Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կուզեմ քննադատություն լսել, քան՝ հաճոյախոսություն

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"«Նարեկացի» մշակութային կենտրոնում նոյեմբերի 26-ին հայրենիքում կայանալիք հայրենիքում իր առաջին մենահամերգի առիթով ասաց լիբանանահայ տենոր Գեւորգ Հաջյանը:

«Առավոտի» հետ զրույցի սկզբում երգչին խնդրեցինք ներկայացնել իր անցած ստեղծագործական ուղին: Գ. Հաջյանը հայտնեց, որ ծնունդով Լիբանանի Անճար բնակավայրից է. «Անճարը Լիբանանի միակ հայավանն է, որը բնակեցված է զուտ հայերով՝ 600 ընտանիք, 4500 շունչ: 1992-ից վոկալի դասեր եմ վերցրել Լիբանանում հաստատված հայաստանցի մասնագետ Նոնա Մազմանյանից, ուսումս զուգահեռելով Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում, այն տարիներին մեզ մոտ դասավանդող դիրիժոր Հարություն Թոփիկյանի դասարանում: Մինչեւ 2004-ը աշխատել եմ Լիբանանում, ապա Քուվեյթում՝ որպես խմբավար ղեկավարելով Ազգային վարժարանի մանկապատանեկան եւ առաջնորդարանի երկսեռ երգչախմբերը: Միաժամանակ հանդես եմ եկել տարբեր երգչախմբերում («Շնորհալի», «Գուսան», «Կոմիտաս»)՝ որպես մեներգիչ: Մենահամերգով առաջին անգամ բեմ եմ բարձրացել Անճարում: 2004-ի վերջին ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան»:

Հայրենիքում հաստատվելը երգիչը բացատրում է ուսման մեջ ավելի խորանալու իր պահանջով. «Պետք է բարձրակարգ ուսում ստանաս, որպեսզի այն կարողանաս բաշխել: Չի բացառվում, որ հետագայում էլ օգտակար լինեմ գաղթօջախներին: Հայրենիքում հաստատվելու մեկ կարեւոր պատճառ էլ կա. արաբական շրջապատում այլասերման վտանգ է սպառնում ամեն քայլափոխի, իսկ ես որդի ունեմ: Որպես հայր, պարտավոր եմ մտածել այս ուղղությամբ (որդին՝ Թաթուլը, հաճախում է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոց)»: Գ. Հաջյանը հայտնեց, որ այսօր ինքը վարպետության դասեր է վերցնում օպերային հայտնի երգիչ Բարսեղ Թումանյանից, միեւնույն ժամանակ սովորում է Երեւանի պետկոնսերվատորիայի խմբավարական բաժնում, պրոֆեսոր Իվան Վարդանյանի դասարանում: Երաժիշտը նշեց, սակայն, որ իրեն ավելի հարազատ է վոկալ արվեստը:

Նա որոշել է ուսումն ավարտելուց հետո դասավանդել Հայաստանի գյուղերից մեկում. «Մանկուց պետք է դաստիարակել սեր դեպի դասական արվեստը: Թե չէ՝ համատարած փոփ արվեստ է պրոպագանդվում, գոնե մի քիչ հայեցի լիներ: Իսկական հայկական արվեստի ներարկում չկա երեխաների մեջ: Միշտ էլ այդպես է, սատանայի գոյությունը բարու բացակայության արդյունք է: Եվ երբ հայ արվեստը կմաքրվի արաբական, թուրքական, մի խոսքով՝ այլեւայլ ելեւէջներից, օտարը չի կարողանա ներխուժել մեր մշակույթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել