Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվող բարեգործություն

Նոյեմբեր 29,2006 00:00

\"\"Վեց տարի շարունակ, Էջմիածին քաղաքի եւ նրա հարակից գյուղերի ուսանողները ամեն ամիս այցելում են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի պատգամավորական գրասենյակ՝ ստանալու ուսանողական ավտոբուսներից անվճար օգտվելու կտրոններ:

Այդ սովորույթը չխախտվեց անգամ այն ժամանակ, երբ հայտնի իրադարձություններից հետո պատգամավորը մեղադրվեց իբրեւ թե հարկեր չվճարելու պատմության մեջ: Շատ ուսանողների մեջ մտավախություն էր առաջացել, որ պատգամավորը կդադարեցնի անվճար կտրոնների բաժանումը: Սակայն նոյեմբերի 27-ից, ամեն անգամվա պես, սկսվել է հաջորդ ամսվա՝ դեկտեմբերի անվճար կտրոնների բաժանումը:

«Մի՞թե տարիներ շարունակ հարյուր հազարավոր, նույնիսկ միլիոնավոր դոլարների օգնություն բաժանող մարդը կարող է պետության նկատմամբ պարտքեր ունենալ: Մենք չենք հավատում այն ամենին, ինչ ասվում է հեռուստացույցով կամ գրվում է թերթերում: Ընդհակառակը, մենք հպարտ ենք, որ մեր շրջանի պատգամավորը հենց նա է, քանի որ ունենք բազմաթիվ ուսանող ընկերներ հանրապետության տարբեր շրջաններից, ովքեր զարմանում ու մի քիչ էլ նախանձում են, որ մենք ունենք այդպիսի պատգամավոր, որը իր վրա է վերցրել մեր երթեւեկության ծախսերը»,- ասում է չորրորդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Հակոբյանը: Ուսանողներն ու ծնողներն ասում են, որ այնքան շատ են հարգում ու վստահում իրենց պատգամավորին, որ երբ նա որոշեց դառնալ Հանրապետական կուսակցության անդամ, իրենցից շատերը եւս հետեւեցին նրա օրինակին, իսկ մյուսներն էլ դարձել են այդ կուսակցության համակիրներ: «Էլ որ կուսակցությանը պետք է հավատանք, եթե ոչ նրան, որի անդամ է մեր պատգամավորը: Եթե Հակոբյանը դարձել է հանրապետական, ուրեմն մենք էլ նույնը պետք է անենք: Մի՞թե հնարավոր է, որ մենք դառնանք ուրիշ կուսակցության անդամ եւ պայքարենք այն մարդու դեմ, որը միայն բարեգործություններով է հայտնի»,- իրենց դիրքորոշումը բացատրում է ուսանողի մայր Մարիետա Հարությունյանը: Իսկ Էջմիածնի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանը, որը մինչեւ Հակոբ Հակոբյանի հանրապետական դառնալն է եղել այդ կուսակցության անդամ, ասում է. «Մենք վստահ ենք, որ Հակոբյանի՝ ՀՀԿ անդամ դառնալուց հետո, մեր կուսակցությունը գոնե Էջմիածնում 80% ձայն է ստանալու, քանի որ այստեղ բոլորն էլ հարգում եւ վստահում են նրան, չկա մի տուն, որը որեւէ կերպ կապված չլինի նրա հետ, չօգտվի նրա կազմակերպած բարեգործական միջոցառումներից: Իսկ այս կապակցությամբ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նրան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել