Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքերը «ներողամիտ» են

Նոյեմբեր 29,2006 00:00

\"\"Նրանք կողմ են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն, եթե մենք նրանցից ներողություն խնդրենք:

Թուրքերի ճնշող մեծամասնությունը կողջունի հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը, եթե Հայաստանը բավարարի «որոշակի պայմաններ», որոնցից են Հայոց ցեղասպանության «պնդումներից» հրաժարվելը եւ այդ «պնդումների համար Թուրքիայից ներողություն խնդրելը»: Այս մասին են վկայում Էրզրումում գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի ընկերակցություն» հորջորջված կազմակերպության կողմից 8,714 մարդու շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները: Հարցվածների 82%-ը դրական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում:

Ինչպես հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուզ»-ը, հարցման մասնակիցների 53%-ը, շուրջ 4,618 մարդ, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պայմանների մի ամբողջ ցանկ է թվարկել, այդ թվում` թե հայերը պետք է թուրք ժողովրդից ներողություն խնդրեն Առաջին աշխարհամարտի ընթացքում «իրենց իրագործած կոտորածների համար», պետք է ոչնչացնեն, «այսպես կոչված», ցեղասպանությանը նվիրված հուշարձանը Հայաստանում, պետք է խզեն իրենց հարաբերությունները հայկական սփյուռքի հետ, պետք է հրաժարվեն իրենց սահմանադրությունում նշված այնպիսի արտահայտություններից, որոնք դեմ են թուրքերին եւ նրանց տարածքային ամբողջականությանը եւ պետք է դուրս գան Լեռնային Ղարաբաղից: Հարցվածների 16%-ը Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար բավարար է համարել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի հետ Հայաստանի կապերի խզումը եւ ցեղասպանության «պնդումներից» հրաժարվելը, իսկ 6%-ը հայտարարել է, թե «հայերը պետք է ներողություն խնդրեն թուրք ժողովրդից Առաջին աշխարհամարտի ընթացքում իրենց իրագործած կոտորածների համար»: Հարցվածների ընդամենը 2%-ը Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերումը նախապայման է համարում հարաբերությունների հաստատման համար: Թուրքերի 18%-ը ընդհանրապես չի ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում: Հորջորջված ընկերակցության նախագահ Սավա Էղիլմեզը հարցման արդյունքները մեկնաբանել է որպես թուրքերի «ներողամտության» ապացույց: «Սոցհարցումը մեկ անգամ եւս ապացուցեց մեր պատմական փիլիսոփայությունը, թե ներողամտությունը վեհ գործողություն է»,- պնդել է Էղիլմեզը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել