Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՐԱՆ՝ ՏԱՐԱԾՔԻ ԴԻՄԱՑ

Նոյեմբեր 28,2006 00:00

\"\"«Սիթի սենթր դիվելըթմենթը» «ֆիրդուսցիներին» կամ այլ կերպ ասած՝ 33-րդ իրացվելիք թաղամասի բնակիչներին իբրեւ փոխհատուցում առաջարկում է հարդարված բնակարաններ:

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Երեւանի կենտրոնի Հյուսիսային ու Գլխավոր պողոտաների իրացման ու կառուցապատման ոդիսականին՝ մատնանշելով մարդկանց ճակատագրի հաշվին շահույթ ստացող բազմաթիվ ընկերությունների անուններ՝ «Գրիառ», «Վիզկոն» եւ այլն: Բայց միայն «Գլենդել հիլզ» ու նորաստեղծ «Սիթի սենթր դիվելըթմենթ» ՓԲԸ-ներն էին, որոնք հարկ համարեցին արձագանքել իրենց իրացրած ու իրացնելիք տարածքների բնակիչների մտահոգություններին: Երեկ անդրադառնալով «Առավոտում» նոյեմբերի 17-ին հրապարակված «Ինչպես լվանալ «իրացման» փողերը» հոդվածին՝ հիշյալ երկու ՓԲԸ-ների գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Մելիքյանը մեր զրույցի ժամանակ նախ ասաց, թե համաձայն չէ հրապարակման վերնագրին, որովհետեւ «ընդհանրապես փողերի լվացումը ենթադրում է ստվերային եկամուտների օրինականացում: Իրացման ժամանակ, որոնք միայն ծախսեր են նախատեսում, փողերի լվացման մասին խոսելն ավելորդ է»:

Էդ. Մելիքյանն ավելի շատ անդրադարձավ Ֆիրդուսի կամ 33-րդ իրացվելիք թաղամասի բնակիչների խնդիրներին ու մտավախություններին: Ըստ նրա, իրենց ղեկավարած «Գլենդել հիլզը» Գլխավոր պողոտայում Բուզանդ փողոցին հարող տարածքն իրացրել է մեկ տարի առաջ, ու հիմա այդ տարածքում արդեն շենք է կառուցվել, որը կես տարի հետո շահագործման կհանձնվի: Այս տարածքի իրացման ժամանակ, Էդ. Մելիքյանի պնդմամբ, ընկերությունը 82 պայմանագիր է կնքել բնակիչների հետ ու միայն 5-ի դեպքում է տեղի ունեցել հարկադիր վտարում:

Բուզանդի իրացումից հետո, ըստ Էդ. Մելիքյանի, ընկերությունը հասկացել էր, որ գումարային փոխհատուցումն ամենալավ տարբերակը չէ, որովհետեւ բոլոր դեպքերում դժգոհություններ եղել են: «Մենք հասկացանք, որ ավելի լավ է մարդկանց բնակարան առաջարկել նույն տարածքի չափով, որ բողոքելու, անարդարության խնդիրներ չլինեն: Գինու կոմբինատին հարող տարածքում «Գլենդել հիլզն» իրացումն արդեն ավարտել է, կնքվել է 153 պայմանագիր, կնքված չէ ընդամենը 4 պայմանագիր: Բոլորն անխտիր որպես փոխհատուցում ստացել են բնակարաններ: Այնտեղ էլ իրացման ժամանակ մարդիկ նույն հարցադրումներն էին անում, ինչ հիմա Ֆիրդուսում՝ բա որ շենքը չկառուցեք, բա որ սնանկանաք եւ այլն»: Այդ տարածքում «Գլենդել հիլզը» բնակիչների հետ պայմանավորվել է՝ մարդիկ իրենց տներից կարող են դուրս չգալ, մինչեւ 1000 քմ հողատարածքի վրա առաջին շենքը կառուցվի: «Մենք խնդիր չենք դրել, որ բնակիչը նույն պահին իր տնից դուրս գա: Բնակիչների հետ պայմանավորվեցինք, որ մենք շենքը հասցնենք 3-րդ հարկի, որ մարդիկ տեսնեն՝ իրենք այնտեղ բնակարան ունեն, նոր դուրս գան: Հիմա նրանք արդեն կամաց-կամաց ազատում են իրենց տներն ու տեղափոխվում են նոր բնակարաններ: 33-րդ թաղամասն իրացնելու համար մենք բնակիչներին նույնն ենք առաջարկում: Իսկ ո՞վ է ասում, որ ես կամ «Սիթի սենթր դիվելըթմենթի» որեւէ աշխատակից նրանց ասել է տներից դուրս եկեք»,- հարցրեց Էդ. Մելիքյանը:

Ֆիրդուսցիների մտավախություններից մեկն էլ այն էր, որ իրենց հետ բանակցություններ է վարում «Սիթի սենթր դիվելըթմենթը», որը խոստանում է բնակարաններ հատկացնել մեկ այլ՝ «Գլենդել հիլզ» ընկերության կողմից կառուցապատվող տարածքում: «Ճիշտ են այդ մտավախությունները: Դրա համար էլ կնքվելու է եռակողմ պայմանագիր՝ երկու ընկերությունների ու բնակչի միջեւ»,- ասաց պարոն Մելիքյանը: Ըստ նրա, «Սիթի սենթր դիվելըթմենթը» առայժմ միայն Խանջյանի փողոցի բնակիչների հետ է բանակցում ու նրանց առաջարկում բնակարաններ նույն տարածքով Գինու կոմբինատին հարող շենքում, որը «Սիթի սենթրը» գնելու է «Գլենդել հիլզից» ու իբրեւ փոխհատուցում տալու է Խանջյան փողոցի բնակիչներին: «Ես իրենց չեմ ասում՝ հիմա դուրս եկեք, առաջարկում եմ ստանալ բնակարան ու հետո միայն տներից դուրս գալ: Իմ խնդիրն այն է, որ արագ իրացվի միայն Խանջյան փողոցի տարածքը, որն ընդամենը 2700 քմ է՝ ամբողջ 50 հազար քմ տարածքի մեջ: Ես պատրաստ եմ անգամ այդ տարածքի բնակիչներին գումարային փոխհատուցում տալ: Այդ տեղում մենք շենք են կառուցելու, որտեղից բնակարաններ են տրամադրվելու Ֆիրդուսի մյուս բնակիչներին: Թող կառուցեմ, նրանք գան, կկանգնեն իրենց բնակարանում, սեփականության վկայականներ ստանան, նոր հետո ազատեն իրենց բնակարանները: Մենք դրան պատրաստ ենք: Ես չեմ ասում՝ փակած աչքերով ինձ վստահեք: Այն, ինչ մենք անում ենք, փաստացի գործ է ու ունի իրավաբանական ապահովվածություն»,- հայտարարեց Էդ. Մելիքյանը՝ պնդելով, որ «Ֆիրդուսնոցի» փակված աշխատատեղերի դիմաց, իրենց հաշվարկներով, բացվելու է շուրջ 2000 աշխատատեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել