Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեզման ու դպրոց գնալու փող չունեն

Նոյեմբեր 28,2006 00:00

Վարդաշենցիներն ԱԺ պատգամավորներին սրտանց հյուր են հրավիրում՝ մի կես ժամ իրենց կենսակերպով ապրելու:

Մի քանի հազար դրամի հույսին ապրող մեր երկրի կենսաթոշակառուներին խիստ վրդովեցրել է այն, որ ԱԺ պատգամավորները, բավական չէ երջանիկ ջահելություն ու կյանք են անում, հիմիկվանից արդեն որոշել են ապահովել նաեւ իրենց անհոգ ու երջանիկ ծերությունը: Խոսքը՝ պատգամավորներին բարձր կենսաթոշակ տալու քննարկումների մասին է: Ներկայումս Հայաստանի կենսաթոշակառուների 80 տոկոսն ապրում է ծայրահեղ վատ պայմաններում՝ գոյատեւելով միայն պետության տրամադրած ամսական 5-10 հազար դրամ թոշակով:

Թոշակառու Ռիմա Ասատրյանը միայնակ ծեր է, բնակվում է Վարդաշենի 9-րդ փողոցի հանրակացարանի 9-րդ տանը: Ուշ աշնան այս օրերին նրա բնակարանը չի ջեռուցվում, որովհետեւ 11.600 դրամ թոշակը բավարարում է միայն օրվա հացին: Տիկին Ռիմայի 16-ամյա որդին՝ Հակոբը, մահացել է 1988-ի երկրաշարժին, եւ կինը ողջ տարվա ընթացքում թոշակից տնտեսումներ է անում, փող է հավաքում, որ այցելի Գյումրիում գտնվող որդու գերեզմանին:

Էրեբունու տարածքային ծառայության աշխատակիցները, համարելով, որ թոշակն ավելի քան բավարար է ծեր կնոջը՝ ապրելու համար, զրկել են նրան «Փարոս» ծրագրով տրամադրվող 7000 դրամ օգնությունից. «Ընդամենը 1 անգամ եմ օգնություն ստացել, այնքան էի ուրախացել, մի քանի կիլոգրամ ալյուր, ոսպ, ձեթ տվեցին, բայց հետո զրկեցին՝ ասելով, որ ինձ էլ չի հասնում, մինչդեռ ոչ սոցիալական դրությունս է լավացել, ոչ թոշակս է փոխվել»,- լացակումած պատմում էր տիկին Ռիման:

Անձրեւների ժամանակ կնոջ բնակարանը կաթկթում է, տանն ավելի ցուրտ է լինում, քան դրսում:

Ընդհանրապես հանրակացարանի բոլոր բնակիչներն էլ սոցիալական ծայրահեղ պայմաններում են ապրում: Հովհաննիսյանների բազմանդամ ընտանիքն ապրում է հանրակացարանի մեկ սենյականոց մի խղճուկ բնակարանում: Տանտիկնոջ՝ Սուսաննայի պատմելով, երեք անչափահաս երեխաներին մի կերպ են պահում. «Ամուսինս աշխատում է ֆայլաբազարում, իսկ ես անգործ եմ, երեխաներին եմ պահում: Վարդաշենը քաղաքից այնքան կտրված է ու հեռու, որ հազիվ ենք միջոցներ գտնում՝ 2-րդ դասարանում սովորող տղայիս ամեն օր դպրոց ուղարկելու»: Հովհաննիսյանների մեծ աղջիկը՝ 11-ամյա Գրետան, ի ծնե էպիլեպսիկ եւ հոգեկան հիվանդ է: Ճանապարհածախս չունենալու պատճառով նրան էլ չեն կարողանում տանել Էրեբունու համայնքում գործող անվճար մասնագիտացած դպրոցը: Բնակարանը փոխելու համար ընտանիքը դիմել է բարեգործական «Հույսի ավան» կազմակերպությանը, բայց մերժվել է: Նրանց ասել են, որ նման օգնություն ստանալու համար ծնողներից գոնե մեկը պետք է հաշմանդամ լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել