Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱԼԱՐՈՒՄ ԸՆՏՐՎԵՑ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆ

Նոյեմբեր 28,2006 00:00

Հնարավոր բախումներից խուսափելու համար Դալարի ընտրությունները հսկում էր շուրջ երեք տասնյակ ոստիկան:

Նոյեմբերի 26-ին Արարատի մարզի Դալար գյուղում գյուղապետի արտահերթ ընտրություններ էին: Գյուղապետի աթոռի համար պայքարում էր երկու թեկնածու՝ Գագիկ Ալեքսանյանը եւ Արմեն Խաչատրյանը: Ընտրություններում 739 քվեով հաղթող ճանաչվեց Գ. Ալեքսանյանը: Ա. Խաչատրյանը ստացավ 596 ձայն: Անվավեր ճանաչվեց 40 քվեաթերթիկ:

Դալարում գյուղապետի աթոռը թափուր էր մնացել այս տարվա օգոստոսի 30-ից, երբ նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը սպանեց գործող գյուղապետ Տիգրան Պետրոսյանին: Այդ իրադարձությունից ի վեր գյուղում իրավիճակը սրված է: Դալարցիները բաժանված են Տ. Պետրոսյանի եւ Գ. Բադալյանի կողմնակիցների եւ, գյուղացիների ներկայացմամբ, «ոխերիմ թշնամիների պես են միմյանց հետ շփվում»: Դալար գյուղում դրությունն էլ ավելի էր լարվել, երբ ամուսնու մահից հետո գյուղապետի պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել Տ. Պետրոսյանի այրին՝ Թամարա Հովհաննիսյանը, սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Պետրոսյանը, սպառնալիքների ճնշման տակ, ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ հրաժարվել է գյուղապետ դառնալու մտքից. «Սպառնում էին երեխաներիս սպանել, ազգականներիս վնասել, եթե շարունակեմ պայքարել»: Թ. Հովհաննիսյանի հրաժարականից հետո էլ գյուղում կրքերը չէին հանդարտվել, ինչը տեսանելի էր նաեւ հենց ընտրության օրը: Դալարի երկու ընտրատեղամասն էլ շրջապատված էր 20-30 ոստիկանով, որ այս գյուղ էին գործուղվել երկու մասի պառակտված դալարցիներին հնարավոր բախումներից զերծ պահելու համար: Երեկոյան՝ քվեների հաշվման ժամանակ, ոստիկանների թիվն ավելացավ:

Առաջադրված թեկնածուներից մեկը՝ Գ. Ալեքսանյանը Դալարի նախկին սպանված գյուղապետ Տիգրան Պետրոսյանի ընկերն էր, իսկ մյուս թեկնածուն՝ Ա. Խաչատրյանը, Տ. Պետրոսյանին սպանողի՝ Գ. Բադալյանի խնամին: Ողջ օրվա ընթացքում երկու թեկնածուների կողմնակիցները հավաքված էին ընտրատեղամասերի շուրջը եւ լարված սպասում էին ընտրության արդյունքներին: Չնայած նրան, որ երկու թեկնածուներն էլ անկուսակցական են, սակայն, գյուղացիների խոսքերով, Գ. Ալեքսանյանին գաղտնի սատարում էր ՀՀԿ-ն: Ըստ լուրերի, նրան համակրում են նաեւ մարզպետարանում: Իսկ «Երկրապահ կամավորական» կազմակերպությունը, որի անդամ էր Գ. Ալեքսանյանը, թեեւ պաշտոնական որոշում չէր կայացրել նրան սատարելու, այնուամենայնիվ, իր անդամի մեջքին կանգնած էր: Չնայած սրան, Գ. Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ժխտեց, որ որեւէ կուսակցություն իրեն աջակցում է: Դալարցիների ներկայացմամբ, մյուս թեկնածուն՝ Ա. Խաչատրյանը, նախընտրական շրջանում մեծ ջանքեր է գործադրել համոզելու, որ Դալարի համար իրենից հարմար թեկնածու չկա: Նա ընտրություններից օրեր առաջ, գյուղացիների խոսքերով, 3-10-հազարական դրամ գումար է բաժանել: Ընտրակաշառքի վերաբերյալ մեր դիտարկմանն ի պատասխան, Դալարի թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանն ասաց. «Բաժանում են՝ թող բաժանեն, իրենց ասել եմ, որ դա իրենց համար ավելորդ ծախս է: Օրինակ, քաղաքացիներն արդեն ձեւը գտել են՝ գումարը վերցնում են, բայց ուրիշին են ընտրում»:

Ա. Խաչատրյանի վստահված անձ Կարեն Խաչատրյանը ընտրությունների ընթացքում արձանագրել էր, որ թիվ 17/ 23 ընտրատեղամասում նույն մարդը մի քանի անգամ է քվեարկել: Ընդհանուր առմամբ, ընտրություններն առանց լուրջ խախտումների անցան: Փոխարենը իրավապահներն էին ողջ ընտրության ընթացքում խախտում Ընտրական օրենսգիրքը: Ըստ ԸՕ-ի պահանջների, վերջիններս տեղամասից պետք է գտնվեին 50 մ հեռավորության վրա, սակայն տեղակայվել էին ընտրատեղամասի հարեւան սենյակում, որի մուտքն ու ելքն անցնում էր տեղամասի միջով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել