Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵ՞Ն «ԲՈԳԴԱՆՆԵՐԸ»

Նոյեմբեր 27,2006 00:00

Մայրաքաղաքի տրանսպորտային պարկը կհամալրվի Ուկրաինայից ներկրված «Բոգդան» մակնիշի 77 ավտոբուսով: Երեկ «Բոգդանները» Ստեփան Շահումյանի հրապարակ էին բերվել: Ավտոբուսներին բարի երթ մաղթելու էին եկել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, «Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Գեւորգ Խաչատրյանը: Մի առիթով «Առավոտի» հետ զրույցում պրն Խաչատրյանը դժգոհել էր, որ նոր ավտոբուսների մի մասն այդպես էլ պարկում կանգնած է, քանի որ վարորդներ չունեն: Երեկ պրն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե այս նոր ավտոբուսներն է՞լ են պարկում կայանածների շարքը համալրելու: Ի պատասխան տնօրենն ասաց. «Ճիշտ է, չնայած ավտոբուսների առատությանը, վարորդների պակաս կա: Վարորդներն իսկապես քչություն են անում: Այս պահի դրությամբ ավտոբուսի վարորդ աշխատելու համար հայտարարություն է տրված: Մեզ հարկավոր են, առանց տարիքային սահմանափակման, առողջ մարդիկ, ովքեր կարող են ավտոբուս վարել»: Գ. Խաչատրյանի տվյալներով, նրանց մեկ ամսվա աշխատավարձը սահմանված է 50-60 հազար դրամ: Հիշեցնենք, որ ամեն անգամ, երբ քաղաքապետարանը ներկրված «Բոգդանների» «շնորհանդես» է կազմակերպում, քաղաքապետարանի տրանսպորտի գծով պատասխանատուները հայտարարում են, որ ավտոբուսների շահագործմամբ մտադիր են աստիճանաբար մայրաքաղաքում նվազեցնել միկրոավտոբուսների թիվը: Ինչն այդպես էլ չի արվում: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, քաղաքապետարանի պատասխանատուները վստահեցրին, որ առաջիկա երկու օրվա ընթացքում փոքր կենտրոնի՝ Թումանյան, Ամիրյան, Մոսկովյան, Տերյան փողոցներով անցնող երթուղագծերից կհանվի 360 միկրոավտոբուս: Երեւանի փոխքաղաքապետ Սլավա Սարգսյանի ներկայացմամբ, մեկ «Բոգդանն» արժե $30.600:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել