Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ ՉԷ

Նոյեմբեր 29,2006 00:00

\"\"Որովհետեւ չգիտի, թե նրանք իշխանափոխությունից հետո ինչպիսի Հայաստան են ուզում կառուցել

Վերջին շրջանում Հայաստանում ինչն է շատ՝ ընդդիմադիր ամենատարբեր ձեւաչափի ու տարբեր նպատակ հետապնդող քաղաքացիական շարժումներն ու գաղափարական «այլընտրանքները»: Իհարկե, իշխանական ճամբարում երկու առավել աչքի ընկնող կուսակցությունների արդեն սկսած քարոզարշավի ֆոնի վրա ընդդիմության բոլոր նախաձեռնություններն էլ ողջունելի են, եթե միայն դրանք կենսունակ լինեն եւ ունենան հասարակության լայն զանգվածների, ընդդիմադիր մյուս ուժերի աջակցությունը: Փաստն այն է, սակայն, որ դրանք առայժմ այդպիսիք չեն: Առանձին-առանձին գործող «Քաղաքացիական անհնազանդության», «Քաղաքացիական նախաձեռնության», «Հակակրիմինալ» շարժումների ու «Այլընտրանքի» հրավիրած միջոցառումներին ու քննարկումներին թեեւ մասնակցում են մատնանշված միավորումները ներկայացնող առանձին անդամներ, այդուհանդերձ, այդ միավորումները միմյանց հետ համագործակցելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ առայժմ չեն անում:

Ընդդիմադիր դաշտում կան նաեւ կուսակցություններ, որոնք հիշյալ բոլոր նախաձեռնություններին ներկա են միայն դիտորդի կարգավիճակով: Այդպիսի կուսակցություններից մեկը «Հանրապետությունն» է: Կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն իրենց այս կեցվածքը պայմանավորեց նրանով, որ հիշյալ ձեւաչափերը, բացառությամբ «Այլընտրանքի», գաղափարազուրկ միավորումներ են: Բացի այդ, ըստ նրա, դրանք բոլորն էլ թեեւ դժգոհ են ընդդիմության գործելաոճից, բայց շարունակում են վարվել այնպես, ինչպես վարվել է ընդդիմությունը, ընդ որում, իր ձախողման փուլում՝ 2004թ.-ից հետո ընկած ժամանակահատվածում: «Ես չեմ տեսնում որեւէ միավորում, որն ավելին է արել, քան այն ընդդիմությունը, որին նրանք քննադատում են եւ հայտարարում են, որ արմատապես տարբերվում են թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից: Մյուս կողմից, օրինակ՝ «Քաղաքացիական անհնազանդության շարժումն» այնքան բազմատարր է, որ դժվար է ենթադրել, թե նրանք Հայաստանի ապագան ինչպիսին են ուզում տեսնել»,- ասաց Ս. Սուրենյանցը՝ նկատի ունենալով, որ այդ շարժման անդամները չեն հայտարարել, թե ինչ մոտեցումներ ու դիրքորոշումներ ունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ, օրինակ՝ ԼՂ հակամարտության կարգավորման, հայ-թուրքական, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ու նման այլ հարցադրումների շուրջ: «Ինչո՞ւ մենք պետք է միանանք այդ շարժմանը, երբ չգիտենք, թե նա ինչ դիրքորոշում ունի այս հարցերի շուրջ»:

Իհարկե, կոնկրետ «Քաղաքացիական անհնազանդությունը» չի էլ հավակնում գաղափարակիցների միավորում լինելուն, այլ իր նպատակն է համարում ՀՀ քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերականգնումը, որին հասնելու լավագույն միջոցը համարում է իշխանափոխությունը, որից հետո հնարավոր կլինեն քաղաքական ուժերի գաղափարական պայքարն ու արդար ընտրությունների անցկացումը: «Ես էլ եմ հայտարարում, որ ուզում եմ Հայաստանն օր առաջ ձերբազատվի Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգից՝ նրանց իրարից չտարանջատելով ու դրանով պայմանավորելով Հայաստանի զարգացումը: Մենք հաջողություն ենք մաղթում այդ նոր միավորումներին, բայց շատ կուզեի, որ նրանք ապագա գործողությունների կամ երկրի զարգացման հստակ հայեցակարգ ներկայացնեին: Ինձ համար, օրինակ՝ անընդունելի է, երբ մարդիկ ընդդիմադիր շարժում են ծավալում՝ «ոչ մի թիզ հող չենք զիջի» կարգախոսով (նկատի ունի Արկադի Կարապետյանին- Ն. Մ.), որն, ըստ էության, չի տարբերվում ԼՂ հարցի սառեցմանը ձգտող իշխանությունների գործելակերպից: Ընդդիմադիր ուժը, ըստ իս, հստակ պետք է պատասխանի մի հարցի՝ հանուն ինչի՞ է փոխվելու իշխանությունը եւ ի՞նչ Հայաստան է ուզում տեսնել»,- հայտարարեց Ս. Սուրենյանցը: «Հանրապետությունը» սկզբունքորեն կողմ է քաղաքացիական անհնազանդությանը. «Բայց կողմ չենք այդ գաղափարի արժեզրկմանը: Սահմանադրական կարգի վերականգնումը շատ կարեւոր խնդիր է, բայց մենք համոզվեցինք, որ դրա պահանջը պետք է զուգակցվի գաղափարական, աշխարհայացքային այլընտրանքի մատուցմամբ: Այդ շարժումները, դժբախտաբար, զարգացման հայեցակարգեր չունեն»: Ս. Սուրենյանցը, այդուհանդերձ, ասաց, թե ինքը կուզենար, որ այդ շարժումները հաջողություն ունենային, «թեեւ նրանց գործունեությունն առայժմ բողոքի զանգվածային ակցիաների վերաճելու հնարավորությունը նշմարելի չէ: Ուրեմն արժե՞, որ կիսակայացած քաղաքական միջոցառումով մենք եւս մի անգամ հիասթափեցնենք մեր ժողովրդին»:

Իսկ ի՞նչ է առաջարկում «Հանրապետությունը»: «Մենք մեր առաջարկն արել ենք, որը բոլորի կողմից քննարկվում է, բայց ռացիոնալ արդյունք առայժմ չկա: Մենք առաջարկում ենք 2007թ.-ին ընդդիմադիր բոլոր ուժերին, այդ թվում՝ նորաստեղծ միավորումներին, համաձայնության գալ ՀՀ բոլոր ընտրատարածքներում մեկական թեկնածու առաջադրելու շուրջ, որովհետեւ դրա մեջ մենք տեսնում ենք հեղափոխական զարգացումների պոտենցիալ: Այդ դեպքում մենք կա՛մ կունենանք ընդդիմադիր խորհրդարան, որի առաջին խնդիրը կլինի Քոչարյանի հեռացումը, կա՛մ կլինեն տոտալ կեղծիքներ՝ հետընտրական հեղափոխական զարգացումների հեռանկարով»,- հայտարարեց Ս. Սուրենյանցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել