Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԶՈՀԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՓՈՐՁԵՑԻՆ ԾԱՂՐԻ ԵՆԹԱՐԿԵԼ

Նոյեմբեր 28,2006 00:00

 \"\"Թրաֆիքինգի հերթական գործը

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ, շարունակվեց Գայանե Մելքոնյանի, Սուսաննա Նիկողոսյանի, Քնարիկ Ղանդիլյանի, Ռուզաննա Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ «Առավոտի»՝ դատարանում հայտնվելը, այս գործով հրավիրվել էր դռնփակ նիստ: Կանայք մեղադրվում էին խաբեությամբ Գյումրի քաղաքի բնակչուհի Հերմինե Զաքարյանին Դուբայ ուղարկելու մեջ, որտեղ տուժածին ստիպում էին մարմնավաճառությամբ զբաղվել: Երեկ զոհը՝ Հերմինե Զաքարյանը դատարանին ցուցմունք տվեց: Նա ասաց, որ ունի երկու անչափահաս երեխա, 6 տարի առաջ ամուսնալուծվել է, անցյալ տարի սեպտեմբերի 10-ին պատահաբար ծանոթացել է Քնարիկ Ղանդիլյանի հետ: Վերջինս իմանալով, որ Հերմինեն աշխատանք չունի, առաջարկել է իրեն մեկնել Դուբայ՝ մատուցողուհի աշխատելու: Հերմինեն տանը ոչինչ չի ասել, եւ պատճառը, ինչպես հայտնեց դատարանում, Թուրքիա մեկ անգամ իրեն խաբեությամբ տանելն է եղել: Եվ քանի որ աչքը մեկ անգամ արդեն վախեցել էր, նա երաշխիքներ է խնդրել Քնարիկից: Վերջինս գնացել է Հերմինեենց տուն, հավատացրել, որ հետագայում օգնելու է Երեւանում աշխատանքի տեղավորվել: Հաջորդ օրը մեկ այլ «մամա Ռոզա»՝ Գայանեն Հերմինեին Երեւան է ճանապարհել, ուր վերջինս հայտնվել է «Ոսկու պապայի»՝ Նվերի բնակարանում, որը, ըստ Հերմինեի, գտնվում էր «ֆիդայիների գերեզման տանող ճանապարհին»: Նվերը եւ նրա կինը՝ Լուսիկը, Հերմինեին ճանապարհել են օդանավակայան: Դուբայում Հերմինեին դիմավորել է Իրինա Ենոքյանը՝ «Իկուշը»: Հերմինեն նկարագրեց, որ Իրինայենց վարձած բնակարանում իմացել է, որ իրեն Գայանեն, Քնարը եւ Լիաննան (որն արդեն դատապարտվել է) վաճառել են Իրինա Ենոքյանին եւ այդ վաճառքի դիմաց ստացել 2500+ 300 դոլար գումար: «Իրինան ասաց, որ պետք է զբաղվեմ պոռնկությամբ»,- դատարանում պատմեց տուժողը:

Հերմինե Զաքարյանը ասաց նաեւ, թե հրաժարվել է կատարել Իրինայի պահանջը եւ դրա պատճառով Իրինան ամեն օր, «երբ հավեսը կուգար՝ ինձ կծեծեր»: Ի դեպ, «Առավոտը» լուսանկարել է Հերմինեի մարմնի վերքերը, վնասվածքները: Իրինան եւ նրա ընկեր Ենոքը սիգարեթը մշտապես հանգցրել են Հերմինեի մեջքին, ոտքերին, փորին, մի քանի անգամ դանակահարել, կոտրել քիթը: «Քեֆները լավ ժամանակ արաղը կլցնեին վրաս, դանգով կխփեին, սաղ ջանս էդ վիճակում է»,- լացակումած պատմում էր զոհը: Դուբայի վարձակալած բնակարանում միաժամանակ պահվել են Էջմիածնից Աննա, Շողիկ անունով աղջիկներ, Երեւանից՝ Գոհարը եւ Ոսկին, ինչպես նաեւ Հռիփսիմեն՝ այսպես ասած «Իկուշի» օգնականը:

Դուբայում հայտնվելով՝ Հերմինեն այնտեղ է մնացել 2005-ի սեպտեմբերի 14-ից մինչեւ 2006-ի հունվարի 25-ը, չի իմացել անգլերեն, արաբերեն: Իրինա Ենոքյանը նրա ձեռքից վերցրել էր անձնագիրը եւ բացել կեղծ վիզա: Ըստ Հերմինեի, իրեն ծեծելու հիմնական պատճառն այն էր, որ Գայանեն եւ Քնարը տեղեկություններ էին տվել Իրինային, թե Հերմինեի մայրը մտադիր է դիմել ոստիկանություն: Եվ մի անգամ էլ զանգել էր Իրինայենց, որի ներկայությամբ, ինչպես տեղեկացրեց թրաֆիքինգի զոհը, մորը կարողացել է ասել, որ «եթե ոստիկանի դիմես՝ իմ վիճակը ավելի կվատանա»:

Երբ սկսվեց Հերմինեի հարցաքննությունը, մամառոզաների պաշտպանը գրեթե ծաղրով էր հարցնում Թուրքիայում Հերմինեի նախկինում գտնվելու մասին, դուրս գալով մեղադրանքի ծավալի շրջանակներից: Զոհի պաշտպանը՝ փաստաբան Հովիկ Արսենյանը առարկեց իր գործընկերոջ գործողությունները, ասելով, որ ըստ էության փորձ է արվում ստորացնել, բարոյական եւ հոգեբանական ճնշման ենթարկել զոհերին: Ամբաստանյալների փաստաբանը նկատեց, որ, ըստ տուժողի, նրա եղբայրն ու քույրն են աշխատել, իսկ մեղադրական եզրակացության մեջ գրված էր, որ Դուբայ տանելու համար օգտվել են նրա նյութական ծանր վիճակից: Նաեւ ձեւակերպեց. «Եթե ուզում եք պարզել՝ եղե՞լ է թրաֆիքինգ, ապա զոհ ասածը թող պատասխանի՝ զե՞նք են պահել իր վրա, խաբե՞լ են: Չմոռանանք՝ նրանք հայ կանայք են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել