Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարը անգլիացիներին է վստահում

Նոյեմբեր 27,2006 00:00

Հայոց լեզու, գրականություն առարկայից նախատեսվող քննական նոր թեստերը, հնարավոր է, տպագրվեն եւ տեխնիկական վերջնական տեսքի բերվեն Մեծ Բրիտանիայում: «Դա ինձ համար ընդունելի դարձավ, երբ տեսա, որ Վրաստանը բոլոր առարկաների համար ծախսել է ընդամենը 50 հազար ֆունտ ստերլինգ, այսինքն՝ ինչքան որ մեր բյուջեով նախատեսել ենք՝ բավարարում է»,- ասում է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Այս մասին պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հունվարին ԿԳ նախարարի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք այցի շրջանակներում: Լ. Մկրտչյանը խիստ ոգեւորված է Վրաստանի ներդրած թեստային համակարգի փորձով եւ, ըստ ամենայնի, որոշ հարցերում կընդօրինակի վրացիներին: Իսկ վերջիններս, որ այս համակարգին են անցել 2 տարի առաջ եւ բավական լուրջ հաջողությունների են հասել՝ օբյեկտիվ քննություններ կազմակերպելու առումով, պարզվում է, քննություններն անցկացնում են Օքսֆորդի համալսարանի աշխատակիցների հետ միասին, ովքեր զբաղվում են թեստերի տպագրության, համակարգչային ծրագրերի տեղադրման եւ այլ տեխնիկական հարցերով: Եվ որպեսզի նախարարը շահի ժողովրդի վստահությունը, նոր համակարգի ներդրման սկզբից եւեթ չհիասթափեցնի նրանց, գործ է բռնում անգլիացիների հետ՝ տեխնիկական որոշ հարցեր վստահելով հենց նրանց: Նույն նպատակով ԿԳՆ-ն այս տարի բռնեց թեստերի բեռնաթափման եւ ամբողջովին մեքենայացված ստուգման անցնելու ճանապարհը: Իսկ հաջորդ տարիներին, ըստ նախարարի, հնարավոր է թեստերում տեղ գտնեն նաեւ «բաց» հարցեր, որոնք չեն ենթադրում մեքենայացված ստուգում: Հետագայում տեխնիկական հարցերի մեջ կներգրավվեն նաեւ մերոնք, մասնավորապես՝ տպագրության գործում: Մեր հարցին, թե արդյոք անվստահությա՞ն հարցն է, որ դրդել է նախարարին դիմել անգլիացիների օգնությանը՝ այն դեպքում, երբ վարկային ծրագրով նախատեսվում է ունենալ տպարան՝ հենց Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնում: Նախարարը պատասխանեց. «Տպարանը, որ նախատեսված է, իհարկե, հետագայում ունենալու ենք, մենք չենք կարող անընդհատ տպագրել դրսում»: Բայց մի՞թե թեստերի մասով ինֆորմացիայի արտահոսք կարող է լինել միայն տպարանից: Իսկ ովքե՞ր են վերջնական տեսքի բերելու թեստերը, մի՞թե ոչ մեր մասնագետները: Բացի այդ, նախարարը նախատեսում է գրավորների ստուգումներն իրականացնել հենց անգլիացիների ծրագրերով: Իսկ ինչպե՞ս է նախարարը պատկերացնում քննությունների անցկացման բուն գործընթացը: Նա վստահեցնում է, որ նախ՝ քննասենյակներում շարքերի արանքով ոչ ոք չի անցնելու, մասնագետների գոյությունը քննասենյակներում բացառվում է, իսկ աշակերտները իրարից որոշակի հեռավորության վրա են նստելու, որպեսզի միմյանց մեջ էլ հուշումները բացառվեն: Տեսնենք՝ ինչպես այս ամենը կյանքի կկոչվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել