Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգը մեզ համար կոմերցիա չէ»

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"«Արձագանք» խումբը չի ենթարկվում հայաստանյան շոու-բիզնեսի կանոններին

Դեկտեմբերի 2-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արձագանք» խմբի մենահամերգը՝ «Ինչ-որ մի օր» խորագրով: Խմբի անդամներ Եղիշե Պետրոսյանն ու Արտավազդ Բայաթյանն «Առավոտին» ասացին, որ տոմսեր չեն վաճառվել, իրենք գերադասել են պարզապես հանդիպում կազմակերպել ունկնդրի հետ՝ 12 տարվա ընդմիջումից հետո:

«35 տարի է հաշվվում մեր բեմական գործունեությունը: Ճիշտ է, վերջին 12 տարիներին մենահամերգ չի եղել, բայց առանձին ելույթներ ունեցել ենք, թողարկել 2 ալբոմ»,- նշեց Ա. Բայաթյանը:

«Անձամբ մեզ համար համերգներ չենք դրել (նկատի ունի, որ տարիներ շարունակ իրենց ղեկավարած «Արձագանք» ստուդիան երգիչներ է պատրաստել, ուրիշների համար ճանապարհ հարթել- Գ. Հ.), դրա համար անտիպ շատ ստեղծագործություններ են կուտակվել: Գալիս է մի պահ, երբ ներսումդ կուտակվածը ժայթքում է: Այս համերգն էլ նման մի պոռթկում է: Կհնչեն ինչպես ունկնդրին հայտնի՝ «Ծնունդդ շնորհավոր», «Չինար», «Իմ ընկեր», «Ինձ այստեղ չեն սպասում», «Վաղն ամեն ինչ կսկսվի նորից» երգերը, այլեւ նոր ստեղծագործություններ»,- ասաց Ե. Պետրոսյանը: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ տեսահոլովակներ չեն նկարում: «Մենք այս հարցում այլ կերպ ենք մտածում, ուրիշների նման չենք: Նույնիսկ սեփական ռադիոյով մեր երգերն ավելի քիչ ենք հնչեցնում: Մենք երգին որպես կոմերցիա չենք նայում, պատվերով երգեր չենք գրում, ասենք՝ մայրիկի մասին: Ու պատվիրողն էլ չի լինում մեկը, որի մայրը ծերանոցում է»,- պատասխանեց Ե. Պետրոսյանը: Նրա գործընկերն էլ շարունակելով այս միտքը՝ ասաց. «Մեր ստեղծագործությունները մեր կյանքի հետ են կապված, չենք ուզում մեր կյանքը գովազդել: Քլիպ դնել, ֆռռացնելը այն մարդկանց է պետք, ում բենզինն ուր-որ է կպրծնի, մենք էդ վախը չունենք: Մենք մեր կյանքին պոետիկ ենք վերաբերվում»:

Հարցին՝ մտահոգություն չունե՞ն, որ 12-ամյա ընդմիջումից հետո հանդիսատեսը կարող է փոխված լինել, մանավանդ հիմա շատերը նախընտրությունը տալիս են շոուին, գույնին, լույսին, ոչ թե երգի բովանդակությանն ու փիլիսոփայությանը:

«Մենք շոումեններ չենք եւ շոուի կարիք չունենք: Օրինակ, ինչքան էլ պոռնոարվեստն ու սեքսը պրոպագանդեն, միեւնույն է՝ սերը մնում է սեր: 30 տարվա վաղեմություն ունեցող մեր շատ երգեր այսօր էլ նույնկերպ կգրեինք ու կերգեինք»,- նշեցին երաժիշտները:

Ինչո՞ւ մի շարք համերգների՝ նաեւ հեռուստատեսային տարբերակով կազմակերպված, «Արձագանքը» տարիներ շարունակ չի մասնակցում, այն դեպքում, երբ տվյալ միջոցառումներին ներգրավված են անգամ ռաբիսի կատարողներ: «Այսօր մի տեսակ հետաքրքիր վիճակ է տիրում երաժշտական դաշտում: Այն բաժանվել է պալատական երաժիշտների, աղանդավորների ու նրանց, ովքեր պահանջարկ չունեն: Ավելի լավ է մենք պահանջարկ չունենանք, քան լինենք թվածս 2 խմբերում»,- պատասխանեց Ա. Բայաթյանը: Անդրադարձ եղավ նաեւ կոչումներին: Երաժիշտները կատակով ասացին, որ երեւի հիմա «մարդկանց վրա միայն բացասական ազդեցություն ունեցողներին են կոչում տալիս», եթե լիներ հակառակը, ապա հանդիսատեսին դրական էներգիա փոխանցող Արթուր Մեսչյանը կամ Ռուբեն Հախվերդյանն էլ կոչում կստանային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել