Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՀԻՄԱ ԿԼՍԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԸ

Նոյեմբեր 29,2006 00:00

Երեկ ԱԺ-ում կանխատեսում հնչեց, որ եթե ընդունվի «ՀՀ օրհներգի մասին» օրենքի նախագիծը՝ «Մեր Հայրենիքը» կներկայացվի հենց այդպես:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ԱԺ-ն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ը պետք է օրենքով սահմանի օրհներգը: Սակայն օրհներգի ընտրության գործընթացն այնքան երկարեց, կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունն այնքան ուշ ներկայացրեց ԱԺ, որ հարկադրված էին պետության խորհրդանիշի հարցին անդրադառնալ արտահերթ նիստում՝ առանց մշտական հանձնաժողովում քննարկման ու եզրակացության, անգամ տեքստում չշտկելով բազմազան սխալները եւ թերությունները:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ ներկայացնելով այս նախագիծը, հետաքրքիր բացահայտում արեց: Պարզվում է, այս օրինագծի առաջին տարբերակում ամրագրված էր «Մեր Հայրենիքը», սակայն երբ այն դրել են շրջանառության մեջ՝ «Տարբեր գերատեսչությունների կողմից եղավ առաջարկ, որ չպետք է միանշանակ ընդունենք այս տարբերակը, այլ պետք է փորձենք կատարել ընտրություն»: Այդ գերատեսչությունների անունները չբացահայտվեցին: Սակայն պարզվեց, որ միայն դրանից հետո է մայիսին ստեղծվել օրհներգի ընտրության մրցութային հանձնաժողովը:

Այժմ շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի անցումային դրույթով սահմանվում է. «Գործող օրհներգն ուժի մեջ է մինչեւ ՀՀ օրհներգի տեքստն ու երաժշտությունն օրենքով սահմանելը, բայց ոչ ավելի, քան 1 տարի ժամկետում»։

Եվ Հասմիկ Պողոսյանն ասաց. «Մենք չենք մերժում «Մեր Հայրենիքը», բայց ի վերջո՝ մենք լավագույն ընտրությունը չկատարեցինք: Այսօր որեւէ մերժողական դիրքորոշում չկա: Շատ հավանական է, որ 1 տարի հետո մենք, այնուամենայնիվ, կունենանք նորից «Մեր Հայրենիքը»: Իսկ կարող է եւ ունենանք այլ օրհներգ: Բայց այսօր լրիվ մերժել հնարավորությունը՝ ունենալ լավագույնների լավագույնը, կարծում եմ, որ արդարացի չէ»: Նախարարն այս կերպ փորձեց հակազդել ընդդիմադիրների եւ ՀՅԴ-ի միասնական գրոհին:

Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ պետական խորհրդանիշի հանդեպ անհարգալից վերաբերմունք է ժամկետ սահմանելը: Նշեց նաեւ, որ եթե ցանկություն ունեն հետագայում փոխել օրենքը՝ օրենսդրական այլ նախաձեռնություն ներկայացնելու որեւէ սահմանափակում չկա:

«Ինչո՞ւ եք անպայման ժամանակավորը շեշտում գործող օրհներգի նկատմամբ: Թող ձեր հանձնաժողովն աշխատի, գտնի լավագույն տարբերակը՝ բերի, ներկայացնի,- ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը:- Բայց մինչ այդ՝ հարգանք է պետք ունենալ գործող օրհներգի նկատմամբ»:

Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը նշեց, թե «աննախադեպ» անցումային այդ դրույթի տրամաբանությամբ՝ ամեն օրենքի վերջում պիտի գրվի, թե այն ուժի մեջ է մինչեւ նոր օրենքի ընդունումը:

Նախարարը ոչ մի կերպ չհամաձայնեց առաջարկին՝ օրենքի 2-րդ հոդվածում ամրագրել, որ ՀՀ օրհներգը «Մեր Հայրենիքն» է: Ըստ Հասմիկ Պողոսյանի, մրցութային հանձնաժողովի անցկացրած շատ «առողջ», «անաչառ» ու բնականոն գործընթացից հետո ճիշտ չէ զրոյական իրավիճակին վերադառնալը. «Հենց առաջին փուլից «Մեր Հայրենիքը» կարծես չընդունվեց: Այսինքն՝ հասարակության մեջ խնդիր կա, եւ մենք չենք կարող այն այսօր ընդհանրապես անտեսել… Եթե մենք այսօր ընդունենք այս օրհներգը՝ նշանակում է, մենք ընդհանրապես հաշվի չենք առնում մասնագետների եւ հասարակության կարծիքը»:

Պատգամավորները նկատեցին, թե մրցութային հանձնաժողովը դեռ ամբողջ հասարակությունը չէ: «Այսօր Հայաստանում կարելի է 50 հանձնաժողով ստեղծել՝ նույնքան անվանի մարդկանցով, ու տարբեր արդյունքներ ունենալ»,- ասաց Ռուբեն Հովսեփյանը:

«Դուք պնդում եք, թե 20 հոգին արտահայտել են հասարակության տեսակետը՝ ես էլ ասում եմ, որ 20 հոգին արտահայտում են 20 հոգու տեսակետը: Այս դահլիճում 131 հոգին արտահայտում է 131 հոգու տեսակետ,- ասաց Սպարտակ Սեյրանյանը:- Կխնդրեի զերծ մնալ թվաբանական չափորոշիչներն ամբողջ հասարակության վրա տեղափոխելուց»:

Կառավարությունը երեկ համաձայնեց միայն անցումային դրույթից հանել 1 տարվա ժամկետային սահմանափակումը: Մինչդեռ քննարկման մասնակից պատգամավորների մեծամասնության կարծիքով՝ օրհներգի փոփոխությունը ժամանակավրեպ է, չկա «Մեր Հայրենիքը» փոխելու հասարակական պահանջ:

Մշակույթի նախարարը, վարչապետի հետ համաձայնեցնելով՝ մերժեց ՀՅԴ խմբակցության 2 առաջարկները՝ հանել անցումային դրույթը եւ ամրագրել, որ ՀՀ օրհներգը «Մեր Հայրենիքն» է:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ առաջարկները չընդունվելու դեպքում՝ խմբակցությունը նախագծին կողմ չի լինի:

Իշխող մեկ այլ ուժի ներկայացուցիչ՝ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը նույնպես հայտարարեց. «Տվյալ հարցում չեմ պաշտպանում կառավարության դիրքորոշումը», ու նաեւ, որ անձամբ ինքը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին: Սակայն հիմնավորումն էր այլ. պրն Արսենյանը, որ մրցութային հանձնաժողովի անդամ էր՝ չի ցանկանում, որ «Մեր Հայրենիքը» եւս մեկ տարի լինի Հայաստանի օրհներգը: «Խաչատրյանը համաշխարհային բրենդ է»,- ասաց նա:

Երեկ նաեւ պարզվեց, որ երբ Հմայակ Հովհաննիսյանը երեխա ժամանակ լսել է Սովետական Հայաստանի հիմնը՝ այն իր մեջ առաջացրել է անկախ Հայաստանի պատկեր, բացի այդ՝ տվյալ մեղեդին առաջացրել է «վեհության, մեծության» զգացողություն՝ ինչպես ատոմակայանը. «Եվ եթե չենք հրաժարվում ատոմակայանից՝ ինչո՞ւ պիտի հրաժարվենք այդ երաժշտությունից»:

Հասմիկ Պողոսյանը որոշ նկատառումներ հայտնեց, թե հետագայում ինչպես է իրականացվելու օրհներգի ընտրության գործընթացը. «Վստահ չեմ, թե նորից հանձնաժողով է լինելու այդ կարգով: Իմիջիայլոց՝ ընտրության կարգը միգուցե կարելի է եւ վերանայել: Քանի որ համարում եմ, թե օրհներգի ընտրությանը պետք է մասնակցեն ավելի լայն շրջանակներ՝ այլ ձեւաչափ պետք է ընտրել: Քանի որ՝ իսկապես խոցելի է, երբ 20 հոգու հույսին ենք մնում»: Չբացառեց անգամ, որ կարող է հանրաքվե անցկացվել այս հարցով:

Իսկ մեր հարցին՝ մտավախություն չունի՞, թե քանի որ օրհներգի հարցում ՀՅԴ-ն եւ ընդդիմությունը միակարծիք են՝ կառավարության անզիջում դիրքորոշումն ուղղակի հարվածի տակ դրեց «Օրհներգի մասին» օրենքը ընդունումը՝ մշակույթի նախարարը պատասխանեց. «Ես ներկայացնում էի կառավարության դիրքորոշումը: Քվեարկությունը պիտի անի ԱԺ-ն: Կքվեարկեն՝ թող քվեարկեն: Չեն քվեարկի՝ թող չքվեարկեն»: Նկատենք, որ օրենքը չընդունելու դեպքում Հայաստանը հայտնվելու է սահմանադրական փակուղում եւ դեկտեմբերի 5-ից այլեւս չի ունենա օրհներգ:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930