Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 27,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երրորդ

Գլուխ քսանյոթերորդ

ԿՌԻՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

– Արի մի բան կեր,- շրջվելով ու դեպի խոհանոց գնալով՝ ասաց մայրս, ու ես գլխի ընկա, որ մայրս կտրուկ շրջվեց, որպեսզի իր արցունքների նոր հեղեղը չտեսնեմ:

– Կուշտ եմ,- խոհանոց մտնելով՝ ասացի ես:

– Որտե՞ղ ես կերել,- արցունքները խալաթի թեւքով սրբելով՝ հարցրեց մայրս:

– Թամրազյանենց տանը,- ասացի ես:

– Ի՞նչ Թամրազյան,- զարմացավ մայրս:

– Գրականության դասագրքերը որ գրել ա,- ասացի ես:

– Էս ժամին իրանց տանն էի՞ր,- կասկածանքով ինձ նայեց մայրս:

– Սպասում էի անձրեւը կտրվի՝ գամ, բայց էս անտեր անձրեւը չէր կտրվում:

– Գոնե սուտ մի խոսի,- արցունքների միջից ժպտաց մայրս.- անձրեւը որ սկսվեց՝ արդեն երկուսն անց էր: Մինչեւ է՛դ պիտի տուն գայիր:

– Թողում է՞ր որ:

– Ո՞վ չէր թողնում:

– Ասում եմ՝ Թամրազյանը:

– Հրա՞նտ,- հարցրեց մայրս:

– Հա,- ասացի ես:- Սկզբում ռեստորանում էինք, հետո զոռով իրանց տուն տարավ:

– Թամրազյանի՞ն որտեղից ես ճանաչում:

– Պատահական ծանոթացանք:

– Ես քսանհինգ տարվա մանկավարժ եմ, բայց Թամրազյանին մոտիկից տեսած չկամ: Ո՞նց ես էդ մարդկանց հետ պատահական ծանոթանում:

– Եսիմ,- ասացի ես:

– Զարմանում ես, չէ՞,- հարցրեց մայրս:

– Ինչի՞ համար:

– Շատ ես, չէ՞, զարմանում,- նորից հարցրեց մայրս:

– Ինչի՞ համար պիտի զարմանամ:

– Չես զարմանո՞ւմ, որ էսքան հանգիստ եմ. չես զարմանո՞ւմ, որ կռիվ չեմ սարքում:

– Ճիշտն ասած՝ մի քիչ զարմանում եմ:

– Մի քի՞չ,- շարունակեց ժպտալ մայրս:

– Որ պառկած ու քնած ըլնեիր՝ ավելի շատ կզարմանայի:

– Արդեն հայհայ էր՝ պառկեի ու քնեի:

– Աչքերիս չէի հավատա:

– Արդեն հայհայ էր՝ պառկեի ու հավերժական քնով քնեի,- թեւքով արցունքները սրբելով՝ ասաց մայրս:

– Ի՞նչ հավերժական:

– Շտապօգնությունը մի քիչ առաջ գնաց:

– Ի՞նչ շտապօգնություն:

– Ճնշումս միլիոն էր հասել: Շտապօգնությունը որ մի քանի րոպե էլ ուշանար՝ հիմա հաստատ էն աշխարհում էի:

– Ասում ես՝ ճնշումդ է՞ր բարձրացել:

– Բարձրանալն էն խոսքը չի: Գլուխս արդեն պայթում էր: Որ մի քիչ էլ ուշանային ու էդ սրսկումը չանեին՝ ինձանից լրիվ կազատվեիք:

– Ո՞վ կազատվեր:

– Բոլո՛րդ,- արցունքները սրբելով՝ ասաց մայրս:

– Շտապօգնությունը ե՞րբ ա էկել:

– Երեւի կես ժամ էլ չկա՝ որ գնացել են:

– Պապան ու Նունեն նոր ե՞ն քնել:

– Քնած չեն. ուղղակի՝ որ բալկոնից քեզ տեսնում ու իրենց ասում եմ, որ հայտնվեցիր, իրենք լույսերը շուտ հանգցնում ու տեղաշոր են մտնում, որ մեր թատրոնին ներկա չգտնվեն:

– Ի՞նչ թատրոն:

– Մեր էս ամենօրյա թատրոնը: Մտածում են՝ թող Սեդա՛ն վատամարդ դուրս գա,- արցունքները սրբելով՝ ասաց մայրս:

– Բալկոնից ինձ տեսա՞ր:

– Հա:

– Ճանաչեցի՞ր:

– Ուրիշ ո՞վ պիտի էս ժամին ու էս տեղատարափին դրսերում թրեւ գար:

– Էս անձրեւին բալկոնո՞ւմ խի էիր կանգնել:

– Մաքուր օդ էի շնչում,- ժպտաց մայրս.- շտապօգնության բժիշկն ասաց, որ մաքուր օդն ինձ շատ լավ ա:

– Հա,- չիմանալով ինչ ասեմ՝ ասացի ես:

– Վա՜յ,- հանկարծակի ճչաց մայրս:

– Ի՞նչ էղավ,- վախեցա ես:

– Ձեր ձեռքը խելք կ մնա՞,- ասաց մայրս.- արդեն լրիվ ցնդել եմ:

– Ինչի՞ համար ես ասում:

– Ես որ չասեմ՝ էսպես թաց-թաց էլ կնստես ու կմնաս, չէ՞:

– Ի՞նչ անեմ:

– Ի՞նչ պիտի անես. գնա քեզ չորացրու:

– Հա,- ասացի ես ու մտա լողասենյակ:

– Էդ մեծ սրբիչով կսրբվես,- ասաց մայրս:- Քեզ լավ չորացրու՝ մինչեւ շորերդ բերեմ:

Ես ահագին ժամանակ մեր դեղին ու հաստ սրբիչով ինձ չորացնում էի՝ ասես նոր լողացած լինեի, բայց ինձ թվում էր՝ երբեք չեմ չորանա, ու ինձ թվում էր՝ էդ ամբողջ անձրեւը լրիվ մեջս է լցված, եւ երբ մայրս շորերս բերեց, ես արագ-արագ հագա, որովհետեւ արդեն դողս սկսվել էր:

Ես ինձ լարեցի, որ չդողացնեմ, բայց մայրս դողալս նկատեց ու ասաց.

– Սաթրջան ես կպնելու, ա՛յ անխիղճ: Թամրազյանենց տունը որտե՞ղ էր:

– Չարենցի վրա:

– Չարենցից մինչեւ էստեղ էս սելավի տակով ես եկել, հա՞:

– Իրանց հեռախոսը չէր աշխատում. թե չէ՝ կզանգեի, քեզ կզգուշացնեի:

– Գոնե սպասեիր՝ անձրեւը կտրվեր:

– Էդքան կդիմանայի՞ր,- ժպտացի ես:

– Էսքան որ դիմացել եմ՝ չես զարմանո՞ւմ:

– Զարմանում եմ:

– Արդեն մտածում էի՝ միլիցիա զանգեմ, մտածում էի՝ էլի կռիվների մեջ ես ընկել: Արդեն Սուրիկենց համարը հավաքել էի, բայց մտածեցի՝ խեղճերին դիվադադար չանեմ:

Էն թվերին իսկապես հազար ու մի կռիվների մեջ էի ընկնում, ու երեք անգամ արդեն միլիցիայություն էի ընկել, եւ երեք անգամն էլ ինձ հանել էր Սուրիկ ձյաձյան՝ հորաքրոջս ամուսինը, որ էն թվերին Լենինյանի միլպետի՝ Ղազինյանի տեղակալն էր, ու վերջին անգամ Սուրիկ ձյաձյան ինձ Սպանդարյանի քաղմասից հանեց բանակիցս ընդամենը մի ամիս առաջ, ու հիմա որ մտածում եմ՝ էդ իմ վերջին կռիվն էր, ու, հիշում եմ, էդ գիշեր Սուրիկ ձյաձյան ինձ ու Կարոյին Սպանդարյանի միլիցիայի ճանկերից ազատեց ու մորս ասաց՝ «սրանից հետո իմ վրա հույս չդնեք», եւ իմ ու Կարոյի էդ Կոմայգու դեպքն իսկապես վերջինը եղավ, ու հիմա որ փորձում եմ ջահելությանս տարիները վերհիշել, բանակիցս հետո կռվի ու ծեծկռտուքի որեւէ դեպք չեմ կարողանում հիշել, այսինքն՝ մեծուփոքր բոլոր ճակատամարտերս բանակիցս դենն են՝ ներառյալ բանակիս մի տարին, ու չնայած մեր բանակային կռիվները հիմնականում Վալերն իր վրա էր վերցնում, այնուամենայնիվ, մեր ու դեմբելների միջեւ տեղի ունեցած միակ ճակատամարտին բոլոր հայերս լիարժեք մասնակցություն ունեցանք՝ բացառությամբ Շկարուպետայի վարորդ Սաքոյի ու նոյեմբերյանցի ջեւիկների, եւ ես մեր էդ ամենամեծ ճակատամարտի մասին առաջին գրքիս մեջ ոչ մի բառ չգրեցի, որովհետեւ «Առավոտի» իմ փայ ընթերցողներն ինձ շտապեցնելով ուղղորդում էին՝ շուտափույթ ավարտել բանակային նաղլներս, եւ ես իրենց էդ շարունակական հորդորներին ընդառաջ գնալով՝ շուտափույթ ու վաղաժամ ավարտեցի էդ, ուրեմն, նաղլներս, բայց դրանից հետո՝ առ էս պահը հարմար առիթ էի փնտրում՝ գոնե թռուցիկ անդրադառնալու մեր ու դեմբելների միջեւ տեղի ունեցած էդ առաջին ու, փաստորեն, վերջին մեծ ճակատամարտին, իսկ ինչ վերաբերում է դրանից առաջ ու դրանից հետո տեղի ունեցած մանրմունր ընդհարումներին, դրանց ելքը Վալերը մենմենակ էր վճռում, վատագույն դեպքում՝ Պարգեւի հետ միասին, ու ես էդ մանրմունրներին ո՛չ միայն մասնակից, այլեւ ականատես է՛լ չէի լինում, որովհետեւ համարյա ամբողջ ժամանակ արհեստանոցումս էի լինում, ու էդ մի քանի հոգանոց մանրմունր ընդհարումներն էնքան աննշան էին, եւ Վալերն ու Պարգեւն էնքան արագ էին դրանց ելքը վճռում, որ տղերքը չէին հասցնում ինձ իմաց անել, բայց մեր ու դեմբելների էդ ամենամեծ ճակատամարտի մասին ինձ տեղեկացնելու կարիք չառաջացավ, որովհետեւ էդ վճռական ու մեծ ճակատամարտը, փաստորեն, հենց իմ պատճառով սկսվեց ու տեղի ունեցավ Նոր տարուց ընդամենը մի շաբաթ հետո, ու չնայած Շաբլովսկու հետ արդեն որեւէ խնդիր չունեինք, բայց մյուս դեմբելները ոչ մի կերպ չէին հաշտվում իրենց չար ու մեր չափազանց բարի ճակատագրերի հետ, որովհետեւ արդեն զորամասում բոլորը գիտեին, որ նվագախմբի մեր տղերքը շաբաթական ընդամենը մի անգամ են նարյադ գնալու, իսկ ես՝ ո՛չ մի անգամ, ու հեչ պատահական չէր, որ հենց ի՛նձ թիրախ ընտրեցին, եւ երբ էդ գիշեր կազարմա մտա, դեմբելների Չեչենն ինձ առաջարկեց էդ գիշեր իր փոխարեն դնեւալնի կանգնել, ու ես, բնականաբար, մերժեցի, եւ երբ երկու ուրիշ դեմբելներ մոտեցան եւ շատ ավելի հասկանալի ու կոպիտ ռուսերենով ինձ բացատրեցին, որ իրենց Չեչեն ախպերը տաքություն ունի, ու ես պարտավոր եմ իր փոխարեն դնեւալնի կանգնել, ես միանգամից հասկացա, որ նախօրոք կազմակերպված գործ է, ու մինչ կփորձեի ավելին ընկալել ու հասկանալ, մշտապես աչալուրջ Վալերն արդեն կողքիս էր, ու մինչ Վալերին հայերեն ու սպառիչ կբացատրեի իրենց պահանջը, Չեչենն արդեն հատակին էր, ու մինչ Չեչենը մեծ դժվարությամբ կբարձրանար, մյուս երկուսն է՛լ հատակին հայտնվեցին, բայց հենց էդ պահին իրենց ամբողջ պրիզիվը վրա տվեց, ու չնայած նվագախմբի մեր տղերքը ճիշտ ժամանակին վրա հասան, ու չնայած դեմբելներից երկու ուրիշներն էլ էին արդեն հատակին, այդուհանդերձ, իրենք քանակով մի քանի անգամ շատ էին, ու չնայած նոյեմբերյանցի ջեւիկները, փաստորեն, դիտորդի դերում էին, բայց իրենց կողմից էլ մեծն Շաբլովսկին էր դիտորդի դերում, ավելի ճիշտ՝ էդ երեքը ոչ թե դիտորդի դերում էին, այլ՝ իրենց տեղաշորների մեջ քնած էին ձեւանում, ու չնայած երկու հոգու էլ Պարգեւն էր արդեն անձամբ հատակին փռել, այդուհանդերձ, դեմբելների թիվն ավելանում ու չէր պակասում, չնայած, ըստ էության, իրենց թիվն առանձնապես էական չէր, եւ նմանապես էական չէր նվագախմբի տղերքիս քանակությունը, ու չնայած աղմուկի վրա Մացոն է՛լ էր արդեն հայտնվել ու մեր կողմից խառնվել, բայց մեր առումով էականը Վալերն ու Պարգեւն էին, մանավանդ որ՝ Վալերն արդեն ինձ ու Ազատանցուն հստակ ցուցում էր տվել՝ «դուք մենակ մեջքս պահեք՝ հետեւիցս չխփեն», ու էդ կռվի ամբողջ ընթացքում Ազատանցին ու ես Վալերի մեջքն էինք պահում, մանավանդ որ՝ դեմբել Ժելուդկովը կոպալի պես մի բան էր ճարել ու էդ փետը ձեռին՝ մեր շուրջ ֆռֆռում ու տպավորություն էր ստեղծում, թե ինքն էլ է էդ կռվին ակտիվ մասնակից, բայց Ժելուդկովին արդեն մոտիկից էի ճանաչում ու գիտեի, որ չափազանց բարի ու անշառ մեկն է, ու չնայած ինքն էդ կոպալը ձեռին մյուսներին հավասար ճվճվում ու ղժղժում էր, բայց իր վրա առանձնապես ուշադրություն չէինք դարձնում, ու չնայած էդ պահի դրությամբ Վալերն ու Պարգեւն արդեն դեմբելներից ամենաակտիվներին հնձել էին, բայց դեմբելների ճվճվոցներն ու հայհոյանքները չէին պակասում, եւ էդ պահերին չափազանց լարված էինք, ու դեռեւս չէինք հասկացել, որ մեր դեմ ոչ միայն Շաբլովսկու պրիզիվն է, այլեւ՝ նոյեմբերյանցի ջեւիկներինն ու Ժելուդկովինը, այսինքն՝ մեր դեմ ամբողջ երկու պրիզիվներ էին համերաշխվել ու կռիվ տալիս, եւ էդ ամբողջ ընթացքում Շաբլովսկին ու նոյեմբերյանցի ջեւիկներն իրենց տեղաշորների մեջ պառկած՝ իբր քնած էին, ու չնայած էդ ահավոր ճվճվոցների մեջ քնելն անհնար էր, բայց երեքն էլ կենդանության որեւէ նշան ցույց չէին տալիս, ու դրա համար հատկապես ջեւիկներն արդարացում ունեին (հետագայում նոյեմբերյանցի զույգերը մեր առաջ արդարանում էին, ասելով, որ եթե արթուն էլ լինեին՝ իրենց պրիզիվի կողմից մեր դեմ էին դուրս գալու, եւ իրենց պրիզիվի տղերքի մոտ էլ հակառակ կերպ էին արդարանում, ասելով, որ եթե էդ պահին քնած չձեւանային, իրենց զեմլյակների հետ միասին իրենց իսկ պրիզիվի դեմ պիտի կռիվ տային), ու չնայած Շաբլովսկուց որեւէ մեկը չհանդգնեց բացատրություն պահանջել, բայց Շաբլովսկին ինքն իրեն հաշիվ տալով եւ ինքն իր առաջ արդարանալով՝ մեզ ասում էր, որ եթե ինքն էդ գիշեր արթուն էլ լիներ, իրավունք չուներ էդ կռվին որեւէ կողմից խառնվել, որովհետեւ ինքը դիսբատցի ու անպրիզիվ մարդ է, եւ իր պրիզիվակիցներն արդեն երկու տարուց ավելի է՝ իրենց տներում են, եւ երբ ամեն ինչ խաղաղված ու պրծած էր, երեքն էլ միաժամանակ արթնացան, ու էդ ճակատամարտը, որ ինձանով ու իմ պատճառով սկսվել էր, ինձանով ու իմ շնորհիվ էլ ավարտվեց, որովհետեւ երբ Ժելուդկովը տեսավ Չեչենի քիթուբերնից չռռացող արյունը, վախից ու սարսափից կոպալն իջեցրեց ուղիղ գլխիս, ու ես, Ժելուդկովի էդ հանկարծակի հարվածից տապալված ու բերանքսիվայր հատակին փռված, պարզորոշ զգացի, որ տապալվելուցս անմիջապես հետո լռություն տիրեց, ու ճակատամարտն էլ դադարեց, եւ իմ էդ բերանքսիվայր վիճակում հստակ հասկանում էի, որ եթե վեր կենամ՝ ամեն ինչ անմիջապես կվերսկսվի, եւ արդեն Վալերն ինձ ցնցում էր՝ «Արմո՛, Արմո՛», ու Պարգեւի մռնչոցն էի լսում՝ «յո՜բ վաշու մածՖ», ու շիվարած Ժելուդկովի մլավոցը՝ «յա նիչա՜յնը», եւ իմ էդ բերանքսիվայր վիճակում միանգամայն հստակ պատկերացնում էի, որ եթե վեր կենամ՝ առաջին տուժողը հենց խեղճուկրակ Ժելուդկովն է լինելու, քանի որ՝ իմ էդ վիճակում Վալերն ու Պարգեւը բացառապես ինձնով էին զբաղված, եւ եթե էդ պահին կենդանության նշաններ ցույց տայի, Վալերն անմիջապես ինձ կթողներ ու կսկսեր լրջագույնս զբաղվել դեմբելներով ու հատկապես Ժելուդկովով, բայց իմ էդ բերանքսիվայր վիճակում ուղեղս հազարի վրա էր աշխատում, ու էդ ընկածս վիճակը, որ էսքան նկարագրում եմ, ամենաշատը, երեւի, կես րոպե տեւեց, որովհետեւ Վալերը Վալեր չէր լինի, եթե անմիջապես ինձ չշրջեր եւ զարկերակս էլ չփնտրեր ու չգտներ, եւ երբ Վալերն արդեն զարկերակս գտել ու բռնել էր, ես որոշ ժամանակ էլի աչքերս չէի բացում, որպեսզի մի քիչ էլ ժամանակ շահեմ, եւ երբ Վալերը համոզվեց, որ ամեն ինչ կարգին է, եւ զարկերակս բաց թողեց, ես անմիջապես բացեցի աչքերս ու կարծեմ մի թեթեւ ժպտացի էլ, ու էդ պահին էլ էր ուղեղս չտեսնված աշխատում, եւ արդեն գիտեի, որ Ժելուդկովն իր էդ կոպալով հնարավորինս մեղմ է գլխիս խփել, որովհետեւ երբ աչքերս բացեցի ու գլուխս շոշափեցի՝ նույնիսկ էդ խփված տեղը չէր ցավում, եւ արդեն հստակ հասկանում էի, որ եթե Ժելուդկովն ինձ խփած չլիներ, ու ես էլ ընկած չլինեի, էդ ճակատամարտի արդյունքներն ահավոր էին լինելու, ու ընկած վիճակում, հիշում եմ, մտովի ինձ համեմատում էի է՛ն սիմուլյանտ ֆուտբոլիստների հետ, որոնք իրենց թիմի հաղթելու պահին մի թեթեւ հարված ստանալով՝ ահագին ժամանակ պառկած են մնում՝ մինչեւ բժիշկները հայտնվեն ու պատգարակ բերեն, եւ երբ մրցավարը բժիշկներին հրահանգում է էդ ընկածին դաշտից դուրս հանել, էդ ընկածն ու անշնչացածը հասկանալով, որ իր թիմն իր կարիքը դեռեւս ունի, անմիջապես վեր է թռչում ու վերստին սկսում է վազվզել, ու ես սիմուլյանտի էդ վիճակում էի, եւ իմ էդ վիճակում Վալերն ինձ մի քանի ապտակ հասցրեց, եւ քանի որ իր վերջին ապտակն ավելի ուժգին էր, քան՝ Ժելուդկովի կոպալի հարվածը, ես աչքերս անմիջապես բաց արի ու կարծեմ մի թեթեւ ժպտացի էլ, եւ աչքերիս բացվելը տեսնելով՝ բոլորն սկսեցին ցնծալ, եւ ամենացնծունն ու ամենապայծառը Ժելուդկովի արցունքախառն աչքերն էին, ու ես ինձ պարզված ձեռքերից հենց Ժելուդկովի՛ ձեռքը բռնեցի, ու հենց Ժելուդկո՛վն ինձ բարձրացրեց ու ահագին ժամանակ ինձ փաթաթված՝ արցունքախառն ինչ-որ բառեր էր մրմնջում, եւ ամիսներ անց, երբ արհեստանոցումս իր թեւին վպ ջՈոցՊց ՎՈՑՖ ՐՏՊվց՚-ն էի դաջում, Ժելուդկովն ինձ նայեց ու ասաց՝ «էն խփածիս համար կներես», եւ երբ իրեն ասացի՝ «վաղուց եմ ներել», ինքը երջանկացած ասաց՝ «մի բան ասեմ՝ կհավատա՞ս», եւ երբ ասացի՝ «ասա՛», ասաց՝ «էդ իմ կյանքում առաջին դեպքն էր, որ մարդու վրա ձեռք էի բարձրացնում», եւ երբ իրեն ասացի՝ «իմ կյանքում էլ առաջին դեպքն էր, որ ինձ խփողին չպատասխանեցի», ինքը մեղմ ժպտաց ու ասաց՝ «ուրեմն, էդ օրը պատմական օր էր»:

Էդ օրն իսկապես պատմական էր հատկապես ինձ համար, որովհետեւ էդ օրվանից սկսած՝ որեւէ մեկի վրա ձեռք բարձրացրած չկամ, ու չնայած ինձ վրա է՛լ որեւէ մեկը ձեռք չի բարձրացրել, բայց շատ է պատահել, որ ինչ-որ մեկն ինձ ավելորդ բառ է ասել, եւ ես կուլ տալով էդ ավելորդ ասածը՝ խաղաղասիրաբար լռել եմ, ու բանակիցս էս կողմ որեւէ մեկի կռվազան ու թշնամական խոսքին համարժեք պատասխան տված չկամ, ու չնայած էդ թշնամական տրամադրվածները շատ հաճախ մտածել ու մտածում են, թե իրենցից վախենում եմ, ես էլ իմ հերթին մտածել ու մտածում եմ՝ թքա՛ծ, թող էդպես մտածեն, եւ զուգահեռաբար նաեւ մտածել ու մտածում եմ՝ եթե ինձ կպնելն էդ մարդկանց համար էդ աստիճանի անհրաժեշտություն է՝ թող կպնեն, եւ եթե ինձ անտեղի կպնելով՝ էդքան մեծ հաճույք են ստանում՝ թող ստանան, եւ եթե նախաբանակյան տարիներին ինձ ձեռքով կամ խոսքով կպնողներին կրկնակի ու եռակի պատասխանելուցս էի հաճույք ստանում, հիմա արդեն զիջելուցս ու չպատասխանելուցս եմ էդ նույն հաճույքն ստանում եւ երբեմն-երբեմն ներքուստ նույնիսկ ուրախանում էլ եմ, որ ինձ խփողն ինձ խփելով՝ ներքուստ ինքնահաստատվեց ու կայացավ, բայց էս ասածներս բնավ չեն նշանակում, թե բանակիցս հետո ամեն պատահած վրաս ձեռ է բարձրացրել. ընդհակառակը, էդ իմաստով Ժելուդկովն իմ կյանքում վերջինն էր, ու չնայած էս ընթացքում ինձ խոսքով խփողներ շատ են եղել, ու չնայած խոսքով խփածը հաճախ ավելի ցավոտ է, այդուհանդերձ, ես արդեն միանգամայն պատրաստ եմ էդ, ուրեմն, բոլորեքյան հարվածներին եւ արդեն դրանց միանգամայն փիլիսոփայորեն, ավելի ճիշտ՝ քրիստոնեաբար եմ վերաբերվում, եւ եթե էս ընթացքում մի երեսիս խփողին մյուս երեսս դեմ չեմ արել, պատճառն ընդամենն էն է, որ Ժելուդկովից էս կողմ վրաս ընդհա՛նրապես ձեռք բարձրացնող չի եղել, իսկ խոսքով խփողներ՝ ինչքան ասես, ու էս առումով ամենաանհարմարն էն է, որ խոսքով խփողների մեջ հաճախ գրաքննադատներ էլ են եղել ու լինում, եւ գրաքննադատներին ու գրագետներին չպատասխանելն ինձնից կրկնակի ու եռակի ջանք է խլում, քան՝ եթե պատասխանեմ ու պրծնեմ, ու գրագետներին չպատասխանելս ինձանից կրկնակի ու եռակի փիլիսոփայություն ու քրիստոնեություն է պահանջում, որովհետեւ եթե հասարակ մահկանացուների խփածներին չես պատասխանում, էդ հասարակներից տասից առնվազն մեկը ճիշտ հետեւություն է անում՝ կռահելով ու հասկանալով, որ պարզապես չցանկացար հետը գլուխ դնել, իսկ գրագետների պարագայում էդ գիտակցությունն ու ինքնագիտակցությունը պարզապես բացառվում են, որովհետեւ երբ մեր գրագետների ասածներին համարժեք պատասխան չես տալիս, իրենք որպես կանոն մտածում են՝ կամ իրենք ճիշտ են, կամ էլ՝ վախենում ես իրենցից, իսկ ամենավտանգավորն էն է, որ էս ամենը կարդալով՝ իրենք ավելի՛ ինքնավստահ են դառնալու ու միանգամայն նոր եռանդով են վրաս հարձակվելու, իսկ բան է՝ եթե իմանան, որ իրականում ոչ միայն իրենց չեմ պատասխանելու, այլեւ երբեմն-երբեմն մոմ էլ եմ վառելու իրենց խեղճ հոգիների փրկության համար, պատկերացրեք՝ սրանից հետո ինչպիսի դաժանությամբ եւ ուժգնությամբ կխփեն:

Հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի լույս ութի դրությամբ՝ ես արդեն վերջնականապես վերափոխված ու խաղաղասեր էս մարդն էի, ու էդ բանը, փաստորեն, առաջինը Կարոն ու Երոն էին կռահել եւ տագնապահար գլխի ընկել, բայց հիմա որ ինքս ինձ հիշում եմ, նախքան Կրիվոյ տեղափոխվելս՝ Մետաքսում շատ սուսուփուս ու կաշկանդված երեխա էի, ու կռվազանությունս հենց Մայոյի ջուր ծախողների խմբում ձեւավորվեց ու առաջացավ, այսինքն, Մետաքսում, ուր ծնվել ու մեծացել էի, ես համարյա էն էի՝ ինչ էսօր կամ, այսինքն, Մետաքսից տեղափոխվելուցս հետո մեկից կռվազան ու ինքնավստահ դառա ու Նալբանդյան դպրոցում էլ էի ինձ շատ ազատ զգում, որովհետեւ էս նոր տեղերում ծնողներիս ու ազգականներիս ճանաչող չկար, ու հիմա էս ամենի մասին մտածելով՝ վերջնականապես եմ հասկանում՝ ինչու են գյուղերից Երեւան տեղափոխվածներն էստեղ իրենց ավելի վստահ ու ազատ զգում, քան, ասենք, Երեւան ծնվածներս, ու նմանապես հայրենադարձներն են Հայաստանում իրենց ավելի ազատ զգում, քան՝ հայաստանցիներս, ու չնայած հատկապես էն թվերին իրենց էստեղ ախպար էին ասում, այդուհանդերձ, հենց իրենք էին էդ թվերին Մետաքսում, Արեշում ու ամենուր եղանակ ստեղծողը:

Այսինքն, ես Կրիվոյ տեղափոխվելով՝ ազատագրվեցի եւ Մայոյի խմբում ու Նալբանդյան դպրոցում եղանակ էի ստեղծում, ու չնայած իմ էդ ստեղծած եղանակները հիմնականում ամպամած ու մառախլապատ էին, այդուհանդերձ, ես միանգամայն ազատ էի ինձ շարունակ կաշկանդող հատկապես երաժշտական ու դաշնամուրային անցյալիցս ու էդ անակնկալ ազատությունիցս թեւավորվել ու էնքան էի ազատականացել, որ հաճախ ի՛նքս էի կռիվների պատճառ ու հրձիգ հանդիսանում, եւ վաթսունիննի ամռանն էլ, երբ էս նոր՝ Նալբանդյան դպրոցի իմ համադասարանցիներ Հովանի ու Նորոյի հետ Մոնումենտի այգում շատ վտանգավոր մի կռվի մեջ ընկանք, էլի սկսողը ես էի, այսինքն՝ մոնումենտցու հայհոյանքից հետո առաջինը հենց ե՛ս խփեցի, ու դրանից անմիջապես հետո գետին տապալվածն ու մոնումենտցիների քացիների տակ հայտնվածը ես էի, ու էդ ընթացքում մոնումենտցիք ավելանում ու շատանում էին, բայց ես հարմար պահը որսալով՝ ընկածս տեղից վեր կացա ու վազեցի «Արագիլ» ռեստորանի կողմը ու առանց հետ շրջվելու՝ ռեստորանի ներքեւից սկսվող մասրենիներից փշահարվելով՝ սրտատրոփ ու լեղապատառ հասա գնացքի գծերին եւ էդ ժամանակ միայն հասկացա, որ վերնաշապիկս թողել եմ մասրենիների փշերին, ու էդպես կիսատկլոր՝ վազելով հասա Պլանի գլուխ ու նոր միայն հասկացա, որ ինձ այլեւս որեւէ վտանգ չի սպառնում, ու էդ պահին մտածում էի՝ ինչպես եմ կիսատկլոր վիճակում մեր դպրոց հասնելու, որովհետեւ մեր փախուստի պահին Հովանը գոռացել էր՝ «փախա՛նք. դպրոցի հայաթ կիջնեք», եւ երբ վազելով հասա Պլանի գլուխ, մտքինս էն էր՝ թե ոնց պիտի մեր դպրոց հասնեմ, ու հենց էդ պահին Պլանի գլխի ավտոբուսների էդ վերջին կանգառում տեսա Կրիվոյի Նվերին, որ գրպանահատների իրենց խմբի հետ կանգնած էր, ու արդեն մի տարի կլիներ, որ Նվերը Մայոյի խմբից ու ջուր ծախողներիցս հեռացել եւ վերջնական ջեբկիր էր դառել:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել