Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ

Նոյեմբեր 29,2006 00:00

Քաղաքացիական անհնազանդության շարժման նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեր խնդրանքով մեկնաբանելով մամուլում հրապարակվող պնդումները, թե Շարժման իրական նախաձեռնողն Աշոտ Մանուչարյանն է՝ նախ ասաց, թե այդ բոլոր հրապարակումների հեղինակը նույն կին լրագրողն է, որը տարբեր՝ նաեւ տղամարդկանց անուններով է թղթակցում բազմազան լրատվամիջոցների, եւ հավելեց. «Քաղաքացիական անհնազանդության նախաձեռնող խմբի անդամների անունները հրապարակվել են: Եվ մեր բոլոր միջոցառումներին մասնակցել են այն մարդիկ, որոնք աջակցել, ողջունել կամ ջատագովներն են այս Շարժման: Նրանց թվում, հավանաբար, չեք տեսել այն մարդուն, որի մասին խոսում եք»: Քանի որ Աշոտ Մանուչարյանի գործելակերպն է միշտ ստվերում մնալը՝ լրացուցիչ հետաքրքրվեցինք, թե այնուամենայնիվ՝ շփումներ ունի՞ նրա հետ: Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է հանդիպումներին՝ վերջին ամիսներին այս նախաձեռնությունը մեկնարկելուց առաջ ես շփվել եմ քաղաքական ամբողջ ներկապնակը ներկայացնող գործիչների հետ՝ բացի իշխանությանը մաս կազմող կոալիցիայից»:

Նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաեւ հրապարակված այն պնդումներին, թե իբր Քաղաքացիական անհնազանդություն շարժման քողարկված «արմատները» Մոսկվայում են. «Իմ կյանքը հանրության աչքի առջեւ է անցնում, եւ ես երբեք չեմ զբաղվել ստվերային գործունեությամբ: Միշտ գործել եմ բացահայտ՝ թե՛ իշխանությունում, թե՛ իշխանությունից դուրս: Այնպես որ՝ նման պնդումներն անհիմն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել