Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌՈԼԱՆԴ ՌԵՅԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Նոյեմբեր 29,2006 00:00

\"\"Երգիչը խոստանում է շատերի նման ռաբիսին տուրք չտալ

Դեկտեմբերի 4-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի «Ոսկե ձայներ» երգի թատրոն- ստուդիայի տոնական համերգը: Միջոցառումը կազմակերպել է «Մինորա» մշակութային կենտրոնի գլխավոր պրոդյուսեր եւ ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռոլանդ Ռեյը: Նա հյուրընկալվեց «Առավոտում»:

– Ինչպես պատահեց, որ «Ոսկե ձայները» միավորվեց արվեստի դպրոցի հետ:

– 2002-ին է ստեղծվել մեր երգի ստուդիան ու արդեն 1 տարի միացել է Կենտրոն համայնքի Բարսեղ Կանաչյանի անվան թիվ 17 արվեստի դպրոցին: Ամեն երեխա չի կարող ընդունվել մեր թատրոն-ստուդիա. պիտի ձայնային տվյալներ, բեմական եւ երաժշտական որոշակի գրագիտություն ունենա: Ի տարբերություն այլ երգի թատրոնների, մեզ մոտ յուրաքանչյուր երեխայի հանդեպ ցուցաբերվում է անհատական մոտեցում, մեր սաներն անվճար մասնակցում են տարբեր միջոցառումների, նկարահանումների, հեռուստափառատոների: Օրինակ, 2004-ին մասնակցել ենք Բաթումի փառատոնին, մեր սաներից մեկը նույն թվականին Բեյրութից վերադարձել է Գրան պրիով: 2007-ին նախատեսված են մեր երգի թատրոն-ստուդիայի սաների ելույթները Մոսկվայում, Վրաստանում, Իրանում եւ ԱՄՆ-ում:

– Ի՞նչ է սպասվում հանդիսատեսին դեկտեմբերի 4-ի համերգին:

– Նախ շատ հետաքրքիր պիրոտեխնիկա՝ Ռուսաստանից բերված սալյուտներ, բեմական կրակներ ու հետաքրքիր բեմադրված լազերային շոու: Բացի այն, որ զանազան համարներով հանդես կգան մեր սաները, ես՝ իրենց գեղարվեստական ղեկավարն էլ, 5-ամյա ընդմիջումից հետո նորից կերգեմ:

– Շուտով հեռուստաեթերում նոր տեսահոլովակդ կհայտնվի…

– Այո, դա «Ես կարոտում եմ քեզ» երգի ռեմիքսն է, որի գործիքավորումը եւ նկարահանումը իրականացրել է DJ Տապտուն՝ Վրաստանից:

– Իսկ ինչո՞ւ որոշեցիր վերադառնալ երգարվեստ:

– Վերադարձա, որովհետեւ կարեւոր մի բան օդ ու ջրի պես պակասում էր ինձ: Սաներս էլ էին ուզում իրենց գեղարվեստական ղեկավարին տեսնել բեմում:

– Չե՞ս վախենում, որ 5 տարվա բացակայության ընթացքում քո հանդիսատեսի հաշվին համալրվել են ուրիշի հանդիսատեսի շարքերը:

– Դա մի կողմից մտահոգիչ է: Մյուս կողմից էլ՝ ես այնպիսի հանդիսատես ունեմ, որ միշտ սպասել է ինձ: Իրեն խոստանում եմ այլեւս բեմից չհեռանալ:

– «Առավոտին» հարցազրույց տված երգիչներից մեկը իր կոլեգաներին բաժանում էր աղանդավորների, պալատական երգիչների եւ պահանջարկ չունեցողների: Դու քեզ ո՞ր խմբում ես տեսնում:

– Ես ոչ մի, հատկապես պալատական երգիչների ու աղանդավորների ցանկում չկամ: Ինքս ինձ համար եմ: Ինչ վերաբերում է պալատական երգիչներին, դրանում իրենք մեղավոր չեն: Երգիչներն այն վիճակում են, որ չեն կարող հրաժարվել երգել այսինչ ուժի կամ այսինչ կուսակցության համար, որովհետեւ այդկերպ ընտանիք են պահելու: Ոմանց աղանդավոր լինելն էլ է պայմանական: Ես մի քանիսին շատ լավ ճանաչում եմ, բայց անունները չեմ տա: Իրենք կրոնական քողի տակ իրենց համար ընդամենը խորհրդավոր իմիջ են ստեղծում եւ վերջ: Նույն այդ երգչուհին իբր թե աղանդավոր է, բայց մեկ էլ տեսնում ես՝ այս կամ այն ամսագրի շապիկին նրա կիսամերկ նկարն է:

– Հիմա երգիչ-երգչուհիները ավելի շատ ռաբիսին են տուրք տալիս: Քիչ թե շատ շնորհալիները փոխել են իրենց ոճը: Դու է՞լ ես այդպես վարվելու:

– Ես երբեք ռաբիս չեմ երգի, նման շեղումներ չունեմ: Իհարկե, ռաբիս երգելը վատ բան չէ, մանավանդ այն ունի իր երկրպագուների մեծ բանակը եւ հայտնի անունները: Օրինակ՝ սպիտակցի Հայկոն ռաբիս երգիչ է, բայց վոկալի դասական դպրոց է անցել Երեւանի պետկոնսերվատորիայում: Դառնալով վերջերս ռաբիս երգող երգիչներին, հատկապես ուզում եմ առանձնացնել Քրիստինե Պեպելյանին: Լսելով նրա «Չէ, չէ, չէ» երգը, շատ զարմացա եւ ափսոսացի: Ախր ինքը նուրբ աղջիկ է, գեղեցիկ անձնավորություն: Իսկ ռաբիսը նրան կոպտացնում է: Շատ կուզենայի, որ Քրիստինեն վերադառնար իր ոճին: Կարծում եմ՝ նման երգեր բոլոր երգիչները կարող են ունենալ իրենց երգացանկում՝ պաշտոնյաների միջոցառումներում ու խնջույքներում երգելու համար: Այդպես վարվում են նաեւ ռուսական շոու-բիզնեսի աստղերը. նրանք էլ խնջույքային ու «բլատնոյ» երգեր ունեն, որ կատարում են համապատասխան միջոցառումների ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել