Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Նոյեմբեր 28,2006 00:00

\"\"Շաբաթ օրը կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 5-րդ ընդհանուր հաշվետու ընտրական ժողովում երկրորդ ժամկետով ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Ռուբեն Հայրապետյանը:

Օրակարգում ընդգրկված 15 հարցերից նախագահի ընտրության հարցը 12-րդն էր: Սակայն դրանից առաջ պատվիրակները քննարկեցին եւ որոշումներ կայացրին մի շարք օրախնդիր կազմակերպչական հարցերի շուրջ, ինչպես, օրինակ, ՀՖՖ իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) կազմում «Աբովյան» ֆուտբոլային ակումբի անդամության դադարեցումը, ՀՖՖ նախագահի հաշվետվության, ֆեդերացիայի ֆինանսական գործունեության հաշվետվության ունկնդրումը եւ հաշվեկշռի հաստատումը, ֆեդերացիայի 2007 թվականի բյուջեի հաստատումը, նոր խմբագրմամբ ՀՖՖ կանոնադրության հաստատումը:

Հաշվի առնելով, որ ժողովը ոչ միայն հաշվետու էր, այլ նաեւ ընտրական, Ռուբեն Հայրապետյանը հաշվետվության մեջ մանրամասն ներառել էր ֆեդերացիայի գործունեությունը՝ սկսած 2002 թվականից, այն ժամանակվանից, ինչ ինքն ստանձնել է ֆեդերացիայի ղեկավարի պարտականությունները: Իսկ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը պատվիրակներին ներկայացրեց ոչ միայն ֆինանսական հաշվետվությունը, հաշվեկշիռն ու եկող տարվա բյուջեն, այլեւ համեմատական անցկացրեց ֆեդերացիայի 2002 թվականի եւ ներկայիս ֆինանսական վիճակների միջեւ, որը, բնականաբար, դրական տեղաշարժ է ապրել:

Այնուհետեւ, ժողովին ներկա 48 պատվիրակներից 40-ը ձեռնամուխ եղավ ֆեդերացիայի նախագահի ընտրության գործընթացին: Նախագահի միակ թեկնածուն Ռուբեն Հայրապետյանն էր: Կանոնադրությունը թույլ է տալիս նման դեպքերում կազմակերպել բաց քվեարկություն: Եղավ նաեւ երկրորդ առաջարկը՝ անցկացնել գաղտնի քվեարկություն, որպեսզի պատվիրակներն իրենց կամքն արտահայտելիս անկաշկանդ լինեն: Սակայն ժողովը նախապատվությունը տվեց բաց քվեարկությանը, եւ Ռուբեն Հայրապետյանը միաձայն երկրորդ ժամկետով վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

Օրակարգային հաջորդ հարցը ֆեդերացիայի գործկոմի անդամների ընտրությունն էր: Ֆեդերացիայի յուրաքանչյուր իրավաբանական անդամ ներկայացրել էր իր թեկնածուին: ՀՖՖ նախագահը իրավունք ուներ ներկայացնելու երկու թեկնածուի: Ռ. Հայրապետյանն օգտվել էր իր այդ իրավունքից՝ ներկայացնելով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին եւ Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին: Ֆեդերացիայի գործկոմի անդամության նոր թեկնածուներ էին նաեւ ԱԺ պատգամավոր, «Շիրակ» ֆուտզալի ակումբի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանը եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր նախագահ Կարեն Հարությունյանը, որոնք բոլորն էլ քվեարկությամբ դարձան գործկոմի անդամ: Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմն այսուհետեւ կազմված է լինելու 17 անդամից: Նրանք են. Ռուբեն Հայրապետյան, Վահրամ Առաքելյան, Թովմաս Գրիգորյան, Միքայել Զաքարյան, Սարգիս Իսրայելյան, Լեւոն Հասրաթյան, Կառլոս Ղազարյան, Էդուարդ Ղազարյան, Էդիկ Մարգարյան, Արտակ Մնացականյան, Ռուբեն Սինոյան, Հովհաննես Վարյան, Գորիկ Հակոբյան, Արամ Սիմոնյան, Սուքիաս Ավետիսյան, Տարոն Մարգարյան եւ Կարեն Հարությունյան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել