անհանգստությանն ու Ադրբեջանի իշխանություններից պարզաբանումներ ակնկալող հայտարարություններին ի պատասխան՝ հանդես է եկել իրավիճակը չքաղաքականացնելու հորդորով: Նրա խոսքերով, «Ազադլիգի» դեպքում ընդդիմադիր որոշ կուսակցություններ փորձում են այդ հարցն օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար: Ինչ վերաբերում է ANS-ին, ապա Իլհամ Ալիեւի ասելով, ինքը միշտ էլ պաշտպանել է այդ հեռուստաընկերության գործունեությունը, բայց «օրենքը մեկն է բոլորի համար»: «Որոշ ԶԼՄ-ներ համարում են, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված են հատուկ արտոնություններ, բայց դա այդպես չէ: Կան պետական կազմակերպություններ, Հեռուստառադիոյի խորհուրդ, որոնք արդարացիորեն պահանջում են վերացնել առկա բացթողումներն ու հիմնավորված պահանջներ են առաջ քաշում: Ուստի, կարծում եմ, հեռուստաալիքի հարցը կարելի է լուծել գործնական մթնոլորտում, լավ ձեւով, ալիքի գործունեությունը կարող է վերականգնվել այն դեպքում, երբ ANS-ը կատարի բոլոր պահանջներն ու լրացնի ի հայտ բերված բացթողումները»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի «Գրիգոր Ամալյանի»՝ Նուշիրվան Մաղերամլիի գլխավորած Ադրբեջանի հեռուստառադիոյի ազգային խորհրդի որոշմամբ դադարեցվել էր ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը, որով վերահեռարձակվում էին «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայության հաղորդումները: Ադրբեջանի հեռուստառադիոյի ազգային խորհուրդը իր նիստում քննարկելով հիշյալ հեռուստաալիքի եւ ռադիոկայանի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը, վկայակոչելով համապատասխան օրենքի դրույթը՝ «Գործունեության ընթացքում բազմակի զգուշացման եւ պատժամիջոցների կիրառման մասին», որոշել էր չեղյալ հայտարարել ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռ/կ-ի արտոնագիրը:
Ադրբեջանի լրագրողական շրջանակները տարակուսանք եւ վրդովմունք էին արտահայտել՝ ANS-ի հեռարձակման դադարեցումը գնահատելով որպես խոսքի ազատության ոտնահարում:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն անդրադառնալով այդ երկրում անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ երկրի իշխանությունների նախաձեռնած արշավին՝ կարծիք է հայտնել, թե այդ գործընթացները «եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ԱՊՀ տարածքում իշխանավորները ամեն կերպ փորձում են հետեւել Ռուսաստանի օրինակին: Ռուսաստանը առաջատարն է այս առումով, եւ նրա արձակած իմպուլսներին, բացի Վրաստանից ու Ուկրաինայից, մնացած բոլոր երկրները հետեւում են, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուզբեկստանը»:
Շաբաթ օրը Բաքվի կենտրոնում գտնվող տարածքից զրկվեցին ընդդիմադիր երկու թերթեր, երկու օր անց սառեցվեցին ավելի վաղ արտոնագրից զրկված ANS հեռուստաընկերության բոլոր հաշվեհամարները: Այսօր արդեն ANS-ի ղեկավար Վագիֆ Մուստաֆաեւին կանչել են դատախազություն՝ հինգ տարի առաջ կասեցված եւ ընդամենը մի քանի օր առաջ վերաբացված քրեական գործի շրջանակներում վկայություն տալու համար: