Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼ

Նոյեմբեր 29,2006 00:00

Երեկ «Առավոտին» հայտնի են դարձել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի՝ սեպտեմբերի 6-ին կատարված սպանության առթիվ հարուցված քրեական գործով որոշ մանրամասներ:

Ըստ այդմ, երկու օր առաջ Գուրգեն եւ Արմեն Վիրաբյանները հրաժարվել են ցուցմունքներ տալ, հայտարարելով, որ իրենց առաջադրված մեղադրանքն անհեթեթ է: Մեր տեղեկություններով, Հովասափյանի սպանության նախորդ օրը թե Վիրաբյանները, թե Հովասափյանը գտնվել են «Վալենսիա» ռեստորանում: Վիրաբյանները ցուցմունք էին տվել, որ այդ օրը նրանք ռեստորանի բակում տեսել են «Դվին» կոնցեռնի տնօրենի թիկնապահներին: Հարցաքննված թիկնապահները չէին հաստատել այդ տեղեկությունը: Հետաքրքիր ընթացք են ունենում Հովասափյանի վարորդի՝ Անդրանիկ Չարչյանի մասով զարգացումները: Չարչյանը կատարված հանցագործության մեջ կասկածել էր, մասնավորապես, Արմեն Վիրաբյանին: Սակայն հայտնի է, որ Արմեն Վիրաբյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Կարեն Բաբաքեխյանի հետ մասնակցել է Հովասափյանի հուղարկավորությանը՝ գտնվելով Ա. Չարչյանի հետ նույն մեքենայում: «Չէ՞ որ հենց այդ փաստը բավական է, որ հասկանալի դառնա, որ Ա. Չարչյանը եթե քիչ թե շատ կասկած ունենար Արմեն Վիրաբյանի վրա, նա հեռու կվաներ իրենից Վիրաբյանին դեպքից հետո»,- ՀՀ դատախազին ուղղված միջնորդության մեջ գրել է Ա. եւ Գ. Վիրաբյանների պաշտպան Հովիկ Արսենյանը:

Առայժմ չի հրապարակվում Հովասափյանի «ԳԱԶ 3102» մակնիշի 005 ԼԼ 03 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերված պայթուցիկ սարքի «ծագումը», այն է՝ պայթուցիկը եղել է գործարանայի՞ն արտադրության, թե՞ ինքնաշեն: Շատ հարցեր կհստակեցվեն այդ պատասխանից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել