Եթե «Արդարությունը» ՍԴ-ում վիճարկի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը, այն ավելի լավը կդառնա:
Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը նոյեմբերի 28-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարել է, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը, որը նոյեմբերի 27-ին ընդունել է Ազգային ժողովը, ունի շատ թերություններ: «Բայց զարմանալի է, որ դրանով հանդերձ՝ իրավաբան Պետրոսյանը «կողմ» է քվեարկել այդ օրենքին»,- հարցադրում է արել «Lragir.am»-ն ու պարզաբանել, որ, ըստ Ռ. Պետրոսյանի, «օրենք չունենալն ավելի վատ է, քան վատ օրենք ունենալը»: Այդուհանդերձ, պատգամավորը հույս ունի, որ ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան ու դրանով կառավարության ներկայացրած եւ ընդունել տված օրենքը «կզտվի, կդառնա միանգամայն սահմանադրական ու գրեթե լիարժեք», հակառակ դեպքում՝ եթե ընդդիմությունը չդիմի, ապա Ռ. Պետրոսյանի կարծիքով, ՀՀԿ մեծամասնությունը կամաց-կամաց կլրամշակի իր իսկ ընդունած օրենքը: Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ կարիք կար հապճեպ ընդունել, եթե օրենքը թերի էր, եւ արդյոք դրա պատճառը մինչ այդ եղած օտարումները կամ սպասվելիք օտարումների մասին որոշումները օրինական դարձնելը չէ՞ր, Ռ. Պետրոսյանը պատասխանել է՝ ոչ: Նրա գնահատմամբ, օրենքը, նույնիսկ ոչ լիարժեք, պետք էր ընդունել, որպեսզի դաշտը լիներ օրենսդրորեն ամրագրված:
Մինչդեռ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Վարդան Մկրտչյանի կարծիքով, օրենսդրական դաշտն այդ իմաստով այսօր էլ բաց է, որովհետեւ ընդունված օրենքը, ըստ էության, հակասահմանադրական է: Ինչպես փոխանցում է «Lragir.am»-ը, Վ. Մկրտչյանը հաստատել է, որ «Արդարությունն» այդ հարցը վիճարկելու համար դիմելու է Սահմանադրական դատարան: Իհարկե, դժվար է ասել, թե ՍԴ որոշումն ինչ կփոխի «պետական կարիքների զոհերի» կյանքում, որովհետեւ ՍԴ-ն արդեն մի անգամ ընդունել է օտարումների մասին կառավարության որոշումների հակասահմանադրականությունն արձանագրող վճիռ, բայց որեւէ մեկը հակաօրինական իր գործունեության համար ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլեւ ՀՀ կառավարությունն այսօր շարունակում է այդ հակասահմանադրական որոշումներից բխող իր գործողություններն ու մարդկանց սեփականության օտարումը: ՀՀԿ ներկայացուցիչ Ռ. Պետրոսյանն էլ, ի դեպ, ըստ աղբյուրի, չի կարողացել մատնանշել, թե ում պետք է պատասխանատվության ենթարկել քաղաքացիների սեփականությունն ապօրինաբար օտարելու համար: «Կոնկրետ անձ, որը պատասխանատվություն կրի, այդպիսին փաստորեն չկա»,- հայտարարել է Ռ. Պետրոսյանը:
Պատասխանատուների կոնկրետ անուններ է տվել Վ. Մկրտչյանը. «Առաջին պատասխանատուն դա Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդը՝ կառավարությունն ամբողջովին»:
Ռ. Պետրոսյանը նաեւ նշել է, թե Սահմանադրական դատարանի որոշումից եւ ԱԺ-ում օրենքի ընդունումից հետո կառավարության հակասահմանադրական որոշումներից տուժած քաղաքացիները կարող են դիմել դատարան եւ վերանայել իրենց առնչությամբ կայացրած վճիռները: Բայց Վ. Մկրտչյանը ի պատասխան մատնանշել է, որ «թե՛ հին, թե՛ նոր օտարումներից տուժածները կամ տուժողները չունեն դատարան դիմելու բավարար հնարավորություն, քանի որ ընդունված օրենքը օտարումը նախատեսում է հանրային գերակա շահի դեպքում, մինչդեռ չի սահմանում, թե որն է այդ գերակա շահը»: