Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՄԻՐԱՆԴԱՅԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԷԼ ԵՄ ԾԵԾԵԼՈՒ»

Նոյեմբեր 29,2006 00:00

\"\"IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայաստանցի Արթուր Աբրահամը վերջապես պատասխանեց չեմպիոնական գոտու համար իր գլխավոր հակառակորդի՝ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի չդադարող ամպագոռգոռ հայտարարություններին:

Զանգվածային լրատվամիջոցներին տեղեկացնելով իր մարզական ապագա ծրագրերին՝ Արթուրն ասել է, որ մտադիր է ռինգ վերադառնալ 2007-ի ապրիլին: Դա նախ կլինի չեմպիոնական տիտղոսի ազատ պաշտպանություն: Եվ եթե ամեն բան հաջող ավարտվի, պատրաստ կլինի ռեւանշ-մրցամարտի հնարավորություն ընձեռել իր ամենաոխերիմ հակառակորդին՝ կոլումբիացի Էդիսոն Միրանդային: Մեր հայրենակիցը Միրանդային խոստանում է, որ ռինգում նրան ոչ մի լավ բան չի սպասվելու: Հեռակա կարգով դիմելով կոլումբիացուն՝ Արթուրն ասել է. «Էդդի, ես չեմ կարողանում հավատալ, որ քո մեջ դեռեւս չի մարել ինձ հետ մենամարտելու ցանկությունը: Ինքդ քեզ ծաղրանքի առարկա դարձրիր ոչ միայն Գերմանիայում, այլեւ ամբողջ աշխարհում: Հիշիր, որ ես քեզ լավ դաս տվեցի, թեեւ մենամարտում էի կոտրված ծնոտով: Բայց, միեւնույն է, ես առավելություն ունեի քո նկատմամբ: Իսկ հիմա միայն պատկերացրու, թե ինչ կանեմ քեզ, երբ քեզ հետ մենամարտեմ լրիվ առողջ ու հարյուր տոկոսով պատրաստ վիճակում: Այն ժամանակ տեսնելով, որ ինձ խոստացածդ ի վիճակի չես իրականացնել, սկսեցիր դիմել ամենակեղտոտ հնարքներին, ինչ գոյություն ունի աշխարհում: Բայց դա էլ քեզ չօգնեց: Ես կանգ չեմ առնելու: Ես քեզ մեկ անգամ ծեծել եմ՝ էլի կծեծեմ»:

Անդրադառնալով այն թեմային, որ Միրանդան որպես իր հետագա կարիերայի շարունակության տարբերակ կարող է ընտրել WBA-ի եւ WBO-ի վարկածներով չեմպիոնական գոտիների թափուր տեղերի համար մենամարտելը (այդ գոտիները, ըստ պտտվող լուրերի, պատրաստվում է թողնել դրանց տիրակալ Ջերմեյն Թեյլորը), Աբրահամը Միրանդային նախազգուշացրել է. «Անգամ թաքնվելու մասին չմտածես: Արի եկող տարվա ամռանն ամբողջ աշխարհին ցույց տանք, թե մեզանից ո՞վ է իրականում ամենաուժեղը: Եվ եթե դու ինձ հետ ռինգ չմտնես, բոլորը կիմանան, որ ընդամենը վախկոտ ես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել