Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՏԱԼԱԿԱՆ» ՀԱՂԹԱՆԱԿ

Նոյեմբեր 27,2006 00:00

Երիտասարդ ռեժիսոր Սիրական Աբրոյանի «Ատամի ցավ» կարճամետրաժ ֆիլմը «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչների հավանությանը չարժանանալուց հետո Իտալիայի Վերոնա քաղաքի «Սան Ջիո» միջազգային փառատոնում վերջերս ստացել է «Սան Ջիոյի ճաշակ» մրցանակ: «Սան Ջիո» փառատոնին մասնակցել է 56 գործ տարբեր երկրներից՝ Գերմանիա, Իրան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա եւ այլն: Ընդ որում, մեր տարածաշրջանից միայն Հայաստանն է ներկայացել: «Ֆիլմս «Ոսկե ծիրանի» ընտրափուլը չանցավ, քանի որ մեր «ակադեմիկ» կինոքննադատները մի քանի կադր նայելուց հետո անմիջապես «ստոպ» տվեցին: Արեւմուտքում ու Ռուսաստանում ֆիլմերս ավելի լավ են ընդունվում: Միայն ինտրիգներով լի «Սառը ընթրիքը» ֆիլմս է Հայաստանում ուշադրության արժանացել»,- նշեց ռեժիսորը, ավելացնելով, որ վերջինս 2003-ին «Սան Ջիոյի» փառատոնում շահել է Գրան պրի: Սիրականի «Ատամի ցավը» 7 րոպեանոց դոկումենտալ կոմեդիա է, որի դերակատարները իր հարազատներն են. «Մի օր փոքր եղբորս ատամը ցավում էր, իսկ մենք ողջ ընտանիքով փորձում էինք բժշկել նրան: Այդ տեսարանները ընդամենն ընտանեկան արխիվի համար էի նկարում, այն էլ սիրողական տեսախցիկով: Չէի կարծում, որ այն ֆիլմ կդառնա, քանի որ նախ եւ առաջ դերասանական խաղ չկար»: Երիտասարդ ռեժիսորը պատմեց, որ իր ֆիլմերը երբեք հովանավորներ եւ բյուջե չեն ունեցել. «Աշխարհում կան բազմաթիվ թանկ ֆիլմեր, որոնք արվեստի տեսանկյունից արժեք չեն ներկայացնում: Այնպես որ, արվեստի ուժը գերզարգացած տեխնիկայի մեջ չէ»:Սիրական Աբրոյանը նշեց, որ այժմ ինքը «միայնակ գայլի» կարգավիճակում է գործում. սեփական ֆիլմերի ռեժիսորն է, սցենարի հեղինակը, օպերատորը, ունի սեփական «Աբրո ֆիլմ» ստուդիա: Սիրականի վերջին՝ մշեցիների մասին պատմող «Սարի կանչ» ֆիլմն էլ այժմ մոնտաժման փուլում է: «Նախատեսում եմ «Սարի կանչը» ներկայացնել լայն շրջանակներում՝ Եվրոպա, ԱՄՆ, Ասիա: Ֆիլմի սցենարի զարգացման համար ինձ հետ աշխատել են շվեյցարացիները՝ «Ավանտի» ծրագրի շրջանակներում»,- ասաց հեղինակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել