Երեկ ասում էին ոստիկանները հանրաքվեի 1 տարին ցույցերով նշող Քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներին:
Չնայած Քաղաքացիական անհնազանդության շարժման նախաձեռնող խումբը կոչ էր արել ՍԴ-ի առջեւ կազմակերպվող բողոքի ցույցին մասնակցել նաեւ սահմանադրական հանրաքվեն բոյկոտելու կոչ արած կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին՝ մասնակիցների շարքերում տեսանք միայն «Այլընտրանքի» ներկայացուցիչներ Պետրոս Մակեյանին եւ Սամսոն Ղազարյանին: Իսկ ՍԴ-ի դիմացի մայթից մի կարճ ժամանակ ցույցին հետեւեցին նաեւ ՀՀՇ վարչության մի քանի անդամներ: Շարժման նախաձեռնողներից Վահան Շիրխանյանը մեր հարցին, թե ինչպես է բացատրում հանրաքվեն բոյկոտելու կոչ արած կուսակցությունների առաջին դեմքերի բացակայությունը՝ ասաց. «Երեւի քաղաքական դաշտի հիվանդություններից մեկն է սա, եւ շա՛տ վտանգավոր հիվանդություններից: Քանի որ նախաձեռնողն այլ մարդիկ են՝ իրենց մասնակցությունը դիտվում է երկրորդական, ինչն, իհարկե, սխալ է: Հանրաքվեի կեղծումը բոլորի խնդիրն է, եւ այսօր պետք է մասնակցեին շատ ավելին: Ցավալի փաստ է»: Վահան Շիրխանյանը տեղեկացրեց, որ բացի կոչ անելուց՝ նաեւ անհատապես են դիմել առանձին կուսակցությունների:
Հարկ է նաեւ նշել, որ մի քանի հարյուր ցուցարարների մեջ տեսանք ինչպես «Հանրապետություն» կուսակցության, այնպես էլ ՀԺԿ-ի շարքային անդամների: Հենց վերջին հանգամանքն էլ մատնացույց արեց ՀԺԿ խոսնակ Ռուզան Խաչատրյանը, երբ հետաքրքրվեցինք, թե կուսակցությունն ինչո՞ւ չի մասնակցում այս ցույցին. «ՀԺԿ շատ անդամներ կան այստեղ: Իսկ մեր գործիչները մասնակցում են արտահերթ նիստին»:
«Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը երեկ խորհրդարանում իր ելույթում անդրադարձավ հանրաքվեին՝ հայտարարելով. «Այսօրվա գործող իշխանությունները, քաղաքական կոալիցիան աննախադեպ նկարչություն արեցին մեկ տարի առաջ»:
Իսկ ցուցարարները կոչով դիմեցին Սահմանադրական դատարանի անդամներին: Կոչում մասնավորապես ասվում է. «Ձեր աչքի առջեւ, 2005թ. նոյեմբերի 27-ին, Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, աննախադեպ ցինիզմով կեղծվեցին սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Ո՞ւմն է ժողովրդի համատարած բոյկոտի արդյունքում տապալված այդ խայտառակ սահմանադրությունը: Ո՞ր սահմանադրությունն եք դուք հիմա պաշտպանում: Չե՞ք տեսնում, որ ձեր գործունեությունն իմաստազրկվել է: Ուշքի եկեք, ցուցաբերեք ձեր քաղաքացիական անհնազանդությունը հանցախմբին»:
ՍԴ առջեւ ցույցում Քաղաքացիական անհնազանդության շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը մեգաֆոնով հայտարարեց. «Այսօր եկել ենք մեր ամոթանքը հայտնենք ՍԴ-ին, որի աչքի առջեւ ամեն օր բռնաբարվում է Սահմանադրությունը: Մեկ տարի առաջ այսօր լիակատար ցինիկությամբ կեղծվեցին սահմանադրական հանրաքվեի արդյունքները, եւ ՍԴ-ն որեւէ արձագանք չտվեց»: Նախկին արտգործնախարարը նաեւ նշեց, որ ցույցի իսկ պահին ընդունվում է հակասահմանադրական օրենք: Խոսքը «Պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության մասին» օրենսդրական փաթեթի մասին էր, որն ԱԺ-ն երեկ արտահերթ նիստում 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց 70 «կողմ» եւ 2 «ձեռնպահ» ձայներով (ձեռնպահները ՀՅԴ խմբակցության անդամներ Արամայիս Գրիգորյանն ու Աշոտ Ափոյանն էին): Իրենց սեփականությունից զրկված քաղաքացիները մինչեւ նիստի սկսվելն էլի փորձում էին պատգամավորներին համոզել չընդունել նման օրենք: «ՀՀԿ անդամ որոշ պատգամավորներ մի քիչ կոպիտ վարվեցին ժողովրդի հետ: Եվ իրավապահներին էին դիմում, թե ինչո՞ւ են թույլ տվել, որ մենք կանգնենք ԱԺ մուտքի մոտ: Բայց ախր մենք ենք, չէ՞, ընտրել նրանց: Նրանք պիտի հաշվի առնեին ժողովրդի կարծիքը»,- «Առավոտին» ասաց «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վաչագան Հակոբյանը: Իսկ այն փաստարկների կապակցությամբ էլ, թե այս օրենքը կապ չունի արդեն իսկ իրականացված օտարման գործընթացի հետ՝ պրն Հակոբյանը նշեց. «Անցած տարիների մեր պայքարը բերեց նրան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմեց Սահմանադրական դատարան, եւ որոշում կայացվեց նաեւ նման օրենք ընդունելու մասին: Հիմա չեմ հասկանում, երբ ասում են, թե այդ օրենքը մեզ չի վերաբերվում: Բա ո՞ւմ է վերաբերվում: Այս օրինագծով օրինականացրին այն վայրագությունները, որ կատարվեցին մեր նկատմամբ»:
Սեփականությունից զրկված քաղա քացիներն այս ցույցի ամենաակտիվ մասնակիցներն էին, որոնք «զինվել» էին Քաղաքացիական անհնազանդության շարժման խորհրդանիշ ցախավելներով: «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն անդրադառնալով այն պնդումներին, թե իրենց խնդիրը շահարկում են քաղաքական ուժերը՝ «Առավոտին» ասաց. «Մենք շնորհակալ ենք այն կուսակցություններին, որոնք այսօր միացել են մեզ եւ պաշտպանում են մեր շահերը: Զարմանում եմ, որ կոալիցիայի ներկայացուցիչներն էլ չեն գալիս»:
ՍԴ-ի մոտից ցուցարարները հետո շարժվեցին դեպի խորհրդարան՝ նույն կոչերով ու կարգախոսներով: Նախ փորձեցին երթով անցնել այդ ճանապարհը՝ փակելով փողոցը: Սակայն ոստիկանները նրանց համոզեցին քայլել մայթով: Ոստիկանական մեքենայից մի ձայն մեգաֆոնով ազդարարում էր. «Փակելով ոչինչ չի լինի»: Ավտոմեքենան արագ էր ընթանում, ուստի չկարողացանք հասնել եւ հետաքրքրվել. «Ընկեր պետ, իսկ հապա ինչպե՞ս է ինչ-որ բան լինելու»: