Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպական ակադեմիան պատասխանում է ԿԳՆ-ին

Նոյեմբեր 28,2006 00:00

Հնարավոր է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան իր հերթին դատի տա ԿԳՆ-ին՝ կեղծ տեղեկություններ տարածելու եւ ակադեմիայի բարի համբավն արատավորելու համար:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի՝ ուրբաթ օրն արված հայտարարությունը, որ ԿԳՆ-ն դիմել է դատարան՝ պարզելու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ստեղծման հիմքերն ու հոգաբարձուների խորհրդի անդամների գոյության-չգոյության հարցը, անակնկալի է բերել ակադեմիայի հոգաբարձուների խորհրդին: «Դատի տալու, պատասխանատվության կանչելու մասին հայտարարություններ անելուց առաջ պետք է ունենալ բավարար հիմքեր,- երեկ իր հերթին հրավիրած ասուլիսում ասաց ակադեմիայի ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյանը:- Բացի այդ, նաեւ էթիկայի առումով, չի կարելի մարդկանց, ընդամենը օդից վերցրած պատկերացումների շրջանակներում, համարել ինչ-որ արարքների համար պատիժ կրող եւ այլն: Ոչ ամբողջական ինֆորմացիա տալ ամենաբարձրագույն իշխանություններին, կարծում եմ՝ չի ծառայում ոչ միայն ակադեմիայի, այլեւ ընդհանրապես կրթական համակարգի շահերին»: Պրն Մարտիրոսյանը չի ժխտում, որ ԿԳՆ-ն պետք է միջամտի, մասնակցի ակադեմիայի գործունեությանը, վերահսկի այն, սակայն նա զարմացած է, որ ներկայիս նախարարը բուհի գործունեության շրջանում մեկ անգամ եւս նախարար է եղել, եւ միայն այս մի քանի ամիսներին է սկսել հետաքրքրվել բուհով: Բացի այդ, Վ. Մարտիրոսյանը վկայակոչեց «Հիմնադրամների մասին» օրենքը, ըստ որի՝ աշխատանքային որեւէ թերացում նկատելու դեպքում ԿԳՆ-ն պետք է նախ դիմեր բուհին, ներկայացներ իր առաջարկությունները, եւ չշտկելու դեպքում՝ նոր միայն փորձեր հարցը կարգավորել դատարանով:

Հիշեցնենք՝ ԿԳՆ-ն առաջին հերթին կասկածի տակ է առնում ակադեմիայի հիմնադիր ժողովի արձանագրությունն ու նրանում ներկայացված անդամների գոյությունը: Ավելին՝ տվյալ անձանցից ԿԳՆ-ն հարցումների արդյունքում պատասխան էր ստացել, որ իրենք որեւէ կապ չունեն բուհի հետ: «Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի նախնական հիմնադիր կազմին, ապա մենք բոլոր փաստաթղթերը կներկայացնենք ըստ պահանջի, թողնենք դատարանին»,- ասաց Վիկտոր Մարտիրոսյանը: Ավելի ուշ նա մեզ ցույց տվեց նույն մարդկանց հետ կնքված համաձայնագրերը (իրենց ստորագրություններով), որով նրանք պատրաստակամություն են հայտնում աշխատել հոգաբարձուների խորհրդի կազմում: Պրն Մարտիրոսյանն ավելացրեց, որ հետագայում, ճիշտ է, նրանցից ոմանք հրաժարվել են անդամությունից եւ այդ մասին հայտնել են էլեկտրոնային նամակներով, որոնք էլ անհրաժեշտության դեպքում կներկայացվի դատարանում: Ակադեմիայի ռեկտորը փաստաթղթեր ներկայացնելու հարցում շռայլ չգտնվեց՝ պատճառաբանելով, որ առանց այն էլ իրենք ԿԳՆ-ի կողմից արված հայտարարություններն արդեն իսկ դատարանի վրա ճնշում են դիտարկում:

Ինչ վերաբերում է Ակադեմիայի հիմնադրման իրավական հիմքերին, ապա ռեկտորն այն վկայակոչեց փաստարկներով. ակադեմիան ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ, որոշումը հիմնված է 3 միջպետական համաձայնագրերի վրա՝ կնքված ՀՀ եւ Իտալիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի կառավարությունների միջեւ: «Խոսել, թե ստեղծման հիմքեր չկան, թե կառավարությունը կայացրել է որոշում առանց հիմքերի, կարծում եմ՝ հիմնավոր չէ, որովհետեւ այստեղ ոչ օրինական որոշում կայացնելու մեջ ներքաշվում է ինքը՝ ՀՀ կառավարութունը»,- պարզաբանում է Վ. Մարտիրոսյանը: ԿԳՆ-ի բարձրացրած հաջորդ հարցը, թե ինչ դիպլոմ է տրվելու բուհի շրջանավարտներին, արդեն լուծվել է անցյալ տարի առաջին մագիստրոսների ավարտելու հետ. «Անցյալ տարի բուհը մագիստրատուրայի գծով 40 շրջանավարտ է տվել, եւ նրանք ստացել են նույն դիպլոմը, ինչ մյուս միջպետական համաձայնագրերով գործող բուհերը (Ֆրանսիական, Սլավոնական, Ամերիկյան համալսարաններ): Պետական նմուշի դիպլոմ արտահայտությունն օրենսդրորեն դուրս է եկել, յուրաքանչյուր բուհի վերապահված է տալ իր դիպլոմը: Ակադեմիան տալու է իր դիպլոմը»: Իսկ ինչ վերաբերում է բուհի հավատարմագրմանը, ապա դրա պայմաններից մեկը 2 տարվա շրջանավարտ ունենալն է, որ օրենքով է ամրագրված, իսկ բուհը միեւնույն մասնագիտության գծով 2 տարվա շրջանավարտ դեռեւս չունի:

Սրանք Եվրոպական ակադեմիայի հակափաստարկներն էին, որոնք այսքանով չեն սահմանափակվում: Դրանց անդրադառնալու առիթ առաջիկա դատական գործընթացում դեռ կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել