Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԵՆՆԱՆ՝ ԲՈԼՈՐ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Նոյեմբեր 27,2006 00:00

Այս տարի ինձ հաջողվեց դարձյալ մեկ օր անցկացնել Վիեննայում: \"\"Կայսերական քաղաք, որտեղ ապրել են Մարիա Թերեզան ու նրա 16 զավակները, կայսրուհի Ելիզավետան՝ Սիսին ու Ֆրանց Իոսիֆը:

Պատմությունից հայտնի անհատներ, որոնց ճակատագրերը հավերժացել են ֆիլմերում: Ավստրիայում շուրջ 7000 հայ է ապրում՝ հիմնականում բիզնեսի ու առեւտրի ոլորտի մարդիկ: Անտիկվար ապրանքների խանութներից շատերը հենց նրանց էլ պատկանում են: Նման խանութները կենտրոնացած են Քերտներ, Գրաբեն եւ Քոլմարկտ փողոցներում:

Բացի այն, որ աշխարհի երաժշտական մայրաքաղաքն է, Վիեննան հայտնի է իր ընտիր գինիներով ու հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն ընթացող «Վիեննան ու գինին» փառատոնով, որը գինիների համտեսից վերաճում է ջազային փառատոնի: Այս տարի, ինչպես ողջ աշխարհը, բնականաբար նաեւ Վիեննան, Մոցարտով է շնչում: Մոցարտյան տարվա վերջին ակորդը Վիեննայում այս օրերին ընթացող՝ New Crowned Hope փառատոնն է, որը դեկտեմբերի 5-ին՝ կոմպոզիտորի մահվան օրը, կփակվի հանրահայտ «Ռեքվիեմով»: Վիեննայում վճարելով 2 եվրո, հնարավոր է հեծանիվ վարձել ու քաղաքում շրջելուց հետո վերադարձնել ցանկացած հեծանվային հավաքակայան՝ ետ ստանալով 2 եվրոն: 6 եվրոյով էլ կարելի է օդանավակայանից ավտոբուսով կամ գնացքով քաղաքի կենտրոն հասնել ու հիանալ շշմեցուցիչ գեղեցկությամբ, ինչը եւ արեցի գործընկերներիս հետ:

Տեղացիների հպարտությունն է Մշակույթի պատմության թանգարանը, որը կառուցվել է կայսերական հավաքածուների համար: Այստեղ ներկայացված է ավելի քան 2000 գլուխգործոց՝ Ռեմբրանդտի, Ռուբենսի, Գոյայի, Ռաֆայելի, Տիցիանի եւ այլոց բնօրինակները: Պակաս գրավիչ չէ Վիեննայի օպերային թատրոնը, որի մուտքի մոտ օպերաների հերոսների հանդերձներով գովազդային բուկլետներ բաժանողների կարող ես հանդիպել: Վիեննայի օպերային թատրոնի տոմսերը մինչեւ 280 եվրո արժեն, սակայն 2-3 եվրոյով կարելի է կանգնած դիտել ներկայացումը:

1685թ. Դեոդատոն՝ հայազգի Հարություն Աստվածատրյանը, Վիեննայում հիմնել է առաջին սրճարանը: Նա Լեոպոլդ կայսեր թույլտվությամբ սուրճ է վաճառել: Սրճարանն այժմ չի գործում, բայց ամեն վիեննացի էլ գիտի, որ Ռոթենթորմ շտրասե 14 հասցեում իրենց նախնիներն առաջին անգամ սուրճ են համտեսել: Ավստրիայի գլխավոր եկեղեցին սուրբ Ստեփանոսի տաճարն է, որի մուտքի մոտ մշտապես մուրացկաններ կամ գուցե մոլեռանդ հավատացյալներ են նստած լինում: 2 շաբաթ առաջ, երբ ես Վիեննայում էի, եկեղեցու կողքին խաղաղ ցույց էին անում տեղի վետերանները, իսկ Ժանտախտի զոհերի հուշարձանի մոտ՝ դահուկորդները:

Շուրջ 40 գերեզմանատուն կա Վիեննայում, ամենահինը կենտրոնականն է՝ 3 մլն ննջեցյալով: Վերջինիս հարեւանությամբ են ամփոփված Շուբերտի, Բեթհովենի, Շտրաուսի, Բրամսի, մեծ հայասեր եւ հումանիստ Ֆրանց Վերֆելի, Ավստրիայի 7 նախագահների աճյունները: Վիեննայում բնակելի շենքերը հաճախ կարելի է շփոթել թանգարանների ու մշակույթի օջախների հետ: Բայց այստեղ ոչ բոլոր շենքերից է պատմության «հոտ» գալիս: Որոշ խանութների ցուցափեղկերից աչքով են անում «ոչ գոթական ոճի», կիսամերկ մանեքենուհիները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել